ԿարևորՀասարակություն

«Մատենա» միջազգային դպրոցում մեկնարկել են առաջին դասերը

Մեկնարկել են «Մատենա» միջազգային դպրոցի առաջին դասերը, որոնց մասնակցում են բիզնես ոլորտի առաջնորդներ։  

Հայաստանում ձևավորվում է նոր կրթական մշակույթ. առաջատար ընկերությունների ղեկավարները, սեփականատերերը համախմբվել են ընդհանուր նպատակի շուրջ՝ մասնակցելու մասնագիտական զարգացման միջազգային ծրագրին։ «Մատենա»-ի և «Սկոլկովո»-ի համատեղ կրթական ծրագրին մասնակցելու նպատակով ժամանել են նաև ղեկավարներ արտասահմանյան կազմակերպություններից։

Մասնակիցներին ողջունեցին «Մատենա»-ի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Ռուբեն Հայրապետյանը։

«Բացի համաշխարհային և տեղական լավագույն փորձը ստանալը, դուք  ունեք նաև մի շատ կարևոր հնարավորություն՝ միմյանց հետ ծանոթանալու և շփվելու: Վստահ եմ, որ միմյանցից դուք շատ բան կսովորեք, քանի որ յուրաքանչյուրդ ունի իր փորձը, և այդ փորձով փոխանակվելը ղեկավարների կրթական ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից է»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց. «Հենց առաջին խմբից սկսած այսպիսի բարձր մակարդակով ներկայացվածությունը շատ կարևոր է «Մատենա»-ի համար, որովհետև մասնակիցներից յուրաքանչյուրը փորձագիտական ահռելի ներուժի է տիրապետում, և ծրագիրն ավարտելուց հետո լավագույն շրջանավարտների փորձն ու գիտելիքը ներդրվելու են նոր կրթական ծրագրեր իրականացնելու և հատկապես երիտասարդներին սովորեցնելու կարևորագույն գործում` միջազգային առաջատար գործընկերների հետ համատեղ: Միայն այդպես է հնարավոր կյանքի կոչել գերազանցությունը տարածելու մեր կարգախոսը»:

«Սկոլկովո» կառավարման դպրոցի փորձագետների և «Մատենա»-ի գործընկեր ֆասիլիտատորի անցկացրած դասընթացներին մասնակցում էին ֆինանսական, տեխնոլոգիական, արտադրական և այլ ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարներ և հիմնադիրներ:

UWC Դիլիջան դպրոցում անցկացված եռօրյա մոդուլի ընթացքում մասնակիցները հատուկ մեթոդներով անցակցվող խորքային քննարկումների միջոցով վերհանեցին այն խնդիրները, որոնց բախվում են աշխատանքային գործունեության ընթացքում, փոխանակվեցին փորձով և կատարեցին համատեղ առաջադրանքներ, որոնք կնպաստեն վերջիններիս կառավարչական և առաջնորդության հմտությունների զարգացմանը։

Ապրիլի 8-ին կմեկնարկի ծրագրի երկրորդ հատվածը, որը կանցկացնեն «Մատենա»-ի՝ դասավանդման համաշխարհային փորձ և մասնագիտական երկար ուղի անցած փորձագետները, իսկ մինչ այդ մասնակիցների հետ կաշխատեն բիզնես քոուչերը, ինչպես նաև կանցկացվեն վարպետության դասեր բիզնեսի և առաջնորդության բնագավառում համաշխարհային առաջատար գործիչների կողմից։

Back to top button