ԿարևորՀասարակություն

Խցանում երկնքում․ ինչպե՞ս կողմնորոշվել աշխարհի օդային երթուղիների խառնաշփոթում

Ռուս-ուկրաինական հակամարտությունը հասել է երկինք՝ բառի ուղիղ իմաստով, այն փոխել ու խառնել է աշխարհի օդային երթուղիները։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն արգելել են իրենց տարածքով ռուսական, Ռուսաստանն էլ՝ եվրոպական օդանավերի անցնելը։ Սրա հետևանքով ավիատոմսերը թանկացել են, իսկ արդեն ավիատոմս ունեցողները հայտնվել են խնդիրների առաջ։ Նման խնդիրներ ունեն նաև մեր քաղաքացիները։ Օրինակ՝ Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի արժեքը բարձրացել է, իսկ նրանք, ովքեր արդեն տոմս էին գնել Հայաստան- Ռուսաստան- եվրոպական որևէ երկիր կամ հակառակ ուղղությամբ, չեն կարող օգտվել դրանից։ Իրադարձությունների նման զարգացումը, փորձագետ Հակոբ Ճաղարյանի կարծիքով, լուրջ հետևանք կունենա ռուսական քաղավիացիայի վրա, իսկ մարդիկ գուցե այդպես էլ չստանան փոխհատուցում վճարված, բայց չկայացած թռիչքների համար։

Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը փետրվարի 26-ին պատրաստվում էր Բուրգասից Մոսկվա, այնտեղից էլ Երևան մեկնել․

«Թռիչքը չեղարկվեց նույն օրը, երբ գրանցումն արդեն կատարել էի, և վերջ։ Ես ստիպված եղա ավտոբուսով գնալ Սոֆիա, Սոֆիայից թռչել Աթենք, Աթենքից՝ Թբիլիսի, Թբիլիսիից՝ Երևան։ Այդքան բան»։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը փոփոխել է աշխարհի օդային քարտեզը, ուղիղ իմաստով՝ խցանումներ ստեղծել երկնքում։ Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար: Դա վերաբերում է Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր օդանավերին․ դրանք չեն կարող Եվրամիության երկրների տարածքում վայրէջք կատարել, այդտեղից օդ բարձրանալ կամ անցնել դրա օդային տարածքով։ Ռուսաստանն ի պատասխան փակեց իր օդը 36 երկրի համար։ Սա դեպի Հայաստան ու Հայաստանից կատարվող թռիչքների վրա էլ է ուղիղ ազդում՝ ասում է փորձագետ Ճաղարյանը։

«Հայկական ինքնաթիռները Մոսկվա հասնում են Կասպից ծովը կտրելով, Ղազախստանի տարածքով՝ Նովգորոդի ուղղությամբ՝ թռիչքը երկարացնելով մոտ 1 ժամ»։

Այս սահմանափակումը խաթարել է հարյուր հազարավոր մարդկանց օդային տեղաշարժը։ Ճաղարյանի նման շատերն են տոմսը ձեռքին սպասել իրենց թռիչքին և պարզել, որ այն չի կայանա։ Փոփոխվել են նաև տոմսերի գները։ Եթե 2-3 ամիս առաջ Երևան-Մոսկվա թռիչքը 1 անձի համար արժեր մոտ 4000 ռուբլի, ապա այժմ գինը 10 000 ռուբլու սահմաններում է։  

Հայաստանի քաղավիացիայից  պարզաբանում են՝ տոմսերի թանկացման, արժեքի փոխհատուցման խնդիրը բացառապես ավիաընկերություն- ուղևոր դաշտում է, պետական կառույցը որևէ գործառույթ չունի։ Իրենք կարգավորում են անվտանգության հարցեր, որոնց մասով խնդիրներ չկան։ Բայց կան չեղարկված բազմաթիվ չվերթեր՝ օրինակ՝ դեպի Կիև, Օդեսա, Կրասնոդար և Ռոստով։
Ի՞նչ կարգավորումներ են տալիս ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները տոմսերի վերադարձի կամ չեղարկված չվերթերի դեպքում՝ այդ երկրների փոխադրողների գրասենյակներից պարզել չհաջողվեց․ազատ օպերատոր չգտնվեց։

Այս առումով մտահոգ է վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Ասում է՝ օդային հաղորդակցության նորմեր կան՝ ըստ կոնվենցիաների, կարծում է, որ Եվրոպական ավիաընկերությունները կենթարկվեն դրանց, բայց այդ կարգավորումները գուցե սպառողին չհասնեն, օրինակ՝ ավիաընկերությունները գուցե չփոխհատուցեն տոմսերի արժեքը։
Ճաղարյանի դիտարկմամբ՝ ռուսական քաղավիացիան իր ստեղծման օրվանից ամենամեծ խնդրի առաջ է․

«Ռուսական ողջ ավիապարկը, օդանավերի երևի 90 տոկոսը Արևմտյան արտադրության են։ Այսօր նրանց բոլորի լիզինգային պայմանագրերը կանգնեցված են, ապահովագրությունը կանգնեցված է։ Լիզինգ տվողներն այդ օդանավերը հետ են պահանջում, ինչին ընդդիմանում են ռուսական ընկերություններն ու ռուսական կառավարությունը, ավելին՝ ռուսական կառավարությունը որոշում է ընդունել՝ ռուսական ընկերություններին հորդորելով չկատարել այդ պահանջները։ Այսինքն՝ չվերադարձնել օդանվերը։ Խնդիրն այդքան լուրջ է»։

Ոչ պակաս լուրջ խնդիր է նաև այն, որ ինքնաթիռները սպասարկող, վերանորոգող արևմտյան ընկերություններն էլ չեն գործակցում ռուսական ավիաընկերությունների հետ։ Ճաղարյանի խոսքով՝ սա անհամեմատ ավելի մեծ խնդիր է, քան տոմսերի գումարները վերադարձնելը․ այս պայմաններում դա, հավանաբար, տեղի չի ունենա։

«Այսօր Ռուսաստանում շահագործվում է մոտ 800 միավոր արևմտյան արտադրության օդանավ, պատկերացրեք։ Ինչքան ժամանակում կվերականգնվի էդ օդանավերի շահագործումը։ Եթե այս իրավիճակը երկար ձգվի, ես կարծում եմ, որ Ռուսաստանը հետագայում սեփական ավիափոխադրումների կազմակերպման հարցում լրջագույն և մեծ խնդիրներ է ունենալու»։

Մասնագետներն այս իրավիճակում Հայաստանի համար նաև նոր հնարավորություն են տեսնում։ Աշխարհի ծայրերն իրար կապող օդային ուղիները կարող են անցնել Հայաստանով՝ որպես տարանցման բավականին մատչելի և հարմար տարբերակ։Երկիրը կարող է մեծ թափով ներգրավվել օդային փոխադրման գործընթացում՝ կարծում է Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

«Հայաստանը կարող  է օգտվել այս իրավիճակից, այսինքն՝ որոշ օդանավեր վերալիզինգ արվի և Հայաստանը գնի, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ունենա իր սեփական ավիաընկերությունը։ Այսօրվա դրությամբ FlyOne-ն է միայն, Եվրոպա ռուս ուղևորները կարող են թռնել Երևանի միջոցով։ Ինձ թվում է՝ նույն բանը կարող է և՛ Թբիլիսին իրականցնել, և՛ Բաքուն իրականացնել»։

Փորձագետի խոսքով՝ այժմ շատ երկրներից մեկնող օդանավերն իրենց ուղղությունը փոխել են և Եվրոպայից Արևելք հասնում են ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի երկնքով։ Նավիգացիոն սպասարկման համար այս թռիչքներից Հայաստանը կարող է գումար ստանալ։  
Օդային ուղու երկարելը որքանո՞վ է փոխում օդանավի ծախսը, և ինչպե՞ս կարող է դա ազդել տոմսի գնի վրա։ Շահեն Պետրոսյանն ասում է՝  ավիաընկերությունների ֆինանսական վնասը մեծ չի լինի, քանի որ ինքնաթիռներն ամենամեծ վառելիքային ծախսն ունենում են թռիքի մեկնարկի և վայրէջքի պահերին․

«Երբ մայրուղու վրա մեքենան ընթանում է, շատ ավելի քիչ է վառելիք ծախսում, քան, օրինակ, քաղաքի մեջ՝ անընդհատ կանգնելով, նորից թափ ստանալով, կանգնելով, թափ ստանալով։ Իսկ օդի մեջ չնչին տարբերություն է լինելու։ Ենթադրենք՝ առաջ 12 ժամ էր թռչում, հիմա պիտի 16 ժամ թռչի, այդ 4 ժամվա մեջ այդքան շատ ծախս չի անի»։

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», արդեն հայտարարել է, որ դիտարկում է Հայաստանը որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ։ Այն իր քաղաքացիներին խորհուրդ է տրվել երրորդ երկրներ մեկնելիս կամ ՌԴ գնալիս օգտվել օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն թռիչքներից, որոնք նաև Հայաստանով են անցնում։  Սա ենթադրո՞ւմ է, որ դեպի Հայաստան կամ Հայաստանով թռիչները կարող են ավելանալ։ «Զվարթնոց» օդանավակայանից «Ռադիոլուրին» ասացին՝ այս պահին թռիչքների գրաֆիկներն առանձնապես չեն փոփոխվել,  բնականոն աշխատում են։ Քաղավիացիայից էլ հաղորդեցին՝ չվերթերի զգալի ավելացում չի նկատվել, եթե լինի՝ քայլեր կձեռնարկեն ըստ այդմ։

Back to top button