ԿարևորՔաղաքական

ԱԺ-ն քննարկել է ՀՀ նախագահի ընտրության հարցը․ ընդդիմությունը դահլիճում չէր

Խորհրդարանում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահի ընտրության հարցը։ Նախագահի միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։ Ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել և լքել են նիստերի դահլիճը: 2022-ի հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:  

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում չունի այդքան քվե, ուստի ՀՀ նախագահ խորհրդարանը հավանաբար կընտրի երկրորդ փուլում` անհրաժեշտ ձայների 3/5-որդով` պատգամավորների 65 ձայնով:

Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն իրեն համարում է ազատ մարդ, գովասանքի գայթակղությունից զերծ մեկը, որը խստապահանջ մոր շնորհիվ մեծացել է պատասխանատվության բարձր գիտակցությամբ և ազատության մեջ։ Ըստ նրա` միայն ազատ մարդը կարող է օգտակար գործ անել։

Նախկին 30 տարիների պատմական իրադարձություններին Վահագն Խաչատուրյանը մեկ գնահատական տվեց` «յուրահատուկ դաս, թե  ինչպես պետք է երկիրը չկառավարել»։ Ամենամեծ խնդիրը 2018-ից հետո նա համարում է պետական ինստիտուտների ավերված լինելը․   

«Եթե պետության մեջ պետական ինստիտուտները չեն աշխատում, փոխարենը գործում են այլ ինստիտուտներ, որոնք բերում են ստվերային բյուջե, ստվերային կառավարություն, ինչի հետևանքով պետական, քաղաքական  որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանական դահլիճում կամ կառավարությունում, այլ խմբակային քննարկումների արդյունքում։ Սա կառավարման ռեաքսիոմաներից է։ Խմբակային, կուսակցական շահերը առաջնային դարձնելու, դրանք սպասարկելու դեպքում պետությունը դառնում է երկրորդական, և այս խնդիրն է լուծվել նախկինում»։ 

Ժողովրդավարությունը որպես ուղենիշ ընտրած Հայաստանի 5-րդ նախագահի թեկնածուն հաջողության ամենակարևոր նվաճումը համարում է հաջորդ ընտրությունները 2021-ի հունիսի ոգով անցկացնելու հնարավորությունը.

«Պետք է որոշենք` մենք ժողովրդավարակա՞ն արժեքներն ենք գնահատում, թե՞ խմբային։ Հանրապետության նախագահի դերը պետք է լինի համերաշխողի մթնոլորտ ստեղծողի դերակատարումը և քաղաքական ուժերին մղի այնպիսի մի դաշտ, որտեղ խանգարող չի լինելու։ Մենք ծայրահեղությունների մեջ ընկնող ենք, ինչը մեզ հնարավորություն չի տալիս ճշգրիտ որոշումներ կայացնել, կանգառը կամ ընդմիջումը կկանխի ծայրահեղ որոշումներ կայացնելը։ Մենք այսօր սպասելու երկար ժամանակ չունենք, առանց շտապելու պետք է արագ առաջ շարժվենք»։

Ընդդիմադիրները նախագահի ընտրության հարցի քննարկմանը չեն մասնակցում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հիշեցրել է  թեկնածուի խոսքը, թե ինքը իշխող քաղաքական թիմի անդամ է: «Նախագահի թեկնածուն, որը հայտարարում է, որ նախագահ է բոլորի համար, իրավունք չունի ասելու, որ ինքը քաղաքական թիմի անդամ է։ Մենք բացարձակապես ցանկություն չունենք լեգիտիմացնելու այս գործընթացը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ նախագահը պետք է հավասարակշռող, կոնսոլիդացնող դեր կատարի, իսկ քաղաքական թիմի կողմից նշանակված անձը չի կարող անաչառ լինել։  

Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ընդդիմադիրների բոյկոտից չի վիրավորվում։ Նա մեծամասնության պատգամավորներին հորդորել է չմոռանալ, որ բնակչության որոշակի հատված իր ձայնը տվել է ընդդիմությանը։ «Բողոքող ուժերը որոշակի պարտավորություններ ունեն իրենց ընտրողների առաջ։ Այս առումով իրենց պարտավորությունները կատարելու համար նրանք դեռ պետք է երկխոսություն սկսեն իշխող ուժի հետ»,- նշեց Խաչատուրյանը։ Ասաց՝ գալու է երկխոսելու պահը.

«Գալու է միմյանց հետ երկխոսելու պահը։ Ինձ համար ընդունելի է ցանկացած քաղաքական ուժի հետ խոսել` պայմանով, որ դա նորմալ լեքսիկոնով է, առանց անվանարկումների։ Կյանքը այնպիսին է, որ բոլորին պետք է կարողանաք երկխոսության դաշտ բերել»։

Խաղաղության դարաշրջանի թեզին և տարածաշրջանային անվտանգության մասին խոսելիս Վահագն Խաչատուրյանը նշեց, որ մենք այսօր մեկ խնդիր ունենք, որը պարտադրելու ենք բոլորին` դա մեր իրավունքների նկատմամբ հարգանքն է։

«Եթե ապրանքները չեն կարողանում անցնել սահմանները, ապա սահմանները անցնում են զինվորները, այսինքն այչլընտրանքը սա է լինելու։ Եթե մենք չենք խոսում խաղաղության մասին, ապա մենք ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Չեմ կարծում, որ սա մեր երազանքն է, կամ մեր պետության նպատակն է։ Մենք երբևէ պատերազմ չենք ուզում, մենք միշտ ձգտել ենք խաղաղության»։

Վահագն Խաչատուրյանին հանրապետության նախագահի պաշտոնում ընտրելու հարցի քվեարկության արդյունքներն այսօր չեն հրապարակվի։ Հայտնի է, սակայն, որ այս փուլով հանրապետության նախագահ չի ընտրվի, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի ընդամենը 71 պատգամավոր՝ անհրաժեշտ 81-ի փոխարեն։

Back to top button