Գերդաստաններ

Երիտասարդ ռեժիսորը գերադասեց հանրահայտ տատիկի անունը դարձնել իրեն ազգանուն՝ Տիգրան Մետաքս․ «Գերդաստաններ»

Երկարահյուս, նրբին, գեղեցկատես մի աղջիկ տարիներ առաջ օրեր շարունակ միշտ նույն ժամին նստում էր այգու նստարանին, որտեղով անցնում էին իր համար կարևոր դեմքեր։ Աղջնակը միշտ մի զարմանալի զգացում էր ունենում. ուրախանում էր ու միաժամանակ տխրում։ Երբեմն նրան հարցնում էին, թե ո՞ւմ է այդպես  հետաքրքրությամբ նայում. «Դերասաններին»,- խորհրդավոր ձայնով  պատասխանում էր։

Տարիներ անց, երբ այս  աղջիկը հասուն կին էր ու հանրահայտ դերասանուհի, այս ամենը դառնում է գեղեցիկ հուշ։ Եվ արդեն նույն տեղում այլ աղջիկներ են նստում ու երազանքներով լցված խոսում Դեզդմոնայի, Նինայի  դերակատարումների մասին։

1915թ․-ին, երբ Բիթլիսում կոտորածներ էին, Արուսյակը և եղբայրը փախչում են ու ճանապարհին այնպես է ստացվում, որ ընկնում են բիթլիսյան մի որբանոց։ Մի օր որբանոցից էլ են փախչում, գնացք են նստում, որը մեկնում էր դեպի Միջին Ասիա։ Աշխաբադ չհասած՝ եղբայրն իրեն գնացքից գցում է։ Իր կյանքի ողջ ընթացքում այս ամենը հիշելիս Արուսյակը քարանում էր, արցունքները թափվում էին, շուրթերը՝ դողում։

Հանրահայտ դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի որդին՝ ռեժիսոր Ռուբեն Արզումանյանը պատմում է, որ Արուսյակը՝ իր տատը, Աշխաբադում հանդիպում է մի հայի, որի հետ ամուսնանում է։ Արուսյակն ամուսնու անունը երբեք չէր տալիս։ Այդպես էլ մինչև իր կյանքի վերջ չիմացանք, թե այդ ինչ առեղծված էր։ Այդ ամուսնությունից ծնվում են Մետաքսյան և եղբայրը՝ Ժորան։

Աշխաբադից Արուսյակը երեխաների հետ գալիս է Երևան, այստեղ հանդիպում է Միհրան Սիմոնյանին, որը 1930-ականներին ապրում էր Աբովյան փողոցի՝ Մանթաշովի արձանի հետևում գտնվող երկհարկանի տներից մեկում։ Արուսյակը  ամուսնանում է, և Մետաքսյան վերցնում է խորթ հոր ազգանունը՝ Սիմոնյանը։

1934 թ․-ին Երևանի այն ժամանակ Կրուպսկայայի, այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, տոն օրերին կազմակերպվող միջոցառումների ժամանակ Մետաքսյան իրեն շատ երջանիկ էր զգում։ Նրա՝ դեռ չգիտակցված արտասանություններն իրեն մեծ հաճույք էին պատճառում։

Ազատ օրերին էլ հավաքում էր բակի երեխաներին ու թատրոն-թատրոն խաղում։ Հենց այդ ժամանակ էր, որ նստում էր իրենց այգու նստարաններին՝ տեսնելու   դերասաններին, ովքեր թատրոն էին շտապում։

Վաղ տարիքից սկսած նա սկսեց թե՛ թաքուն, թե՛ բացահայտ թատրոն գնալ։ Նրա մոտ  այնպիսի մի զգացողություն էր, որ հենց թատրոնի մեջ են կենտրոնացած գեղեցիկ   արվեստների բոլոր կախարդանքները։

Մետաքսյայի դպրոց ավարտելն ու Երևանում թատերական ինստիտուտ բացվելը   համընկնում են։ Աղջիկն ընդունելության քննության ժամանակ արտասանում է քնքուշ էտյուդներ և ընդունվում։

Ավետիք Իսահակյանը մի միջոցառման ժամանակ նկատում է Մետաքսիային, հիանում նրա ասմունքով ու շատ զարմանում, որ Երևանում դեռ չի գործում  գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Դրանից հետո անմիջապես հանդես է գալիս իր առաջարկներով։

Այդ տարիներին ինստիտուտում միայն ժպիտ էր։ Առաջին ուսանողները նստում էին Վարդան Աճեմյանի հետ վառարանի շուրջ և լսում էին իրենց ուսուցչին՝ շռայլ երևակայությամբ արվեստագետին։

Նա միանգամից մտավ բեմական մեծ կյանք։ Գլխավոր դերերը վստահվեցին նրան։ Առաջինը՝ Նինայի դերը հիացրեց ամենքին։ Մետաքսյային սիրում էին նաև Սփյուռքում։ 

1966 թվական՝ նոյեմբեր, ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի օդանավակայանում՝ հարազատ, տաք շշուկներ։ Բեյրութի կազինոն Լիբանանի ամենաշքեղ շենքերից մեկն է։ Այդ բարձրությունից երևում է ողջ Բեյրութը։ Ահա այս բարձրության վրա «Արա Գեղեցիկ» շքեղ ներկայացումն էր՝ Մետաքսյա Սիմոնյանի  մասնակցությամբ։

Դա առաջին օրն էր, հաջորդ օրերին բեմադրվեցին «Ժայռը», հետո՝ «Պաղդասար ախպարը»։ Սակայն ժամանակը քիչ էր, հանդիսատեսը կարոտ մնաց հայ  դերասաններին ավելի շատ տեսնելուն։ Նրանք հիացմունքով և ափսոսանքով ասում էին. «Դուք մտաք մեր սրտի մեջ, Դուք մեր հարազատն եք, էլի մնացե’ք, մի’ գնացեք…»։  

Անվանի դերասանուհին այսօր կարծես կենդանի ժպտում է ոչ միայն իր հայտնի, գլխավոր դերակատարումներով աշխարհի հայտնի բեմերից, այլև իր տան  անկյուններից՝ իր հրաշալի թոռնիկ՝ Տիգրան Մետաքսի հաջողություններով հիացած:

Մետաքսյա Սիմոնյանի թոռնիկներից Միքայելը ևս ռեժիսոր է, թեպետ նա չի տեսել տատիկին, բայց մշտապես հետաքրքրվել է, ընկալել նրա մեծության գաղտնիքը  յուրովի։ 

1987 թ․-ի օգոստոսի 11-ն էր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը կանգնած թատրոնի կամարների տակ ինքն իրեն խոսում էր. «Առաջին քայլերից մեծերի կողքին ու մեծերի հետ, թող այսօր և առհավետ մի հայ տղամարդ ասի, թե սիրահարված չի եղել քեզ, ի՜նչ ձայն, ի՜նչ առոգանություն, ի՜նչ հուզական հոգի, ի՜նչ բաց սիրտ, տիրակալի ինչպիսի՜ կեցվածք։ Երանի այն աչքերին, որ տեսան քեզ, Սովտական միության ժողովրդական արտիստուհի, Սովետական միության պետական մրցանակի դափնեկիր, մե’ր քույր, մե’ր մայր, մե’ր տատ, Մետաքս ջան… Ափսոս, հազար ափսոս»։  

Back to top button