Սփյուռքի ձայնը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի այցը Ֆրանսիա համայնքի որոշ կառույցների վրդովմունքն է առաջացրել․ «Սփյուռքի ձայնը»

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը մերժել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման առաջարկը։

Հանձնակատարը վերջերս այցելել էր Ֆրանսիա՝ հայ համայնքի հետ հանդիպումներ էր ունեցել, լսել խնդիրները, համատեղ ծրագրեր մշակելու նպատակներ ունեցել։

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հանձնակատարի այցը վտանգավոր է որակել, «քանի որ Սփյուռքը պառակտելու նպատակ ուներ»։

Փափազյանը վստահ է, որ նորաստեղծ հայկական կազմակերպությունները աղավաղելու են Սփյուռքի գլխավոր ու փորձ ունեցող կազմակերպությունների դերը, նաև թուլացնելու նրանց դերակատարությունը»։

Զարեհ Սինանյանը նշում է, որ այս այցը ճանաչողական էր, որի մասին իրենք նախապես տեղյակ էին պահել նաև խորհրդին։ «Դեռևս մի քանի տարի առաջ էր նախատեսված այս այցը, սակայն Ֆրանսիայում ընտրությունները, հետո համավարկն ու 44-օրյա պատերազմը հետաձգեցին մեր ճանաչողական այցը Ֆրանսիա»,- ասում է հանձնակատարը։

Սինանյանը հայտնեց, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել են իրենց այցի մասին, նաև հանդիպումների օրակարգը, որից համակարգող խորհուրդը տեղեկացել է այլ կազմակերպությունների հետ ևս հանդիպելու իր ծրագրերի մասին։

Գլխավոր հանձնակատարը կարծում է, որ խորհրդի ղեկավարների քաղաքական նախասիրությունները արդեն երկար տարիներ վնասում են ընդհանուր գործընթացին։ «Կա համակարգող խորհուրդ և կան համակարգող խորհրդի ղեկավարներ, որոնք բռնանում են կազմակերպությունների աշխատանքների արդյունավետ իրականացմանը ու բոյկոտում նոր ու թարմ մտքերն ու որոշումները»։

Մուրադ Փափազյանը հակադարձում է` չորս և ավելի տասնամյակ իրենք Ֆրանսիայում բարձր մակարդակով ներկայացրել են Հայաստանի և հայության խնդիրները։

«Մեզ ճանաչում են կառավարական օղակներում, մեր ամենամյա ընթրիքին մասնակցում են պետական պաշտոնյաները, նաև նախագահը»,- ասում է Փափազյանը։

Ի դեպ, հանձնակատարի այցելությունը պլանավորված էր այն ժամանակ, երբ պետք է անցկացվեր նաև ամենամյա ընթրիքը։ Սակայն, ինչպես նշում է Զարեհ Սինանյանը, այցելությունից մեկ շաբաթ առաջ իրենց լուր են տվել, որ իրենց այցն անցանկալի է։

Ֆրանսիայի համայնքը և կազմակերպությունները տարիներ շարունակ համախմբված և համատեղ գործող կառույցներ են եղել, աշխատել են Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի շահերի օգտին, ասում է Մուրադ Փափզյանը։

Զարեհ Սինանյանը հակադարձում է` համայնքի շատ ներկայացուցիչներ այս կառույցի անգործության պատճառով չեն մասնակցում որևէ գործընթացի։

«Եթե կազմակերպությունը կայուն և գործուն է, չպետք է վախենա նորաստեղծ ուժերից»,- նշում է հանձնակատարը։

«Այս կազմակերպությունները ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից՝ նրանց տեսակետները մատուցելու և Սփյուռքը կառավարելու համար»,- պատասխանում է Փափազյանը։

Իսկ թե ովքե՞ր են ընդգրկված ֆրանսահայ նորաստեղծ կազմակերպությունում, ինչո՞ւ այն դուր չի գալիս համակարգող խորհրդի համանախագահներին, արդյո՞ք ֆրանսահայ համայնքի և Սփյուռքի հանձնակատարի հանդիպումների հիմնական թեման հայ-թուրքական խնդիրն է եղել, ինչպես պնդում է Մուրադ Փափազյանը․ լսեք հաջորդ հաղորդման մեջ։

Back to top button