ԿարևորՀասարակություն

Վերջին օրերին ավելացել է Ուկրաինայի սահմանը ցամաքային ճանապարհով հատող հայերի թիվը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայում զոհված կամ վիրավոր հայեր չկան։ Գրասենյակի և Ուկրաինայում հայկական կազմակերպությունների տվյալներով՝ վերջին օրերին ավելացել է Ուկրաինայի տարածքը ցամաքային ճանապարհով լքող մեր հայրենակիցների թիվը։ Կան քաղաքներ, որտեղից այս պահին հարավոր չէ դուրս գալ` հայտնում են Ուկրաինայի հայերի միությունից։

«Վերջին օրերին մեծացել է Ուկրաինայի սահմանը ցամաքային ճանապարհով հատող հայերի թիվը»,- ասում է Արևմտյան Ուկրաինայում Հայաստանի հյուպատոս, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։ Քանի դեռ օդային հաղորդակցությունը փակ է, Ուկրաինայից դուրս գալ հնարավոր է ԵՄ արևելյան երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով։ Հայ համայնքի ներկայացուցիչը հիշեցնում է՝ այդ երկրներում Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներից մուտքի վիզա չեն պահանջում։

«Մենք մասսայական տարհանում չենք անում, բայց հայերը, որոնք սեփական նախաձեռնությամբ որոշում են դուրս գալ, մենք ամեն ինչ անում ենք ճանապարհին նրանց անվտանգությունը ապահովելու համար։ Հիմնական ճանապարհը դեպի արևմուտք է։ Ընտանիքներով հիմնականում գերադասում են դուրս գալ, բայց քաղաքներ կան, որտեղ իրավիճակը լարված է կամ շրջափակման մեջ են, օրինակ, Խարկով, Մարիոպլ, որտեղից մենք հորդորում ենք դուրս չգալ»,– ասում է Նորիկ Գևորգյանը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ լարված են հատկապես հայաշատ Դոմբասը, Խարկովը, Մարիոպլը և Կիևը։ Այս քաղաքներում վիճակն օրերցօր ավելի է բարդանում․ սահմանափակվում են ելքի ուղիներն ու հնարավորությունները։ Կիևում արդեն վառելիքի խնդիր կա՝ ասում է Դավիթ Մկրտչյանը։

«Ուկրաինայի արևելքից և հարավից ովքեր դուրս են գալիս, երբ հասնում են կենտրոնական կամ արևմտյան Ուկրաինա, փորձում ենք դիմավորել, կերակրել, ապաստարան տալ, մինչև կարողանան Ուկրաինայից դուրս գալ»։

Նախօրեին Հայաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ Ուկրաինայից ցամաքային ճանապարհով դուրս եկող մեր հայրենակիցներին հյուպատոսական աջակցություն և  խորհրդատվություն տրամադրելու։ Այդ նպատակով ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել ԵՄ՝ Ուկրաինային սահմանակից երկրներ։ Եվրոպայում հայերի միության քարտուղար Կարինե Հովասափյանն ասում է՝ արդեն մի քանի օր՝ մոբիլիզացրել են եվրոպական հայ համայնքների ներկայացուցիչներին և փորձում են Եվրոպայում օգնել Ուկրաինայից հեռացող հայերին։

«Այս պահին հայերը հիմնականում փաստաթղթային խնդիրներ չունեն, խնդիրը տեղափոխումն է։ Գիտենք, որ այս պահին Ուկրաինայի հայերի միությունը դժվարանում է հայերի անվտանգ տեղափոխություն կազամակերպել։ Աշխատում ենք այն ուղղությամբ, որ երբ իրավիճակը մի փոքր կայունանա, կարողանանք տրանսպորտային միջոց հատկացնել և հայերին դուրս հանել։ Երբ սահմանն անցնեն, մենք արդեն այստեղ կկարողանանք դիմավորել և տեղավորել»,– ասում է Կարինե Հովասափյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ուկրաինայից ցամաքային ճանապարհով ելքի 25 անցակետ է գործում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցի պահին Արևմտյան Ուկրաինայում Հայաստանի հյուպատոս, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը Լվովում էր։ Պատմեց, որ գործուղվել է Ուկրաինայի արևմուտք՝ տեղում երկրից դուրս եկող Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար։

«Շատ մարդիկ կան, որ շտապ դուրս են եկել, և փաստաթղթեր չունեն կամ դրանք ամբողջական չեն։, այդ բոլոր հարցերը մենք հիմա դեսպանատանը լուծում ենք, մարդկանց ասում ենք՝ թե ինչպես պետք է սահմանն անցնեն։ Շատ են նաև մարդիկ, որոնք չունեն խնդիրներ և անխոչընդոտ հեռանում են»,– ասում է Նորիկ Գևորգյանը։

Թվային տվյալներ, թե քանի հայ ընտանիք է դուրս եկել Ուկրաինայից, հայկական կազմակերպություններն ու Հայաստանի պետական մարմինները չունեն։ Ասում են՝ պատերազմական իրավիճակում նման վիճակագրություն վարելը շատ դժվար է, բացի այդ, շատերը սեփական միջոցներով են տեղափոխվում։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ գրասենյակում 24 ժամ զանգեր են ստանում՝ Ուկրաինայից ելքի ուղիների ու հնարավորությունների հետ կապված։

«Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք Ուկրաինայում մնացած հայերի հետ։ Հայկական համայնքների աջակցությամբ դեպի Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա դուրս եկող մեր հայրենակիցների համար տեղերում կայարանի հնարավորություններ ենք փորձում ստեղծել։ Հետագայում էլ փորձելու ենք15 օրվա ընթացքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան»,– ասում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում այս պահին Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներից զանգեր չեն ստացել։ Ուստի, դժվար է գնահատել, թե Ուկրաինայից հայրենիք տեղափոխվածները ինչ խնդիրներ ունեն, կամ ունե՞ն արդյոք։

Back to top button