ԿարևորՎերլուծական

«Սպիտակ քրիստոնյաններին» Եվրոպայում սպասում են․ քաղաքագետ

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինայի տարածքը։ Հիմնականում  արտագաղթում են դեպի ԵՄ արևելյան երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել զենքերը լռեցնել՝ Ուկրաինայում միլիոնավոր մարդկանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Այսպես կոչված՝ «սպիտակ քրիստոնյաններին» Եվրոպայում  սպասում են․ Արևմուտքի շատ երկրներ դեմոգրաֆիկ խնդիրներ ունեն և պատրաստ են ընդունելու ուկրաինացի փախստականներին՝ շուկայում էժան աշխատուժի  հարցը լուծելով։ Եվրոպացի փորձագետների մի խումբ արդեն մատնանշում է կրոնական, էթնիկ պատկանելությանն առնչվող խտրական վերաբերմունքի մասին։ Ոչ վաղ անցյալում, սիրիական ճգնաժամի հետ բախվելով, շատ երկրներ հրաժարվում էին մահմեդական արաբների առաջ դռները բացել, ուկրաինացիների նկատմամբ Արևմուտքում վերաբերմունքը այլ է․ Եվրոպայի երկակի ստանդարտները նույնիսկ փախստականներին առնչվող հարցերում են դրսևորվում։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

«Եվրոպայում քրիստոնյա ուկրաինացիներին համարում են քաղաքակիրթ և գերադասում են մահմեդականներից ու արաբներից։ Մենք հասկանում ենք, որ երկրորդ, երրորդ սերունդներում փախստական ուկրաինացիները կդառնան ֆրանսիացիներ, լեհեր և այլն։ Երբ մշակութային տարբերությունները չնչին են, հասարակությունների միջև ինտեգրումը արագ է տեղի ունենում»։ 

Ռազմական գործողությունների 8-րդ օրն արդեն մեկ միլիոն մարդ է լքել Ուկրաինայի տարածքը, այդ  թվում՝ օտարերկրացիներ։ Սահմանակից եվրոպական պետությունները մեծ միգրացիոն ճգնաժամի առջև են կանգնած, բայց և հայտարարում են բաց դռների քաղաքականության մասին։

ԵՄ անդամ բոլոր 27 երկրները համաձայնել են ընդունել ուկրաինացի փախստականներին՝ չկիրառելով ապաստան տրամադրելու ստանդարտ, հաճախ երկար ձգձգվող ընթացակարգը։ Այս որոշումն ընդունվել է միաձայն՝ ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով։  Եվրահանձնաժողովն արդեն կոչ է արել անդամ երկրներին՝ կրճատել բյուրոկրատական քաշքշուկները պատերազմից փախուստի դիմած Ուկրաինայի քաղաքացիների համար:

Թե որքանով է հին աշխարհամասը պատրաստ դիմակայելու վերջին տարիների ամենամեծ հումանիտար ճգնաժամին, թերևս, ժամանակը ցույց կտա։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ուկրաինայից արտագաղթը մեկ այլ մտահոգիչ հարթության վրա է դիտարկում։

«Ուկրաինայում մինչև պատերազմն էլ սոցիալական վիճակը բարվոք չէր, և ստեղծված իրավիճակում, երբ հայտարարվում է 7 միլիոն փախստական ընդունելու պատրաստակամության մասին, ուշ թե շուտ, երկիրը լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Ուկրաինական պետության տարածքը լքում են հիմնականում կրթված երիտասարդները, որոնք որոշ ժամանակ Եվրոպայում հաստատվելուց հետո, պարզապես չեն ցանկանա հայրենիք վերադառնալ։ Փախստականների արտագաղթը չի սահմանափակվի նշված որևէ թվով, ի վերջո, Ուկրաինան կզգա այդ խնդրի հետ, երբ երկիրը դատարկվում է»։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով՝ Կիևը 2014 թվականից հետո աշխարհաքաղաքական հարթությունում չի կարողացել ճիշտ բալանսավորել երկրի արտաքին քաղաքական կուրսը։ Չեզոք դիրք զբաղեցնելու փոխարեն, Ուկրաինան հայտնվել է քաղաքական տուրբուլենտության գոտում, որտեղ բախվում են Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը։ Ստեփան Դանիելյանը հումանիտար ճգնաժամի և քաղաքակրթական տիրույթում է դիտարկում նաև հումանիտար մակարդակում թշնամու կերպարի «դեմոնիզացումը, ինչն  այսօր բնորոշ է Եվրոպային․    

 «Կան դեպքեր, երբ Իտալիայում քացկեղով հիվանդ ռուս երեխաներին հրաժարվել են բժշկական օգնություն տրամադրելուց, կրթական հաստատություններում Դոստոևսկու մասին դասընթացներն են չեղարկում։ Նման դրսևորումները բնորոշ են պատերազմային իրավիճակներին։  Սա հումանիտար խնդիր է, երբ մարդիկ, ապրելով Եվրոպայում, իրենց ազգային պատկանելության պատճառով թիրախավորվում են»։

Ինչպես երբեք՝ այս օրերին ուկրաինացիներին սատարելու մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչում եվրոպական բարձր ամբիոններից։  Դրանք, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, վկայել Արևմուտքի կողմնակալ վերաբերմունքի մասին։ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մարտի 2-ին, իրադրությունը «չափազանց հիվանդագին» և ուկրաինացիների համար բարդ բնորոշելով, հայտարարել էր, թե «Եվրոպան, պետք Է լինի ուկրաինացիների կողքին, նրանց ընդունի, ապահովի ուկրաինացի ժողովրդի արժանապատվությունը, եւ գործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Ուկրաինային քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն ցույց տալով։ Եվրահանձնաժողովն էլ հայտարարել Է Ուկրաինայից փախստականների ընդունման համար պաշտպանության հատուկ մեխանիզմի ակտիվացման և մարդասիրական գործակալությունների կողմից գրեթե 2 միլիարդ դոլար հայթայթելու և տրամադրելու մասին։ Այս հայտարարությունները, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, վկայում են Արևմուտքի կողմնակալ վերաբերմունքի մասին։

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մեկ միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինայի տարածքը։ Հիմնականում  արտագաղթում են դեպի ԵՄ արևելյան երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել զենքերը լռեցնել՝ Ուկրաինայում միլիոնավոր մարդկանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Back to top button