ԿարևորՔաղաքական

Կձևավորվի՞ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ էթիկայի խախտումների․նախաձեռնությունը ընդդիմադիրներինն է

Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովը կարող է ձևավորվել կոնկրետ մեկ դեպք քննելու համար, և ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ը պատրաստվում է ստեղծել հանձնաժողով՝ քննելու համար իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մի արտահայտությունը՝ լրագրողների հասցեին։ Սա մասնավոր դեպք է, բայց ոչ եզակի։ Կստեղծվի՞, արդյոք, հանձնաժողովը, կամ կլուծի՞ այն էթիկայի խնդիրը խորհրդարանում։  ա

Էթիկայի հանձնաժողովը չի կրթի և ավելի բարեկիրթ չի դարձնի արդեն տարիքն առած մարդկանց, սակայն խորհրդարանական գործիքակազմը պատգամավորների ագրեսիվ և անբարեկիրթ դրսևորումների դեմն առնելու այլ մեխանիզմ առայժմ չունի։ Այս ամենի գիտակցմամբ Աժ-ի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պատրաստվում է շրջանառության մեջ դնել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը՝ հուսով, որ խորհրդարանական մեծամասնությունը կողմ կքվեարկի առաջարկին:

«Գոնե այս խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի կարիք առավել, քան երբևէ, կա։ Մենք տեսել ենք, թե ինչպես է իշխանական պատգամավորներից մեկը վիրավորական հայտարարություն անում լրագրողների հասցեին, բայց այս խորհրդարանում ընդհանրապես խնդիր է պատգամավորների պահվածք, վարքագիծը։ Դուք գիտեք, որ նաև միջանցքում եղան միջադեպեր պատգամավորների օգնականների և պատգամավորների միջև։ Հետևաբար, ավելի, քան երբևէ, մենք ունենք այդ հանձնաժողովի կարիքը»։

Օրենսդիրը խստացրեց պատիժը զրպարտության և վիրավորանքի համար, մինչդեռ նիստերի դահլիճում օրենքը գրողները վիրավորում են իրար՝ որքան ասես։  Այս խորհրդարանում աղմուկն ու քաշքշոցը հասավ նաև մշտական հանձնաձողովներ․ այդպիսի միջադեպ գրանցվեց, օրինակ, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում։  

Այս խորհրդարանում էթիկայի խախտումները աննախադեպ են․արձանագրել է օրենսդիրի գործունեությունը մշտադիտարկող «parliamentmonitoring.am»-ի թիմը՝ ամփոփելով 8-րդ Ազգային ժողովի առաջին երկու նստաշրջանների աշխատանքը։ Ինչ են արձանագրել՝ պատմում է ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանը․

«Ընդհանրապես, այս 8–րդ գումարման խորհրդարանը երևի աննախադեպ էր էթիկայի խախտումներով, այնպիսի խախտումներով, որ ոչ տեսել էինք, ոչ երևակայել։ Ասենք՝ պաշտպանության նախկին նախարարը, որը խմբակցության ղեկավար է, կարող է շիշ շպրտել, ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին կարելի է գալ, քաշելով հեռացնել ու հետո կարգադրել՝ դահլիճից դո՞ւրս հանեն նրան, թե՞ թողնեն ներսում։ Այնպիսի իրավիճակներ են, որ մենք անընդհատ զարմանում ենք, թե է՞լ ուր կարող է հասնել ընդհանրապես»։

Էթիկայի հանձնաժողովը առանձնապես զսպող մարմին չէ, քանի որ Աժ-ի կանոնակարգի համաձայն՝ զսպող և պարտադրող գործառույթ չունի: Հանձնաժողովի ազդեցությունը բացառապես բարոյականության և զգացական հարթությունում է: Ենթադրվում է, որ պատգամավորը պետք է իրեն անհարմար զգա, եթե իր վարքագիծը դառնա այլ պատգամավորների քննարկման առարկա և հանրայնացվի: Հատկապես որ, հանրությունը առանց դրա էլ ծանոթ է այս կամ այն պատգամավորի վարքային դրսևորումներին․  Ստեղծված իրավիճակի պատճառը, ըստ Թագուհի Թովմասյանի, քաղաքական է․  

«Այս Աժ–ն սովորական իրավիճակում չի ձևավորվել։ Պատերազմից հետո՝ ագրեսիվ քարոզչության արդյունքում ձևավորված խորհրդարան է, և ընդդիմությունն էլ մտել է խորհրդարան։ Ընդ որում, ոչ միայն լրագրողների հանդեպ կա ագրեսիվ վերաբերմունք, այլ՝ խորհրդարանականները միջև։ Մի անգամ էլ նոնսենս է գրանցվել պատգամավորը խոսում էր ԱԺ ամբիոնի մոտ, նախագահությանը դուր չեկավ դրա բովանդակությունը, պատգամավորին ուղղակի հեռացրեցին նիստերի դահլիճից։ Այդպիսի բան երբեք չէր եղել։ Ես կարծում եմ՝ ինչքան ագրեսիվ էր նախընտրական քարոզարշավը, այնքան ագրեսիվ է այսօր գործող խորհրդարանը»։

Թագուհի Թովմասյանի նախաձեռնության առիթը, սակայն, ոչ թե պատգամավորի, այլ լրագրողների հասցեին հնչած վիրավորանքն է։ Ըստ պատգամավորի՝ կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը էթիկայի խախտում է թույլ տվել, երբ որոշ լրագրողների անվանել է «վերբալ մարմնավաճառ»։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մեջ վիրավորանք չի տեսնում։

«Եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարությունները ինձ չէի վերագրի։ Եթե ես լրագրող եմ և իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ, ասվածն ինձ չէր վերաբերի»։

Հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին և առայժմ վերջին անգամ պատգամավորների վարքագիծն ու էթիկայի նորմերը կանոնակարգման առարկա դարձան 5-րդ գումարման խորհրդարանում, իսկ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը տրվեց էթիկայի հանձնաժողովին: 4 տարվա ընթացքում հանձնաժողովը 7 անգամ է էթիկայի կանոնների խախտում արձանագրել՝ առանց զգալի հետևանքների: Որոշումներից 3-ը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, 1-ը՝ Սամվել Ալեքսանյանին: Բայց նստաշրջանից նստաշրջան վստահությունը այդ հանձնաժողովի նկատմամբ այնքան է նվազել, որ 7-րդ նստաշրջանում գրանցել էր աննախադեպ պարապուրդի ռեկորդային ցուցանիշ. ոչ մի դիմում չէր ստացվել, նիստ չէր հրավիրվել, որոշում չէր կայացվել:

Գործող՝ 8-րդ գումարման խորհրդարանում պատգամավորի էթիկային և վարքագծին  հակասող նվազագույնը 7 միջադեպ արդեն արձանագրվել է, բայց էթիկայի հանձնաժողովի ստեղծումը դեռ հարցականի տակ է՝ մի քանի պատճառներով: Նախ, որ նախագիծը, որի մասին խոսում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, դեռ պատրաստ չէ։ Երկրորդ, որ պատրաստ լինելուց հետո նախագիծը պետք է քննարկվի և արժանանա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, որտեղ մեծամասնությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն է․ կլինի՞ ՔՊ-ն կողմ  ընդդիմադիր պատգամավորի նախագծին, որը դեմ է ՔՊ-ական պատգամավորին․ հազիվ թե։

Back to top button