ԿարևորՔաղաքական

Նոր նախագահը սպասում է երդման հատուկ նիստին, ընդդիմությունը՝ դժգոհում նրա հասարակ պահվածքից

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի մարտի 12-ին։

Սահմանադրության 127 հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրությամբ ընտրված նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում  ժողովրդին տրված երդմամբ, որով պարտավորվում է հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում:

Վահագն Խաչատուրյանը ՀՀ 5-րդ նախագահն է։ Խորհրդարանում ընտրվեց երկրորդ փուլով՝ ստանալով 71 կողմ ձայն։ Քվեարկությանը մասնակցել է միայն խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր բոյկոտի մասին։

ԲՏԱ նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը  հանրապետության նախագահ դարձավ և Բաղրամյան 26 կտեղափոխվի բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկության շնորհիվ, այնուամենայնիվ, պնդում է՝ փորձելու է դառնալ բոլորի նախագահը, այդ թվում՝ ընդդիմության։   

«Իրենց էլ պետք է լսել, իրենց կարծիքն էլ պետք է հաշվի առնել և ընդհանուր եզրեր գտնել։ «Հանուն պետությանն ու հանուն պետականությանը» հենց դա է նշանակում, որ ցնցումներից հեռու պահենք երկիրը, հասարակությունը։ Այն, ինչին ենթարկվել ենք, կարծում եմ, այնքան երկար տարիներ մեզ բավարար է, որ հիմա մեզ հանգստություն է հարկավոր։ Մեզ հարկավոր է միասնություն, իրար լսելու ցանկություն և ավելորդ պրովոկացիոն հայտարարությունների ու պահվածքի անհրաժեշտություն չկա»։

Ընդդիմությունը մինչդեռ ոչ ԱԺ-ի դահլիճում էր, ոչ էլ քվեարկության սրահում։ Երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլը նույնպես բոյկոտեցին՝ հիմնավորումներով, թե չեն ցանկանում լեգիտիմացնել ընտրությունը։ Հանրապետության նորընտիր նախագահի հետ հանդիպելու և խոսելու ցանկություն չեն հայտնում, ավելին՝ քննադատում են նրա՝ ընդդիմադիրների ձեւակերպմամբ հասարակ պահվածքը։ Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ և պարզապես, ըստ հայտարարագրի, մեծ կարողությունների տեր պատգամավոր Վահե Հակոբյանի աչքին շատ պարզունակ է թվացել Վահագն Խաչատուրյանի ներկայանալու ձևը։ Պատգամավորը կարծում է՝ նման կեցվածքը խոսում է անձի կշռի մասին։

«Այս քանի օրը գալիս-գնում է ու, ճիշտն ասած, այնպիսի տպավորություն է, որ ոչ թե նախագահի թեկնածու է, այլ որևէ հանձնաժողովի հերթական, շարքային անդամ է։ Այսպես գալիս է, նստում է։ Բայց դե նախագահի թեկնածու է, չէ՞, վերջ ի վերջո։ Պետք է իրենց երևի պատշաճ ձևով բերեն ներկայացնեն։ Նրան երևի թե պետք է տանեն Աժ նախագահի աշխատասենյակ, սուրճ հյուրասիրեն, հետո այն ժամանակ հրավիրեն դահլիճ, երբ իր հարցն է քննարկվում կամ ինքը ելույթ պետք է ունենա»։

Մինչդեռ ԱԺ-ի ամբիոնից ինքը՝ Վահագն Խաչատուրյանը, շեշտում էր՝ Հայաստանում բոլորը հավասար են, այդ թվում՝ նաև հարկերի վճարման տեսանկյունից։  

Խորհրդարանում շատ են սկսել խոսել «ակտիվ անգործունեություն» ձևակերպման մասին։ Ըստ իշխանական պատգամավորների՝ ընդդիմությունն տարատեսակ բոյկոտները հենց դրա դրսեւորումն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան․

«Ինչպես նախկին իշխանությունը խլում էր քաղաքացիների մանդատը, այսօր էլ խլել են քաղաքացիների ընդդիմադիր մանդատը։ Ընդդիմության ընտրողներ՝ 300 հազար քաղաքացիներ, դուք կարող եք սիրել կամ չսիրել մեզ, ակնհայտաբար, մեզ չեք ընտրել, ընտրել եք ձեր նախընտրած ուժին, որպեսզի նրանք ձեզ ներկայացնեն։ Ես հիմա ուզում եմ հարց տալ՝ արդյո՞ք դուք ներկայացված եք ՀՀ ամենակարևոր քաղաքական գործընթացի մեջ։ Դուք ներկայացված չեք։ Ճակատագրի հեգնանքով ստացվում է, որ ընդդիմությունն այս 300 հազար քաղաքացու մանդատը խլել է։ Այսինքն՝ ստացել է մանդատ,որպեսզի ներկայացնի այդ քաղաքացիներին այստեղ , բայց չի ներկայացնում»։

Իշխանությունը հայտարարում է՝ նախորդ իշխանության ժամանակ եւս նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն եւ լեգիտիմ համարվեց, ուստի այս դեպքում եւս ընտրությունը լեգիտիմ է։ Իսկ ընդդիմադիր գործիչներին ուղղված անգործության մեղադրանքներին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Վահե Հակոբյանը հակադարձում են․

Արթուր Վանեցյան . «Պատգամավորի գործունեությունը գնահատում են ընտրողները։ Նրանք կգնահատեն և իրենց խոսքը կասեն»։

Վահե Հակոբյան. «Մեր մենք գործունեությունը համարում ենք նորմալ։ Այս կամ այն գործընթացին չմասնակցելը կամ բոյկոտելը խմբակցության որոշումն է, որը կայացնում է խմբակցությունը, և մենք ընդունում և հարգում ենք այդ որոշումը»։

«Ակտիվ անգործունեության» մասին խոսում է նաև նորընտիր նախագահը՝ համոզված, որ Սահմանադրությունը տալիս է լայն լիազորություններ, որոնք չեն օգտագործվել և որոնք գործիքակազմ են ակտիվ աշխատանքի համար։

«Երեք դեպք կա կամ ստորագրում եք փաստաթուղթը, կամ ուղարկում եք ՍԴ՝  սահմանադականության վերաբերյալ մեկնաբանության, կամ «ակտիվ անգործունեություն»։ Շատ լավ ձևակերպում է, իմիջիայլոց։ Այդ տիպի անգործունեությունն ինձ համար ուղղակի անընդունելի է»։

Վահագն Խաչատուրյանը հանրապետության նախագահի պաշտոնում կփորձի հնարավորինս քիչ դիմել ՍԴ՝ խոստանում է։ Սա չի նշանակում, որ պատրաստվում է ամեն ինչում համաձայնել գործադիրի կամ օրենսդիրի հետ, պարզապես փորձելու է խնդրահարույց հարցերը լուծել նախապես․

«Իսկ ո՞վ ասաց, որ իրար հետ պետք է չաշխատեն՝ մեկը մի շենքում նստի, մյուսը էն մյուս շենքում, մեկն էլ՝ երրորդ տե՞ղ ու սկսեն իրար հետ կռվել ու դա համարեն նորմալ կառավարո՞ւմ։ Ես համարում եմ դա աննորմալ և անթույլատրելի երևույթ։ Այն, ինչ տեղի է ունենում  ներքին «խոհանոցում», չեմ կարծում, որ պարտադիր է, որ հանրությունը դրա մասին իմանա։ Նախագահի ինստիտուտի աշխատանքն այլ կերպ եմ պատկերացնում։ Ցանկացած փաստաթուղթ մինչ ստորագրելը, այդ փաստաթղթին առնչվող աշխատանքներ նախագահականում պետք է նախապես իրականացվեն։ Այսինքն՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնության դեպքում նախապես այդ ինստիտուտների հետ աշխատել և եթե խնդիր է առաջանում, այդ խնդիրները քննարկման առարկա դառնան և չհասնի նրան, որ ստորագրման այո կամ ոչ-ի խնդիր դառնա»։

Վահագն Խաչատուրյանի պատկերացմամբ՝ նախագահը պետք է մշտադիտարկի Սահմանադրության պահպանումը և պարբերաբար արդյունքները ներկայացնի հանրությանը՝ որ դեպքում և ինչի համար է փորձ արվել խախտել կամ խախտվել Սահմանադրությունը։  

Աշխատանքային իր պատկերացումները Հայաստանի 5-րդ նախագահը կկարողանա կյանքի կոչել մարտի 12-ից, երբ պաշտոնը ստանձնելու համար հատուկ նիստ կգումարվի։

Back to top button