ԿարևորՀասարակություն

Քիմիան չի մեռնում. մեկնարկել է օլիմպիադայի հանրապետական փուլը

ԵՊՀ-ում անցկացվում է «Քիմիա»-ի հանրապետական օլիմպիադա։ Կազմակերպիչներն են մայր բուհի քիմիայի ֆակուլտետը, Ֆարմացիայի ինստիտուտը և հանրապետական փուլի կազմկոմիտեն։ 

Մասնակիցները՝ 82 աշակերտ, արդեն հաղթահարել են օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը։ Օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվելու է երկու ենթափուլով՝ տեսական և փորձնական: Արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, իսկ մրցանակները հանդիսավորությամբ կհանձնվեն օլիմպիադայի փակմանը, որը տեղի կունենա մարտի 7-ին:

Դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 82 աշակերտներ  2 օր շարունակ իրենց ուժերն են փորձելու քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլում։ Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվել է տեսական փուլը՝ աշակերտներին տրվում են հարցեր, խնդիրներ, իսկ փորձնական փուլին մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կիրականացնեն փորձեր, կկատարեն եզրահանգումներ:

Գործնական փուլը անցկացվելու է վաղը։   Թեև մասնակիցների թիվը ավանդաբար շատ չի փոփախվում, որակական առաջընթացն ակնհայտ է,- հավաստիացնում է Անդրանիկ Դավինյանը։ Արդեն մի քանի տարի՝ նա է օլիմպիադայի  հանրապետական հանձնաժողովի նախագահը․

«Արդեն 4-5 տարի՝ մենք աշխատում ենք դպրոցների հետ, որպեսզի մասնակիցների որակը ավելացնենք, ու դա բավականին նկատելի է։ Երկու տարի է՝ բոլոր մասնակիցները  գործնական փուլին էլ են մասնակցում, և շատ դպրոցներում, որտեղ լաբորատորիաներ կան, մասնակիցներն արդեն պատրաստված են գալիս։ Երեխաներին էլ պետք չէ ասել, օրինակ՝ սա բյուրետ է, սա՝ պիպետ։ Բայց կան նաև դպրոցներ, որոնք աշակերտներին այդ հնարավորությունները չեն տալիս։ Ոչ շատ արագ, բայց մի քանի տարի հետո դա էլ կհաղթահարենք։ Այժմ դեռ շատ տեղ ունենք աշխատելու»։

«Քիմիան մեռնող գիտություն չէ, ավելին, առաջնահերթություն է, և դրա  վառ ապացույցը ոչ միայն առարկայական  օլիմպիադայում մեր աշակերտների առաջադիմությունն է, այլ բուհում դիմորդների թիվը»։

ԵՊՀ-ի Քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանն ասում է՝  վերջին տարիներին դիմորդների թվի աճ է նկատվում․

 «Տարբեր տարիներին շրջանավարտների քանակի մեկ աճ է նկատվում, մեկ՝ նվազում։ Բայց անցյալ տարի առաջին կուրսում թափուր տեղ չէր  մնացել։ Դպրոցներում մինչև այժմ ծրագրերն այնքան էլ հաջող չէին , շատ էին խեղդված տարբեր գիտելիքային և ոչ թե կարողունակության բաղադրիչներով։ Հավանաբար, դա էր ապտճառը, որ աշակերտները դժվարությամբ էին ընկալում քիմիայի գեղեցկությունը»։

Արմեն Գալստյանը դրական տեղաշարժ է նկատում նաև դպրոցներում, որտեղից,-ասում է,-գալիս է հիմնական խնդիրը։ Տպավորությունը, թե քիմիան, որպես գիտություն, ընդհանուր առմամաբ, բարդ է ու ոչ գրավիչ, ըստ զրուցակցիս, սխալ է։ Ճիշտ ներկայացնելու դեպքում պատկերը կփոխվի․

«Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, թե քիմիան վտանգավոր է, դրա համար են փորձում հեռու մնալ դրանից։ Հուսանք՝ այս նոր չափորոշիչների, նոր ծրագրերի ներդրումը, լաբորատորիաների հիմնադրումը դպրոցներում, փորձնական դասընթացների ավելացումը  կբերի քիմիայի  վերածնմանը։ Քիմիան, իրականում, առաջին տեղերում է, ու դա են վկայում հրապարակումները մեր գիտական հանրության՝ բարձր վարկանիշային  ամսագրերում։ Այսինքն, քիմիան չի մեռել, պարզապես չի գովազդվում այնպես, որ սպառողին, հանրությանը ավելի հասանելի լինի»։

Թյուր է նաև կարծիքը, թե քիմիկոսները չեն գնահատվում, կամ չեն վարձատրվում ըստ արժանվույն՝ ասում է ֆակուլտետի փոխդեկանը։ Հավաստիացնում է՝ կան կազմակերպություններ, որոնք քիմիկոսներին բավականին բարձր են վարձատրում՝ մինչև մեկ մլն դրամ։

Back to top button