ԿարևորՀասարակություն

Քաղցկեղի դեմ պայքարել նաև սեփական ձեռագործ աշխատանքով․ նոր հնարավորություն՝ կանանց

Մարտի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող անապահով կանանց՝ դեղորայքի ձեռք բերման համար։

Սաթիկ Զաքարյանի մոտ 2019 թ․-ին բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին։ Սաթիկի  երեխան  տասն  ամսական էր։ Պատմում  է՝ առաջին պահին սթրեսը մեծ էր, բայց ընտանիքի ու ընկերների հոգատարությունը նրան  դուրս բերեց այդ վիճակից։ Սաթիկը քիմոթերապիայի 8 կուրս է անցել,  բուժումը դեռ շարունակում է։ Դեղորայքը թանկ է, ձեռք բերելը՝ դժվար։ Պատմում է՝ տևական ժամանակ է՝ իրեն դեղորայք է տրամադրում «Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպությունը։ Վերջինիս մասին  տեղեկացավ համացանցից։

 «Վիրահատվելուց հետո  չէի կարող Հերցեպտին  դեղը գնել։ Սոցիալական  ցանցում  պատահաբար տեսա «Եվրոպա ԴոննաԱրմենիա կազմակերպության մասին,  զանգահարեցի, ու արդյունքում մինչև հիմա դեղամիջոցը տալիս են իրենք, իսկ վեց ամիսը մեկ ոսկորների համար նախատեսված դեղն եմ ստանում»։

«Եվրոպա Դոննա Արմենիա» նպատակ ունի բարձրացնել քաղցկեղի մասին տեղեկացվածությունը մեր երկրում: Տարատեսակ միջոցառումներով գումար է հայթայթում բուժվող կանանց դեղորայքի և ստուգումների համար: 

Կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը «Ռադիոլուրին» պատմեց՝ իրենց  հաջողվում է բարերարներից գումարներ ստանալ և ուղղել դրանք կանանց բուժմանը, բայց ինչ-որ պահից սկսած՝ որոշեցին ոչ միայն դեղորայքի գումար հատկացնել, այլև օգտագործել այն կանանց  ռեսուրսը, որոնք կարողանում են ձեռագործ աշխատանք կատարել։ Այսպես սկսվեց «Էվի» սոցիալական ծրագիրը:  Նվարդ Քոչարյան։

«Այն կանայք, ովքեր կարողանում են ձեռագործ աշխատանք կատարել, որոշեցինք   հենց այդ ձեռագործ աշխատանքները  նրանցից  գնել, վաճառել  և մնացած  հասույթն էլ  փոխանցել  հիմնադրամին։  Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ կանայք  բուժման ընթացքում կամ դրանից հետո դժվարությամբ են աշխատում, և թեթև աշխատանք գտնելն էլ այդքան հեշտ չէ»,-ասում է Նվարդ Քոչարյանը։

Տաթև Քոչինյանի ձեռագործ աշխատանքները թերևս ամենավաճառվողներից են։ Ասում է՝ երբ հայտնաբերվեց հիվանդությունը, ինքը չէր պատկերացնում, որ մի օր դարձյալ ձեռքը  կվերցնի ձեռագործ աշխատանքի գործիքները, բայց ընտանիքը, բարեկամները նրա կողքին  էին  ու թույլ չտվեցին միայնակ մնալ խնդրի հետ։ Տաթևը բուժման կուրսն ամբողջությամբ ավարտել է, իսկ աշխատելու դեռ շատ ծրագրեր ունի։

«Չնայած բուժումս  ավարտվել է, ու ես  այլևս դեղորայք չեմ ընդունում, բայց  շարունակում եմ աշխատել՝ օգնելով այն կանանց, ովքեր  չունեն դեղորայք ձեռք բերելու հնարավորություն»

Նվարդ Քոչարյանը նշում է, որ իրենց կազմակերպությանը կանայք շատ են դիմում, բայց  ֆինանսի սղության պատճառով միշտ չէ, որ կարողանում են օգնել։ Լուծման  ուղիներից մեկն էլ ծրագրվող բարեգործական համերգն է՝ «Կյանքը սեր է խորագրով»։

Back to top button