Վերնատուն

Պաստառային արվեստ․ երբ «սրբերին» փոխարինելու եկան կաբարեյի աստղերը․ «Վերնատուն»

Ազգային պատկերասրահում ամփոփվեց ժամանակակից արվեստագետ, գրաֆիկ դիզայներ Կամո Նիգարյանի պաստառային գործերի ու էսքիզների ցուցադրությունը։ Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյանը դասախոսությամբ անդրադաձավ Նիգարյանի պաստառների նորարար մոտեցումներին և հայկական գրաֆիկական դիզայնի վրա նրա ազդեցությանը։

Վիգեն Գալստյանի կարծիքով՝ Կամո Նիգարյանի պաստառներն այսօր էլ կարող են արդիական դիտվել։ 70, 80, 90-ականների պաստառները, որոնք ստեղծվել են կոնկրետ քաղաքական մշակութային միջավայրում, աննշան փոփոխության դեպքում շատ համահունչ են դառնում մեր ժամանակներին։

«Լավ արվեստագետը հաճախ ժամանակից դուրս է մտածում», – ասում է նա։ Խոսելով պաստառային արվեստի պատմությունից, նրա զարգացման կարևոր փուլերից ու արդի ժամանակներում դրա գործառույթից, Վիգեն Գալստյանը նշում է, որ Եվրոպայում պաստառային արվեստի զարգացումները կապված էին արդյունաբերական ժամանակաշրջանի զարգացման և սպառողական մշակույթի ձևավորման հետ։

«Պաստառ ստեղծող արվեստագետներն համարում էին, որ իրենց գործերը նույնն են, ինչ Տինտորետոյի սրբապատկերները՝ Վենետիկի եկեղեցիներում, ուղղակի սրբերի փոխարեն, նա նկարում էր կաբարեների աստղերին։ Նա ճիշտ էր, քանի որ 19-րդ դարում սրբերին եկել էին փոխարինելու կաբարեյի պարուհիները:

Տուլուզ Լոտրեկի հանճարեղ պաստառները նրա ամենաազդեցիկ ու կարևորագույն գործերն են»։ Հայկական պաստառը նույնպես հին ավանդույթներ ունի։ Առաջին աֆիշները արվել են Կոստանդնուպոլսում։ Վիգեն Գալստյանն ասում է, որ հայկական առաջին պաստառը ստեղծվել է շատ ավելի վաղ՝ 1860 թվականին, Փարիզում՝ «Ոգի Հայաստանի» վերնագրով, որը հետո նշանային դարձավ և օգտագործվեց շատ տեղերում։

Back to top button