ԿարևորՔաղաքական

Անկարան և Բաքուն սիրաշահում են Կիևին և Մոսկվային

Ռուս–ուկրաինական պատերազմում գերժամանակակից զենքերի մրցակցությանը զուգահեռ պայքարի մեջ են նաև դիվանագիտական զենքերը, տեղեկատվական ռեսուրսները, ֆինանսական հնարավոր և անհնար բոլոր սահմանափակումները՝ սմարթֆոնների անջատումից մինչև ֆիլմերի դիտումների արգելում։ Այս ֆոնին ինչպե՞ս են դիրքավորվել մեր տարածաշրջանի երկրները։

Թուրք-ադրբեջանական կեղծ մարդասիրություն

Ռուսաստանի հետ տնտեսական գործընկերային ամուր թելերով կապված Թուրքիան ռուս–ուկրաինական հակամարտության օրերին ճիշտ թուրքական քաղաքականություն է վարում. փակում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցով ռազմանավերի անցուդարձը, և թուրքական դիվանագիտական  ոճով հայտարարություններ անում: Երկրի նախագահը հայտարարում է, որ կանխում են ճգնաժամի խորացումը: «Մենք վճռական ենք Մոնտրիոյի կոնվենցիայով նեղուցներով նավերի անցուդարձի հարցում մեզ տրված լիազորությունները կիրառել այնպես, որ կանխենք ճգնաժամի ավելի խորացումը», –ասում է Էրդողանը:

Թուրքիան չի ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս, ավելին՝ Անկարան բարձր մակարդակով մշտապես ասել է, որ աջակցում է Ղրիմն Ուկրաինա վերադարձնելու քայլերին: Էրդողանն ավելի վաղ  ընդգծել էր, որ Ղրիմի թաթարները թուրքերի եղբայրներն են և միավորում են Ուկրաինան Թուրքիայի հետ։

Անկարան մի ձեռքով շոյում է, մյուսով՝ գործում․  արձանագրում են փորձագետները և նկատում, որ այս ամենը լավ տեսնում և հասկանում են երկու կողմերում էլ:

«Էրդողանը մի կողմից  աջակցում է խաղաղությանը, մյուս կողմից որպես օգնություն Ուկրաինային տրամադրում  Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ։ Դրանք արդեն մարտական հերթապահության մեջ են»,– այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Եթե Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ գործընկերային են, ապա Բաքվինը՝ դաշնակցային: Դրանք այդպիսին դարձան վերջերս։ Ռուսական հատուկ գործողությունների նախօրեին Ալիևը Մոսկվայում ստորագրեց 43 կետից բաղկացած դաշնակցային պայմանագիր, որը նաև փոխադարձ ռազմական աջակցություն է ենթադրում՝ անվտանգության ապահովման համար: Մինչև այդ թուրք-ադրբեջանական մեջլիսներում արդեն իսկ վավերացվել էր  Շուշիի հռչակագիրը, գրեթե նույնատիպ դրույթներով: Բաքում  այսօր հրապարակավ լոյալ  է դաշնակցի նկատմամբ, բայց երկրում հակապուտինյան, հակառուսական կոչերով ցույցեր են։ Եվ սա մի երկրում, որտեղ առանց իշխանությունների այսպես ասենք  թույլտվության հնարավոր չէ անգամ խոսել: Հայ մեծահասակների և երեխաների կյանքերը չխնայած ադրբեջանցիները մարդասիրական կոչեր են անում։ Զարմանալի այս մոտեցումն իր բացատրությունն ունի՝ ասում է  ադրբեջանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Չկարողանալով բացահայտ աջակցություն հայտնել Ուկրաինային՝ Բաքուն հանրության միջոցով է վերջինին սոլիդարություն հայտնում: Թուրքիան էլ ՆԱՏՕ–ական պետություն է, ունի իր քաղաքականությունը, որը տեղավորվում է արևմտյան քաղաքականության մեջ, և շնորհակալություն են հայտնում Ուկրաինային Արցախյան վերջին պատերազմի ժամանակ օգնելու համար: Իսկ Ադրբեջանը հումանիտար քողի տակ անվճար բենզին է տրամադրում ուկրաինացիներին: Սոքարի 57 կետերը անվճար տրամադրում են»:

Թբիլիսիի ազգային կեցվածքը՝ անհասկանալի Կիևի համար

Արևմտյան հստակ ուղեգիծ որդեգրած Վրաստանը ազգային շահերից ելնելով է արձագանքում հակամարտությանը: Կանգնած է Արևմուտքի և Ուկրաինայի կողքին, բայց երկրում Քովիդով պայմանավորված տնտեսական դժվարություններից հետո չի կարող գնալ խիստ քայլերի: ՙԵրկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին՚՝ ասել էր երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրացական ընդդիմությունը, սակայն, այս ամենն օգտագործեց ընդդեմ իշխող ուժի՝ կազմակերպելով փողոցային ցույցեր: Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները բարդ վիճակում են։

«Չնայած Ուկրաինային մշտապես աջակցության խոսքեր են ասել և կոշտ խոսքեր են ասել ռուսական քաղաքականությանը, բայց հակառուսական քայլերի չեն դիմել։  Նման նոտաներ անգամ վերջերս ընդունված բանաձևում չկան: Դա օգտագործեց ընդդիմությունը՝ որակելով թույլ քայլ, կազմակերպելով ցույցեր: Նրանք Արևմուտքի իրենց գործընկերներին են օգտագործում»:

Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ վրացական իշխանությունը թույլ չտվեց երկրի մի խումբ քաղաքացիների մեկնել Ուկրաինա՝ ռազմական գործողությունների մասնակցելու։ Վրացագետը բացատրում է՝ գործող օրենքը թույլ չի տալիս Վրաստանի քաղաքացիներին մասնակցել երրորդ երկրում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Արևմտամետ երբեմնի դաշնակիցներ՝ Ուկրաինան և Վրաստանն այսօր, կարելի է ասել, միմյանց չեն հասկանում:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր երկրի դեսպաններին։

Թեհրանի անփոփոխ դիրքորոշումը

Իրանի դիրքորոշումը առաջին իսկ օրվանից հստակ էր. Թեհրանը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է անում և շեշտում, որ ուկրաինական ճգնաժամի հիմքում ամերիկյան քաղաքականությունն է: Իսլամական հանրապետության թեզերը ձևակերպել է երկրի հոգևոր առաջնորդը:    

«Եթե նրանք չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել՝ այդ մաֆիայի շահերն ապահովելու համար: Այսօր Ուկրաինան դարձել է այդ քաղաքականության զոհը»:

Back to top button