ԿարևորՀասարակություն

Աշակերտների հետ հանդիպումներում կարեւորվել է կրթության դերը

«Բաց դաս» ծրագրի շրջանակում մարտի 2-ին խորհրդարան են այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի, Լիլիթ Կիրակոսյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մինասյանը նշել է, որ աշակերտները խորհրդանշական օր են այցելել խորհրդարան. Ազգային ժողովում քննարկվում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը:

Նա նշել է, որ փոքր հասակից միշտ պայքարել է անարդարության դեմ եւ հորդորել աշակերտներին լավ սովորել, ինքնակրթվել՝ արժանի քաղաքացի դառնալու համար: «Երբեք չկոտրվեք եւ չընկճվեք»,- ասել է Լիլիթ Մինասյանը:

Ուինսթոն Չերչիլի` «Երբեք մի հանձնվեք» պատգամով է խոսքը սկսել պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով երկրի, պետականության, հայրենասիրության թեմաներին:

Պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր աշխատել է Ստեփանակերտի բուժհաստատություններում, եւս կարեւորել է կրթության դերը: «Դուք եք աշխարհը եւ գեղեցիկը արարողը»,- ասել է պատգամավորը:

Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանի, Միքայել Թումասյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հետ: Պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, գործունեությունը: Նրանք պատասխանել են աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդարանական բանավեճերին, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Այցելուներն ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել են խորհրդարանի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել ԱԺ հուշանվերների պատմությանը, այցելել գրադարան, լուսանկարվել ԱԺ նիստերի դահլիճում:

Back to top button