ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,-ասել է Հունանյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:

ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը մեկնաբանել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,-ասել է Հունանյանը:

Back to top button