ԿարևորՀասարակություն

Որտե՞ղ կսովորեն Վայոց Ձորի ուսանողները․ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը դադարեցնում է ընդունելությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը այս և հաջորդ տարիներին ընդունելություն չի իրականացնի։ ԿԳՄՍ նախարարը վերջերս էր հայտարարել, որ փակման առաջարկը ստացել է բուհից։ Կրթօջախը ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն էլ ընդունել է ի գիտություն։ Սակայն մարզի միակ բուհի փակմանը դեմ այսօրվա ու վաղվա ուսանողները։ Որտե՞ղ են սովորելու Երևանում ուսանելու հնարավորություն չունեցողները։ Ինչպե՞ս է լուծվելու զորացրված ուսանողների ճակատագիրը։   

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն անհանգիստ են․  մարզի միակ բուհի գիտխորհուրդը որոշել է 2022-2023 թվականներին ընդունելություն չիրականացնել։ Նախկին, ներկա ու ապագա ուսանողներն ստեղծել են նախաձեռնող խումբ ու փորձում են պայքարել բուհի փակման դեմ։ Երրորդ կուրսեցի Շուշանիկ Դանիելյանի  խոսքով՝ բուհն այս տարիների ընթացքում ապահովել է կրթության բարձր մակարդակ։ Արդյունքը համալսարանի շրջանավարտների զբաղվածությունն է՝ տարբեր ոլորտներում։  Համալսարանի շրջանավարտների 80 տոկոսը մարզում իրենց մասնագիտությամբ  են աշխատում։  

«Այս շրջանավարտների շուրջ 80 տոկոսը մարզում գտել է աշխատանք՝ ՏԻՄ, պետական կառույցներ, հասարակական ու ապահովագրական կազմակերպություններ»։

Համալսարանի փակմանը դեմ ուսանողները տարբեր հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել գիտխորհդի ու ԿԳՄՍ ներկայացուցիչների հետ, սակայն սառույցը տեղից չի շարժվել։  Շուշանիկի խոսքով՝ բազմաթիվ հարցերի տրվել է մեկ պատասխան՝ այսօր բուհում սովորող ուսանողները ուսումը կավարտեն այս մասնաճյուղում։ Իսկ թե ինչպես կլուծվի, օրինակ, առաջին կուրսից բանակ զորակոչվածների հարցը, անհայտ է,- ասում է զրուցակիցս։

«Ուսանողները այս հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին, որ օրինակ, զորացրվածները գան ու առաջին կուրս չլինի, ի՞նչ են անելու։ Կամ ինչ է սպասվում նրանց, որոնք ուզում են ընդունվել մարզի միակ բուհ, ի՞ նչ են անելու փակվելու դեպքում»։

Այս և այլ հարցերի պատասխաններ «Ռադիոլուր»-ը փորձեց ստանալ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Ասացին, որ ուսումնառության ընթացքում բանակ զորակոչված և զորացրված ուսանողների իրավունքները վերականգնվելու են հանրապետությունում գործող կարգի համաձայն․

«Անկախ նրանից՝ կլինի՞ այդ պահի դրությամբ ակադեմիական խումբ, թե ոչ, զորացրված ուսանողների համար կձևավորվեն համապատասխան խմբեր, որտեղ նրանք կվերականգնվեն և կկարողանան շարունակել իրենց ուսումնառությունը»։

Համալսարանի տվյալներով՝ 2015-2021 թթ. Վայոց Ձորից տարեկան հանրապետության բուհեր են դիմել 220 շրջանավարտ, ընդունվել են միջինը 192-ը կամ բոլոր դիմորդների 83%-ը։ Բուհ ընդունվողների ընդամենը 10%-ն է ընդունվել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, իսկ 90%-ը նույն ժամանակամիջոցում ընդունվել է Երևանում տեղակայված բուհեր։ Համեմատության համար՝ 2020 և 2021 թվականներին Շիրակի մարզից ՀՀ բոլոր բուհերի դիմորդների 53%-ը դիմել և ընդունվել է մարզային բուհեր, Լոռու մարզում բոլոր դիմորդների 48%-ը դիմել և ընդունվել է մարզի բուհեր, Տավուշի մարզում 40%-ը դիմել և ընդունվել է մարզի բուհեր։ Վայոց ձորի դիմորդներից ընդունվողների տեսակարար կշիռը 7 տարիներին Երևան քաղաքում տեղակայված բուհերում կազմել է 83%, ՀՊՏՀ Երևանի կրթահամալիրում 81%, իսկ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այս ցուցանիշը եղել է միջինում ընդամենը 60%։

 «Ակնհայտ է, որ մարզում ավելի մատչելի տարեկան ուսման վարձ և ուսմանը հարակից այլ հավելյալ ծախսեր, օրինակ, բնակարանի վարձակալություն, հավելյալ կոմունալ և կենցաղավարման ծախսեր չպահանջող բուհի առկայության պարագայում մարզի դիմորդների շուրջ 90%-ի կողմնորոշվածությունը հենց դեպի Երևան քաղաքում տեղակայված բուհերն են։ Սա փաստում է, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, այնուամենայնիվ, չի ապահովել մարզի շրջանավարտների համար ավելի մատչելի այլընտրանքի իր գործառույթը և, որպես հետևանք, չի իրականացրել մարզի շրջանավարտների համար բարձրագույն կրթության հասանելիության ապահովման և մարզի շրջանավարտներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մարզում պահելու ռազմավարական նպատակը»։

Ստեղծված խնդիրը պայմանավորված չէ միայն նեղ մասնագիտական պրոֆիլով։ Մասնավորապես, քննությունների արդյունքներով բուհ ընդունվելուց հետո ուսման վարձը վճարած և իբրև ուսանող հրամանագրվածների դինամիկայի վերլուծությունը փաստում է, որ ՀՊՏՀ Երևանի կրթահամալիրում վերջին 7 տարիներին տարեկան միջինում առկա կրթաձև ընդունվել և ուսանող է դարձել Վայոց Ձորի մարզի 15 շրջանավարտ, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ 14։ Համեմատության համար՝ 2015-2021 թթ. Շիրակի մարզից ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ դիմորդների և ընդունվողների թիվը շուրջ 2,5 անգամ գերազանցում է նույն մարզից ՀՊՏՀ Երևանի կրթահամալիր դիմորդների և ընդունվողների թիվը։

«Ստացվում է, որ Եղեգնաձորի մասնաճյուղը անգամ մարզի՝ դեպի տնտեսագիտության, գործարարության ու վարչարարության կրթական ծրագրեր կողմնորոշված դիմորդների համար չի ապահովում ավելի մատչելի այլընտրանքի իր գործառույթը»։

Մասնաճյուղի կրթական ծրագրերի աղճատված ժամային ծանրաբեռնվածությունը, լիարժեք դրույքներով աշխատելու պարագայում աշխատավարձի ֆոնդի շեշտակի ավելացումը հնարավորություն չեն ընձեռում համալսարանին՝ լուծելու գոնե մարզի կադրերին միավորելու և վերջինների գիտական նախաձեռնություններին նպաստելու կանոնադրական նպատակները։ Ավելին, մարզում համապատասխան գիտական աստիճան և կոչում ունեցողների փոքր թիվը, մասնաճյուղում դասավանդելու ցանկություն ունեցողների թիվը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ մասնաճյուղում չեն ապահովվում կամ էական բարդություններով են ապահովվում անգամ լիցենզավորման պահանջները։ Համալսարանն ահռելի վնասներ է կրում՝ չլուծելով ո՛չ որակյալ կրթության, ո՛չ կրթության մատչելիության ապահովման, ո՛չ մարզի գիտնականների ներառման և ո՛չ էլ մարզի տնտեսական կյանքում կատարվող ու հրապարակվող հետազոտություններով դերակատարում ունենալու խնդիրները։

«Սրա  հետևանքով ՀՊՏՀ գիտական խորհրդը որոշում է ընդունել 2022-2023 ուսումնական տարվանից ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դադարեցնել ընդունելությունը»։ 

Բուհերի թիվը շատ է՝ ասում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Պետք է դրանց թիվը կրճատել, սակայն ոչ ուսանողներ կորցնելու հաշվին։ Տեղաբաշխումը պետք է լինի հավասարաչափ, պետք է մտածել մարզային բուհերի և մարզային  համաչափ զարգացման մասին։

Մարզային բուհերի գործառույթները տարբեր են։ Կրթությունից բացի, այս բուհերի գործառույթներում կարևոր է մտավորականության ձևավորումը, երիտասարդության ժամանցի կազմակերպումը, -ասում է կրթության փորձագետը։ Կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, և հիմա դժվար է երիտասարդներին կենտրոնացնել Երևանում կամ մեծ քաղաքներում։

«Այդպիսի փոքր մասնաճյուղեր պետք է գոյություն ունենան ամեն դեպքում մարզերում, որովհետև դրանք նպաստում են, որ մարզային կյանքն ավելի հարուստ լինի, մտավորականները չգնան Երևան, Վանաձոր կամ Գյումրի։ Դա նպաստում է, որ  աշխատուժը մնա իր տեղում։ Քանի որ ուսանողների մեծ մասը, երբ մարզերից գալիս է Երևան, հետո հետ չի վերադառնում»։

Բուհերը մեծ ազդեցություն ունեն հասարակական հարաբերությունների վրա։ Դրանց տեղաբաշխումը Հայաստանի մարզերում պետք է հավասարաչափ լինի,-ասում է  մասնագետը։ 

Back to top button