ԿարևորՀասարակություն

Մնալ հնարավոր չէ, դուրս գալ՝ ևս․Ուկրաինայի հայ համայնքում սպասում են հումանիտար միջանցքին

Ուկրաինայի հայ համայնքում սպասում են հումանիտար միջանցքի բացվելուն․ ահազանգում են՝ օր օրի ավելի է դժվարանում մի շարք քաղաքներում մնացած քաղաքացիներին օգնելը։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրին» ասում է՝ կան քաղաքներ, որոնցից արդեն անհնար է մարդկանց տարհանել։

«Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրերի ամենամեծ խնդիրը տարհանումն է, կան քաղաքներ, որոնք 100 տոկոսով շրջափակման մեջ են, և տարհանում կազմակերպել հնարավոր չի, օրինակ՝ Խերսոն, Չեռնիգով կամ Խարկով քաղաքներից։ Կիևից այս պահին ընդամենը մեկ ճանապարհ է բաց՝ Կիև-Օդեսա մայրուղին, բայց այնտեղ էլ արդեն բախումներ են։ Բոլորը փորձում են այդ ճանապարհով դուրս գալ․ այնտեղից գնում են դեպի հարավ, հետո հարավից դեպի արևմտյան քաղաքներ»,-պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ հայաշատ Խարկով, Խերսոն, Մարիոպոլ քաղաքներում և մայրաքաղաք Կիևում։ Դավիթ Մկրտչյանը պատմում է՝ այս քաղաքներում արդեն խանութները չեն գործում, կա նաև գազի, ջրի, սննդի խնդիր։

«Ծանրանում է իրավիճակը Դոնբասի քաղաքներում, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ էին, այնտեղ շատ լուրջ բախումներ են․ լույսի, ջրի, գազի, ջեռուցման խնդիրներ կան։ Շատ ծանր է իրավիճակն արդեն Խարկով քաղաքում․ անգամ քաղաքապետը հայտարարեց՝ քանի որ դեղատները չեն աշխատում, հատուկ ջոկատներ կլինեն, որ մարդկանց ըստ պահանջի դեղեր հասցնեն։ Օրինակ՝ Կիևում միայն կենտրոնում  են խանութներն աշխատում»։

Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչը դժվարանում է թվային տվյալներ ասել, թե հակամարտության սրման օրվանից՝ փետրվարի 23-ից ի վեր քանի հայ ընտանիք է դուրս եկել Ուկրաինայից, կամ դեռ քանի հայ կա երկրում․ պատերազմական իրավիճակում նման վիճակագրություն վարել գործնականում անհնար է։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը պատմում է՝ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում էլ դեռ հայեր կան, որոնք, չնայած վտանգին, դուրս չեն եկել։

«Քաղաքներ կան, որտեղ նույնիսկ օգնություն չենք կարողանում ուղարկել, օրինակ՝ Խարկով չենք կարողանում ոչինչ ուղարկել։ Կիևում, օրինակ, փորձել ենք կամավորական խմբեր ձևավորել, որ ծերերին կամ չունեւոր ընտանիքներին օգնենք։ Օրեցօր մեր հնարավորությունները սահմանափակվում են, կռիվ է, հնարավոր է մի օր մենք էլ չկարողանանք ոչ մի բան անել»,-ասում է Դավիթ Մկրտչյանը։

Հայ համայնքի փոխնախագահին մտահոգում է, որ հայերից շատերը դեռ չեն շտապում դուրս գալ ռիսկի գոտի դարձած քաղաքներից։ Մարտի 3-ին արդեն հաստատվեց խաղաղ բնակչության շրջանում առաջին հայի զոհվելու լուրը։ Այս պահին հայերի շրջանում վիրավորների ճշտված տեղեկություններ չկան, սակայն շատ հայեր նյութական վնասներ են կրել, ռմբակոծության հետևանքով տուն, մեքենա են կորցրել։

«Մենք խնդիրներ ունենք բոլոր տեղերում․ որտեղ կան ուկրաինացիների  խնդիրներ, այնտեղ կան նաեւ հայերի խնդիրներ։ Բոլոր այն քաղաքները, որոնց մասին խոսում ենք, այնտեղ հայեր կան, թող լինի 4 ընտանիք կամ 6 ընտանիք, բայց կան»,-ասում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Ուկրաինական Խերսոն քաղաքում ապրող Աթոյանները «Ռադիոլուրին» պատմեցին, որ իրենք արդեն դեպի երկրի արևմուտք ճանապարհին են։ Դեռ օրեր առաջ նրանք  ապաստարաններում էին և չնայած լարված իրավիճակին՝ մտադիր չէին քաղաքը թողնել, ասում էին՝ գնալու տեղ չունենք։  Լարված իրավիճակն այլ ելք չի թողել։

«Վիճակն օր օրի ավելի է վատանում, մենք էլ այսօր Խարկովից դուրս ենք գալիս, գնում ենք դեպի Լեհաստան»,-պատմում է Մարինա Աթոյանը։

Կիևում ապրող հայ ընտանիքներից մեկն էլ «Ռադիոլուրին» պատմեց՝ մինչ  այժմ հապաղել են քաղաքը թողնել, իսկ այսօր արդեն դուրս գալ չեն կարող, մնալը ևս անհնար է․ խանութները հիմնականում փակ են, բաց խանութներն էլ՝ դատարկ։ Չեն աշխատում նաև դեղատներն ու մասնավոր կլինիկաները՝ պատմում է Կիևի հայ բնակչուհին։

Ուկրաինայում ստեղծված հումանիտար խնդիրները համաշխարհային քննարկումների օրակարգում են։ Նախօրեին ռուս-ուկրաինական բարձրաստիճան բանակցության արդյունքում ձեռք բերված փոքրաթիվ պայմանավորվածություններից մեկը հումանիտար միջանցքների ստեղծման մասով էր։  

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը փոխանցել էր․

«Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայում շրջափակման մեջ են, է սննդի և բժշկական պարագաների հետ կապված դրամատիկ իրավիճակ է։ Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության»,- ասել է Պոդոլյակը:

Հակամարտող կողմերը բանակցելու սեղանի շուրջ երրորդ անգամ կհանդիպեն առաջիկայում։ Երբ՝ դեռ հստակ չէ։ Իսկ շրփափակման մեջ գտնվող քաղաքներում սննդի ու դեղորայքի պաշարն անսպառ չէ։

Back to top button