ԿարևորՀասարակություն

Մեքենաների գազաբալոնները պետք է պարտադիր փորձաքննվեն․ առանց դրա չեն կարող լիցքավորվել

Փետրվարի 18-ից ուժի մեջ են մտել օրենքի նոր դրույթներ, որոնց համաձայն՝ այսուհետ Հայաստանում մեքենայի վրա գազաբալոն կարող են տեղադրել միայն լիցենզավորված ընկերությունները։ Այս ընթացքում արդեն 5 ընկերություն ստացել է գազի բալոն տեղադրելու և ճնշափորձարկում իրականացնելու լիցենզիա։ Եւս 5-ի հայտը քննարվում է։

Գազաբալոններն այսուհետև փորձաքննվելու են 2-ից 3 տարին մեկ, ու դրա համար վարորդը կվճարի 9-13 հազար դրամ։ Չլիցենզավորված կազմակերպության տեղադրած կամ չփորձաքննված գազաբալոններն օգոստոսի մեկից գազալցակայաններում չպետք է սպասարկվեն, իսկ օրենքը շրջանցող տնտեսվարողները կտուգանվեն։

Ի գիտություն վարորդների՝ այսուհետ մեթան և պրոպան, կամ վարորդների ձեւակերպմամբ՝ օդ և հեղուկ գազով կլիցքավորվեն միայն այն մեքենաները, որոնց բալոններն անցել են պատշաճ փորձաքննություն։ Այդ փորձաքննության պահանջն օրենքով ամրագրվել եւ ուժի մեջ է մտել կես ամիս առաջ։
Գազով աշխատող ցանկացած մեքենայի բալոն պետք է փորձաքննվի այն կազմակերպություններում, որոնք ստացել են Տարածքային կառավարման նախարարության լիցենզավորումը։

Միայն դրանից հետո կթույլատրվի շահագործել մարդատար, բեռնատար և ուղևորատար փոխադրամիջոցները։

Ընդ որում՝ այդ փորձաքննությունը պետք է կատարվի պարբերաբար՝ 2-3 տարին մեկ։
Փորձաքննողի լիցենզավորման տարեկան տուրքը 100 հազար դրամ է։ Լիցենզիա ստանալու պարտադիր պահանջներ կան՝ բավականին խիստ, հայտնում է Լիցենզավորման և թույլտվության վարչության բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։

Սա միակ փոփոխությունը չէ։ Սեղմված բնական կամ հեղուկացված գազով մեքենաներում գազաբալոն այսուհետ կարող են տեղադրել բացառապես լիցենզավորված ընկերությունները։

Ինչպե՞ս է վերահսկվելու ու կարգավորվելու այս բարդ իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում, ըստ որոշ չհստակեցված տվյալների, մոտ 300 հազար մեքենա աշխատում է գազով, ու դրանց բալոնները տեղադրվել են խիստ չկանոնակարգված՝ ամեն անկյունում, շատ դեպքերում՝ անհատների կողմից։
Պատկան կառույցից «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում են, թե ինչպես են իրենք պատկերացնում այս գործընթացը։

Քայլ առաջին։ Գազաբալոնով շահագործվող բոլոր մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ փորձաքննվելու ու իրենց տվյալները նոր ստեղծվող էլեկտրոնային շտեմարանում մուտքագրելու համար։ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը։ Վարորդերն ունեն 5 ամիս՝ մեքենան ճնշափորձարկելու համար։ Սողոմոնյանը վարորդներին խորհուրդ է տալիս չուշացնել ու հիմա արդեն դիմել փորձարկման՝ հետագա հերթերում չհայտնվելու համար։

«Թե քաղաքացիները , թե ընկերությունները կարող են արդեն սկսել փորձաճնշարկել իրենց բալոնները։ Եթե գազաբալոնը տեղադրվել է վկայագրված ընկերությունում, իրենք պարտավոր էին տալ այդ բոլոր փաստաթղթերը։ Բայց հիմա մենք բավական շատ դեպքեր ունենք, որ գազաբալոնը տեղադրված է, բայց վարորդն այդ վկայագիրը չունի։ Այդ դեպքում իրենք պետք է գնան և անցնեն վկայագրումը մինչև օգոստոսի մեկը։ Վճարումը կատարվում է քաղաքացու կամ ընկերության կողմից։ Գումարը սկսվում է 9000 դրամից՝ կախված ընկերությունից»։

Եթե վարորդներին մտահոգում է նոր ծախսը՝ 9-13 հազար դրամ 2-3 տարին մեկ, ապա գազ տեղադրող ընկերություններն ու դրանով զբաղվող անհատներն անհասկանալի են համարում որոշ պահանջներ, օրինակ՝ 2020-ին տեղադրված գազաբալոնն ինչո՞ւ է պետք է նորից փորձաքննել, այն էլ՝ 2-3 տարին մեկ։ Որոշներն էլ վստահ են՝ թերի են վերահսկողական մեխանիզմները։

Մեքենաներում գազաբալոն տեղադրելու և ճնշումը փորձարկելու լիցենզիա ունի արդեն 5 ընկերություն։ Դրանց թիվն ավելանում է։ Մինչ լիցենզավորումը կային հավատարմագրված կազմակերպություններ․ դրանց տված տեղեկանքներն ուժի մեջ կլինեն մինչ ժամկետի ավարտը։

Լիցենզավորում չանցած մեքենայի գազաբալոնը չպետք է լիցքավորվի, իսկ գազալցակայանները, որոնք կշրջանցեն օրենքը, կտուգանվեն։ Դաշտը վերահսկող Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը «Ռադիոլուրին» բացատրում է՝ ինչպե՞ս պետք է գազ լիցքավորողն իմանա՝ գազաբալոնը փորձաքննվա՞ծ է, թե ոչ։

«Գազալցակայանները լիցքավորումից առաջ պետք է նույնականացնեն մեքենայի տվյալներն էլեկտրոնային շտեմարանի հետ։ Խախտումների դեպքում կկիրառվի պատասխանատվության։ Լիցենզավորման կարգի պահանջների խախտման դեպքում տվյալ կազմակերպությունը կարող է տուգանվել մինչև 200 հազար դրամով։ Եթե գազալցակայանները լիցքավորեն բալոնն առանց շտեմարանի հետ նույնականացնելու, տնտեսվարողը կտուգանվի 200 հազար դրամի չափով։

Եթե գազաբալոն տեղադրող կազմակերպությունը էլեկտրոնային շտեմարանում գազաբալոնի և տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրի կարգի խախտումով, 200 հազարից 500 հազար կկազմի տուգանքը»։

Մեքենաների տվյալները շտեմարանում տեղադրում է լիցենզավորող ընկերությունը։ Գազալցակայանի աշխատողը պետք է մեքենայի համարը հավաքի համակարգում եւ տեսնի՝ շտեմարանում այն կա, թե ոչ։ Սա նշանակում է, որ բոլոր լցակայաններում պետք է լինի համակարգիչ եւ շտեմարանի թղթային տարբերակը, եթե բացառիկ դեպքում համակարգը չգործի։ Շտեմարանը պարբերաբար կթարմացվի։ Մտահոգությունները, որ սա կարող է հերթեր առաջացնել լցակայաններում, նախարարությունում դիտարկել են։ Փորձելու են սահուն կազմակերպել։

Քանի՞ մեքենա է այս պահին գազով շահագործվում՝ նախարարությունում հաշվարկ չունեն, որոշ մասնավոր գնահատումներով՝ մոտ 300 հազար։ Երբ արդեն վերջնականապես պատրաստ լինի էլեկտրոնային շտեմարանը, որում կներառվեն գազով շահագործվող բոլոր մեքենաների տվյալները, այդ թիվն էլ հստակ կլինի։ Ճշգրտման ենթակա այս տվյալների կողքին արդեն հստակ թվեր կան․ ԱԻՆ-ի տվյալներով՝ 2017-ից մինչ օրս մեքենայի գազաբալոնի պայթելու 13 դեպք է եղել՝ 4 զոհ, 8 տուժած։

Ամենաշատ պայթյունները 2021-ին էին։ 4-ից 2-ը՝ Երևանում, 2-ը՝ Տավուշում։ Խստացվող նորմերը հենց այս մտահոգիչ իրավիճակը շտկելու նպատակ ունեն․ քանի դեռ մեքենան փորձաքննված չէ, այն մասնագետները դիտարկում են պայթյունավտանգ՝ բառի ուղիղ իմաստով։

Back to top button