ԿարևորՀասարակություն

Հաշմանդամություն ունեցողների համար ԱԺ-ն, Ոստիկանությունը, թատրոնն ու մետրոն հասանելի կդառնան

Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի ու Ոստիկանության, Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Սունդուկյանի թատրոնի ու Մատենադարանի շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի կդառնան։

Կառավարությունը հավանություն է տվել մայրաքաղաքում պատմության ու մշակույթի հուշարձան համարվող 20 շենքերը մատչելի դարձնելու նախագծին։ Ցանկում են նաև Ազգային պատկերասրահի, Ազգային գրադարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Նկարիչների միության շենքերը, Մարզահամերգային համալիրն ու Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ ծրագիրն ընթանալու է 3 փուլով, ավարտվելու է 2026 թվականին։ Գրիգորյանն ասում է, որ շենքերն իսկապես մատչելի են դառնալու․ միայն թեքահարթակի կառույցով չեն սահմանափակվելու։

«Իհարկե, միայն թեքահարթակներ չեն լինելու։ Այսօր շատ նախնական հաշվարկներ կան, թե  ինչքան կարժենա  մեկ շենքը մատչելի դարձնելը։ Մենք թեքահարթակներն էինք նշել անպայման, վերելակներն էինք նշել, սանհանգույցները, մատչելիություն ապահովող որոշակի սարք-սարքավորումներ և կահավորանք էինք նշել, որը մեր նախնական դիրքորոշումն է, բայց, կարծում եմ, պետք է հենց իրենց՝ շահառուների հետ քննարկել և կհստակեցնենք, թե  մատչելիություն ասելով ինչ ենք հասկանում»։

«ՈՒնիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը ծրագրին դեռևս կասկածանքով է վերաբերվում։

«Ի՞նչ նկատի ունեն․ Երևանի մետրոպոլիտենը լիովին անմատչելի է, խայտառակ անմատչելի է, և այնտեղ կան բանզմաթիվ-բազմաթիվ աստիճաններ։ Ի՞նչ է նախատեսվում, վերելակնե՞ր տեղադրել։ Շատ լավ, եթե այդպես է, բայց մի քիչ կասկածում եմ, որ ներկա վիճակում դա կարող է անել մեր պետությունը»։

Քաղաքաշինության կոմիտեում մատչելիության ապահովման մեխանիզմները չեն ընտրվել։ Դավիթ Գրիգորյանը ենթադրում է, որ կոնկրետ մետրոյի կայարանների դեպքում կփորձեն գործածել միջազգային փորձը․

«Կարծում եմ՝ ամենահարմարը և տարբեր երկրներում շատ օգտագործվողը վերլակներն են, դա հնարավորություն է ստեղծում իջնել միանգամից գնացքի կանգառի մակարդակ»։

Մայրաքաղաքում միջավայրային անհարմարությունների խնդիրը հիմնականում կապվում է թեքահարթակների հետ։ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ մայրաքաղաքում թեքահարթակների առկայության խնդիրը առաջանում է մայթերի նեղ, խորդուբորդ ու աստիճանավորված լինելուց․

«Դուք անցել ե՞ք Բայրոնի փողոցով։ Բայրոնի փողոցը, որ նայում եք դեպի նրան, ոչ թե Կոնսերվատորիային, այնտեղ էդ մայթը 10-15 անգամ մի քանի աստիճան իջնում է, մի քանի աստիճան բարձրանում է։ Նկուղային հարկերում խանութներ են ավելացել, աստիճաններ կառուցվել ու մայթով դու չես կարողանում նորմալ գնալ։ Դրան գումարած մեր մայթերը շատ են զբաղված։ Մենք իրոք մայթեր չունենք, և շատ դեպքերում էդ թեքահարթակները չեն կարողանում անել նրա համար, որ արդեն մայթի լայնությունը և թեքահարթակի լայնությունը թույլ չեն տալիս իրար հետ կապել»։

Իդեալական դեպքերում թեքահարթակի երկարությունը 12 անգամ մեծ է լինում խոչընդոտի բարձրությունից։ Այսինքն՝ եթե խոչընդոտը, օրինակ, 10 սմ է, ապա թեքահարթակի երկարությունը 120 սմ պետք է լինի։ Արմեն Ալավերդյանը նշում է, որ կա նաև կոմպրոմիսային տարբերակ, երբ թեքահարթակի երկարությունը խոչընդոտի բարձրությունից մեծ է լինում 10 անգամ։

«Միակ ռեալ առաջխաղացումը մայրաքաղաքի փողոցներն են։ Իհարկե, նորից հեռու են իդեալական լինելուց, բայց գոնե անցումների գերակշիռ մասում և նաև մայթերի վրա կան թեքահարթակները, կարելի է ման գալ Երևան քաղաքով, բայց կարելի է ման գալ առանց մտնելու հանրային շենքեր»,-ասում է Ալավերդյանը։

Ալավերդյանի մտահոգությունը տարիների փորձ ունի։ Հաշմանդամություն ունեցող անձինք, օրինակ, տեսնում են, որ որևէ դպրոցում թեքահարթակ է կառուցվում։ Սկզբում ուրախանում են, հետո հասկանում, որ դա տանում է մինչև առաջին հարկ։ Դրանից հետո՝ աստիճաններ, անմատչելի դռներ, ենթակառուցվածքներ։

Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են՝ կառավարության որոշմամբ հաստատված 20 շինությունները հնարավորինս հարմարեցված կլինեն և թույլ կտան հաշմանդամություն ունեցող անձանց ավելի ակտիվ ներգրավվել հասրակական կյանքում։

Սա անելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մոտավոր հաշվարկ քաղաքաշինության կոմիտեում արդեն արել են։ Նախնական՝ խիստ միջինացված ու անորոշ տվյալներով մեկ շինությունը մատչելիացնելու համար կպահանջվի 30-70 միլիոն դրամ։

Կարդացեք նաև
Close
Back to top button