ԿարևորՔաղաքական

Կիեւի հայերի խնդիրներից, ԳՇ պետի նշանակումից մինչեւ կառուցվելիք երկաթգիծ․ ԱԺ-ում պարզաբանում էին

Մինչ այսօր Կիևում Հայաստանի դեսպանությունը ողջ կազմով շարունակում է աշխատել, մոտ 1500 զանգ են ստացել, և այդպիսի մեծ քանակի դեպքում կարող են լինել քաղաքացիներ, որոնք չեն կարողացել կապ հաստատել։ Դրա համար Երևանում նույնպես թեժ գիծ է բացվել՝  խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հակամարտության գոտուց հայազգի քաղաքացիներին դուրս բերելու ուղղությամբ։

ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցել և պայմանավորվել են Ուկրաինային արևմտյան կողմից սահմանակից բոլոր երկրների հետ, բոլոր տեղեր գործուղվել են դիվանագետներ։ Անգամ Հունգարիայում, որի հետ Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները, Հայաստանի ներկայացուցիչներն աշխատում են։ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև, որպես մարդասեր պետություն և պատերազմի արհավիրքը տեսած ժողովուրդ, աջակցություն է առաջարկում բոլոր փախստականներին։  

Այն դեպքում, երբ աշխարհի հայացքն ուղղված է Ուկրաինայում տիրող իրավիճակին, Հայաստանում 7-րդ օրն է՝ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ՊՆ Գլխավոր շտաբում։ Փոխվում է բարձրաստիճան սպայական կազմը՝ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ։ Արդեն մեկ շաբաթ է՝ կառույցն ունի ոչ թե ղեկավար, այլ ղեկավարի պաշտոնակատար՝ ահազանգում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը՝ անթույլատրելի համարելով այդ փոփոխությունները աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փոփոխությունները հիմնավորելուց առաջ հիշեցնում է՝ նույն այս փոփոխությունների անհրաժեշտության մասին 44-օրյա պատերազմից հետո պնդում էր նույն պատգամավորը․

«Այսօր իրավունք չունենք հապաղել։ Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան։ Վստահ եմ՝ վաղուց ժամանակն է պաշտպանական գերատեսչությունում վստահել և ճանապարհ տալ պատերազմի բոհով անցած երիտասարդ մասնագետներին։ Ես չեմ ուզում ամեն ինչ կապել անձերի հետ, բայց չեմ կարող չասել։ Կարծում եմ՝ որևէ վտանգ մենք սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել, ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ, ու սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ ու այլ կապերից» ։

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը չի խանգարում, որ Հայաստանը շարունակի աշխատել նախանշած ծրագրերի ուղղությամբ։ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի տնտեսական հիմնավորվածության և տրանզիտից ակնկալվող եկամուտների մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ակնկալիքները մեծ են։ Փոխվարչապետը հայտարարեց՝ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա,  իսկ խորացված hաշվարկները դեռ նոր պետք է կատարվեն։

Որպեսզի մենք հասկանանք ներդրումների ծավալը, նախևառաջ պետք է ունենանք վերջնական նախագիծն իր բոլոր դետալներով: Այսօր նաեւ օտարերկրյա փորձագետների հաշվարկով այդ թևի վերականգնման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի ու տևողությունը կլինի մինչև 36 ամիս: Միայն բեռնափոխադրումների մասով 3 միլիոնի միջին չափ ունենք՝ առանց ապաշրջափակման, որից 2-ը ներքին բեռնափոխադրումներն են: Եթե մենք այսօր տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ ու եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն հոսքերը, մենք գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության, որը վատ չէ։

Հայաստանի բանակցությունների մյուս ուղղությունը Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպումն է։ 24–ին Վիեննայում տեղի  ունեցած Ռուբինյան–Քըլըչ հանդիպման արդյունքներից Հայաստանի արտգործնախարարությունում գոհ են, թեև չի որոշվել հաջորդ հանդիպման ոչ ժամկետը, ոչ էլ վայրը։ Բայց երկրորդ հանդիպումն ավելի արդյունավետ է եղել, քան առաջինը՝ վստահեցնում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․

«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ հայ-թուրքական սահմանի բացումը։ Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել»։

Ինչ վերաբերում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցությանը, Միրզոյանի խոսքով՝ դեռ որոշում չկա: «Աշխարհում շատ սրընթաց  են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժակետները մոտենան, անպայման որոշում կկայացնենք», – նշեց ԱԳՆ նախարարը։ Միրզոյանհ հայտնեց նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպման տեղի և ժամանակի մասին նույնպես դեռ որոշում չի կայացվել:

Back to top button