ԿարևորՏնտեսական

Գնաճի տեմպը կարագանա, Հայաստանի տնտեսությունն առավել խոցելի է․ ինչպե՞ս պայքարել

Նախ համավարակ, հետո՝ պատերազմ, այժմ էլ՝ ռուս-ուկրաինական հակամարտություն․ Հայաստանի տնտեսությունը շարունակում է  ցնցումների ենթարկվել։ Հետևանքներից մեկը գնաճն է, որը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսության համար։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ու բորսաներում գների աննախադեպ աճ է արձանագրվել։

Փորձագետները նշում են՝ Հայաստանի տնտեսությունը խոցելի է  մի քանի ուղղություններով․ նախ՝ արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ներմուծումը գերազանցում է արտահանմանը։  Բացի դրանից՝  առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից և Ուկրաինայից։ Ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով պայքարել գնաճի դեմ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում համաշխարհային շուկայում պարենի, էներգակիրների, մետաղների գները մի քանի անգամ աճել են։ Սա ռուս-ուկրաինական հակամարտության ու ռուբլու  արժեզրկման հետևանքներից է։ Միայն հացահատիկի գինը  մի քանի օրում բարձրացել է շուրջ 70 տոկոսով։  Փորձագետներն ընդգծում են՝ գնաճը ռիսկ է ամբողջ աշխարհի համար։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝

«Այս իրողությունները  համաշխարհային տնտեսության մեջ հանգեցնում են  արագացմանը, ինչն արդեն տեսանելի է․ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն է արձանագրում, որ գնաճի տեմպը կարագանա  ու ամբողջ աշխարհի վրա գնաճային ազդեցություններ կլինեն»։

Վերջին տվյալներով՝ Չիկագոյի բորսայում 1 տոննա ցորենի գինը 1150 դոլար է։ Սա պատմական առավելագույնն է, վերջին անգամ ցորենը նման բարձր գին ունեցել էր 2008–ին՝ արձանագրում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը։ Հայաստանը ցորենի առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, ներկրում է ՌԴ–ից, մնացածը՝ Ուկրաինայից ու Վրաստանից։ ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ 2021-ի ընթացքում ՌԴ–ից  28 մլն տոննա ցորեն է ներկրվել, 26 մլն տոննա շաքարավազ ու 2․5 մլն տոննա  ալյուրը։   

Համաշխարհային շուկայում գրանցված գնաճը չի շրջանցի Հայաստանը ՝ ասում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը։

«Հայաստանը ցորենի շուրջ 90 տոկոսը ներմուծում է ՌԴ-ից, մնացած մասը՝ Ուկրաինայից ու Վրաստանից։  Հետևաբար աննախադեպ գնաճը շղթայական ազդեցություն է ունենալու Հայաստան ներմուծվող հացահատիկային  մշակաբույսերի գների վրա»։ 

Հայաստանի տնտեսությունը խոցելի է  մի քանի ուղղություններով․ նախ՝   արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ներմուծումը գերազանցում է արտահանումը։ 2022 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 53.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 65 տոկոսով: Բացի դրանից՝  առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից և Ուկրաինայից։

«Ուկրաինայից թվերը այնպիսին չեն, ինչպիսին ՌԴ-ից, սակայն, զգալի է՝  մոտ 140–150 մլն դոլարի ներմուծում ենք իրականացնում՝ զգայուն ապրանքների։ Օրինակ՝ հավի սառեցված մսի մեծ մասը  Ուկրաինայից ենք ներմուծում, այս պարագայում նմանատիպ գնաճային ճնշումների է բախվում մեր տնտեսությունը»։

Գնաճային երկրաշարժ՝ կառավարության ղեկավարն այսպես է բնութագրոյմ համաշխարհաիյին շուկայի՝ վերջին երկու տարիների գնային վայրիվերումները, Էկոնոմիկայի նախարարն էլ արձանագրում է։

«Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի ինֆլյացիան բարձր չլինի, քանի որ այն վերաբերում է  ՀՀ ամեն քաղաքացու, բնականաբար, մենք ուզում ենք, որ գնաճը լինի այնքան, որքան ամրագրված է  «Պետական բյուջեի մասին» օրենքում»։ 

Երբ հաշվարկվում էր գնաճը, չկային ռիսկի այս գործոնները՝ արձանագրում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը՝ հետևաբար, այն կանխատեսած 4+-1․5  մակարդակից բարձր կլինի։  

ԿԲ-ում  դեռ դժվարանում են գնահատել, թե այս զարգացումներն ինչ ազդեցություն կթողնեն գնաճի վրա։ Գործոնները շատ են, իսկ դրանց տատանողականությունը՝ բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել բոլոր գործոնների ազդեցությունը, ինչը, ըստ ԿԲ-ի մասնագետների, հնարավոր կլինի իրավիճակի որոշակի կայունացման  պայմաններում։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ այս փուլում պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը՝  պարենի խնդիրները նվազեցնելու համար։ 

Նրանց գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի չմշակվող հողերը հնարավորինս կրճատելու համար։ Տարբեր հաշվարկներով դրանք այժմ 40-50 տոկոս են կազմում։ Գնաճի թռիչքաձև աճով մտահոգ են նաև Եվրոպայում։ Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը հատկապես մտահոգված է էներգակիրների գներով։ Ռուսաստանն  այս շուկայում  առանցքային դերակատարում ունի։

Մերի Հովսեփյանն ընդգծում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեսնում ենք, որ համաշխարհային շուկայում էներգակիրների  գները կտրուկ բարձրացել են։ Նավթի ու գազի գների մասով նույնպես ունենք էական աճ»։

Տնտեսության հնարավորինս դիվերսիֆիկացում․ ըստ փորձագետների առաջին անհրաժեշտ քայլերից մեկն  է, սակայն ամենակարևորն այս պահին իրավիճակի կայունացումն են համարում։  

Back to top button