ԿարևորՀասարակություն

Արտագնա աշխատանքից մինչև ներկրում ու արտահանում․ ռուսական սահմանափակումների հայկական հետևանքները

Արևմուտքը շարունակում է ընդլայնել  Ռուսաստանի դեմ սահմանափակումների փաթեթները՝ փորձելով երկրի ֆինանսական, տնտեսական համակարգերը մեկուսացնել արտաքին աշխարհից։ ԱՄՆ-ն արդեն հայտնել է, որ պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի 22 պաշտպանական ձեռնարկությունների, Ռուսաստանի և Բելառուսի բանակի ֆինանսավորման ոլորտում ներգրավված ընկերությունների նկատմամբ: Աշխարհի խոշորագույն և Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող որոշ ընկերություններ աստիճանաբար լքում կամ նվազեցնում են իրենց  ներգրավվածությունը ռուսական շուկայում։ Պատժամիջոցներին հաջորդում են ռուսական հակաքայլերը։ Վլադիմիր Պուտինը հրամանագրով արգելել է 10 հազար դոլարից ավելի գումարի դուրսբերումը Ռուսաստանից։ Տնտեսագետները համոզված են, որ  այս զարդգացումներն ազդելու են  Հայաստանի տնտեսության վրա։ Թիրախում, նրանց կարծիքով,  արտագնա աշխատանքով զբաղվողներն են, նաև՝ արտահանման ու ներմուծման ոլորտները։

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակում Արևմուտքը ռուսական մի քանի բանկեր անջատել է SWIFT համակարգից։ SWIFT-ը  համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունը, միավորում է 200 երկրների 11 000-ից ավելի բանկեր և ֆինանսական կազմակերպություններ։ Սրա միջոցով կազմակերպությունները գործարքների մասին իրար տեղեկատվություններ են փոխանցում։ Համակարգին 300-ից ավելի ռուսական ֆինանսական կազմակերպություն էր միացել: Հիմա դրանցից որոշները միջազգային ֆինանսական հաղորդակցությունից զրկված են, այդ թվում՝ Հայաստանում ներկայացված VTB բանկը։

Փետրվարի 25-ին բանկի հայաստանյան գրասենյակը հայտնել էր, որ կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա: Այդ ժամանակ բանկից օգտվողները գումարի կանխիկացում կարող էին կատարել ցանկացած բանկոմատից։ Երեք օր անց Կենտրոնական բանկը հայտնեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Դրանից 3 օր անց բանկի որոշ հաճախորդներ կանխիկ գումարի հասնալիության հետ կապված դժվարություններ են ունեցել։ Բանկը պարզաբանել է․

«Կանխիկի ստացումը հասանելի չէ Ինեկոբանկ, Յունիբանկ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և HSBC Բանկ բանկերի բանկոմատներից։ Քարտապանները կարող են կանխիկ դրամական միջոցներ ստանալ ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկի, այնպես էլ ՀՀ մյուս բանկերի բանկոմատներից»։

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները բազմաոլորտ ու բազմակողմանի են։ Աշխարհի խոշորագույն և Ռուսաստանի տնտեության վրա ազդեցություն ունեցող ընկերությունները, օրինակ՝ Mercedes-Benz Group-ը, BMW-ն,  Disney, Warner Bros և Sony Pictures Entertainment ընկերությունները, Apple-ը, Nokia-ն և մի շարք այլ ընկերություններ, աստիճանաբար լքումեն Ռուսաստանը կամ նվազեցնում են ներգրավվածությունը  ռուսական շուկայում։ Զուգահեռարար շարունակում է անկում ապրել ռուսական ռուբլու փոխարժեքը։  Տնտեսագետները վստահ են, որ ռուբլու արժեզրկումն ու Ռուսասատանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները լուրջ ու խորքային հարվածներ են հասցնելու նաև Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ առաջին ու հիմնական հարվածը զգալու են Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցներն ու նրանց հարազատները։

«Քանի որ աշխատատեղերի քանակը սահմանափակվում է, պահանջարկ չի լինելու Հայաստանյան  աշխատուժի նկատմամաբ, և շատ մեր հայրենակիցներ, ովքեր սովորության համաձայն ամեն տարի մեկնում էին արտագնա աշխատանքի, այս տարի ըստ էության չեն ունենա այն ծավալը, չեն ունենա ինչ նախորդ տարիներին։ Փոխանցումները, որ արվում են դեպի Հայաստան մեր ռուսաստանաբնակ հայազգի հայրենակիցների կողմից տրանսֆերների տեսքով ըստ էության այն գնողունակությունը չեն ապահովի Հայաստանի բնակչության համար»։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարծում է, որ հաջորդ խնդիրը ակնառու կլինի որոշ ժամանակ անց և կվերաբերի արտահանման սահմանափակումներին․

«Մյուսը արտահանման էական սահմանափակումն է։ Այսօր որոշ տնտեսվարող սուբյեկտներ արդեն հայտարարում են, որ առկանխում են որոշ խմբաքանակների առաքում, մեր ապրանքները ռուսական շուկայում մի քանի օրվա մեջ դարձան 40-50 տոկոսով թանկ ավելի, ինչը այդ ապրանքները շուկայից դուրս մղելու, ներքին արտադրությամբ փոխարինելու ռիսկ է մեզ համար պարունակում»։

Հայաստանում խնդիրներ կարող են առաջանալ նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծման պատճառով։ Արևմուտքի հետ սահմանափակումները թույլ չեն տա ռուսներին այդ ուղղությամբ  արտահանել իրենց արտադրանքը, և դրանք սպառելու համար գուցե ընտրվի հայկական շուկան։

«Մեր արտադրողները ռուսական ընկերությունների հետ մեր շուկաներում շատ ավելի դժվարությամբ կարող են մրցակցել։ Շատ դասագրքային օրինակ է գյուղատնտեսույթունը, գյուղմթերքների շուկան։ Մեքն ունենք գյուղատնտեսությունում ոչ  էֆֆեկտիվ արտադրություն, դա գաղտնիք չի, և հիմա 40-50 տոկոս արժեզրկման պարագայում ռուբլու մենք ըստ էության արհեստականորեն բարդ վիճակում է հայտնվում մեր ապրանքարտադրողը։ Էժան գյուղմթերքները կարող են ողողել մեր շուկաները ու դա լուրջ խնդիր է, ոչ միայն գյուղմթերքների առումով կլինի»։

Մասնագետները կարծում են, որ անկախ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքից՝ սահմանափակումները կարող են երկար շարունակվել։ Ասում են՝ պատժամիջոցները միշտ էլ հեշտությամբ ընդունվում, դժվարությամբ հանվում են։ Արմեն Քթոյանի կարծիքով՝ սրանք հետագայում ոչ միայն տնտեսական, քաղաքական հետևանքներ են ունենալու, այլ նաև նպաստելու են աշխարհում գլոբալիզացիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Տնտեսագետների խոսքով՝ որքան մեծ է շուկաների փոխկապակցվածություն և փոքր՝ ինքնիշխանությունը, այնքան դժվար է անկանխատեսելի իրավիճակներից ելքեր գտնելը։

Back to top button