ԿարևորՀասարակություն

44-օրյա պատերազմում վարձկան-ահաբեկիչների մասնակցության 250 դեպք է հաստատվել․ ԱԱԾ փոխտնօրեն

Այսօր Ազգային ժողովը վավերացրել է երկու կոնվենցիա, որոնցից մեկը գործում է ԱՊՀ տարածքում, մյուսը՝ Եվրոպայի։ Մեկն ահաբեկչության կանխման մասին է, մյուսը՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության։ Առանջին հայացքից դրանք իրար չեն առնչվում,  մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում այս կոնվենցիաները համադրելի են։  

44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմող վարձկանների մասնակցության մի քանի հարյուր փաստ է հավաքագրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Տվյալները փոխանցվել են երկու ուղղությամբ, Աժ-ում հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։

«Մենք այդ տեղեկատվությունը հասանելի ենք դարձրել արտգործնախարարության խողովակներով, իսկ մեր գերատեսչության մակարդակով մենք տեղեկատվությունը հասանելի ենք դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին։ Այն համապատասխան միջոցներ է ձեռնարկել, ահաբեկիչների վերաբերյալ տվյալները՝ շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ, մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ՝ նրանց մուտքը տաբեր երկրներ հետագայում կանխելու նպատակով»։

44-օրա պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության փաստերն առայժմ իրավական որևէ հետևանք չունեն։ Թե ինչով խնդրին կարող է օգնել «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության  վավերացումը Հայաստանի խորհրդարանում, ԱԱԾ փոխտնօրենից փորձեց պարզել «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գևորգյանը․  

«Այս արձանագրության վավերացումը որևէ ձևով մեզ նոր իրավական հնարավորություն տալո՞ւ է՝ այս խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու, առաջ տանելու և դատապարտելու»։

Սամվել Հայրապետյան. «Կարծում եմ մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից։ Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց առանց այդ ընթացակարգերի էլ մեր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակում փորձել ենք միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել, բայց տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է պատերազմական հանցագործություններին կոնկրետ վարձկանների մասով»։

Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելով Հայաստանը պարզապես ամբողջովին ավարտում է հակաահաբեկչական միջազգային գործողություններին միանալու գործընթացը։ ԱԱԾ փոխնտօրենի ներկայացմամբ՝ քրեականացվում են հետևյալ գործողությունները․

«Ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբին մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը»։

Հայ-ադրբեջանական հակամարտությունն առկա է Հայաստանի խորհրդարանում վավերացված մեկ այլ միջազգային համաձայնագրում։ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը կնքվել է 9 պետությունների կառավարությունների միջև, բայց Ադրբեջանի հայտնած վերապահումով և Հայաստանի ներկայացված հատուկ կարծիքով։  

Դա տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին։ Ինչին են առարկել կողմերը՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն է պարզաբանում․

«Դա այն է, որ այս օրենքը ՀՀ կողմից չի կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ և հակառակը։ Այսինքն՝ երկուստեք չի կիրառվելու, քանի դեռ լուծված չէ ԼՂ հակամարտությունը»։

Համաձայնագիրն ասում է, որ պետք է ստեղծվեն բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, կօգնեն գիտական ծրագրերի կազմակերպմանը, կերշխավորի թանգարանացուցահանդեսային փոխանակման շրջանակներում ուղարկվող թանգարանային առարկաների պահպանությունը, ժամանակին վերադարձը և անձեռնմխելիությունը։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը խրախուսում են Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:  

«Այս հարաբերությունները կարող են ստեղծել որոշ ֆինանսական պարտավորություններ կամ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների կարիք, բայց համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է», -համապատասխան գերատեսչությունների գնահատականը մեջբերել է Ալֆրեդ Քոչարյանը։

Համագործակցության այս հիմունքներով այս տարի արդեն նախատեսվում է Գյումրիում փառատոն կազմակերպել։

Համաձայնագիրը մեկ այլ դրական կողմ էլ ունի․ ՀՀ-ն դեռ չի ընդունել թանգարանային բնագավառը կարգավորող օրենքը, ուստի, այս համաձայնագրով ոլորտի որոշակի կարգավորում է նախատեսվում։

Back to top button