Սփյուռքի ձայնը

Ուկրաինահայերից շատերը պատերազմի ավարտից հետո կվերադառնան Ուկրաինա․ «Սփյուռքի ձայնը»

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որը մինչև պատերազմը բնակվում էր Կիևի կենտրոնում, ասում է, որ այսօր այնտեղ մնալը բավականին վտանգավոր է։ Նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է արվարձան, սակայն այստեղ էլ ռմբակոծություններ լինում են։ Դավիթ Մկրտչյանը նշում է, որ իրենք մշտական կապի մեջ են համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք դեռևս Ուկրաինայում են և որոնք կապի միջոցներ ունեն։ Նաև չի դադարում համագործակցությունը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հետ։

Դավիթ Մկրտչյան

«Պատերազմից ամիսներ առաջ, գիտակցելով սպասվող վտանգը, Ուկրաինայի հայերի միությունը ծրագիր էր մշակում՝ հայերի տեղափոխման համար։ Սակայն եղավ այն, ինչ եղավ ու այսօր այդ ծրագիրը մնաց թղթի վրա»,- ցավով նշում է Դավիթ Մկրտչյանը։

Ուկրաինայի հայերի միությունը ապաքաղաքական կառույց է, ասում է Դավիթ Մկրտչյանը, ավելացնում, սակայն, որ Ուկրաինայի տարածքում այնուամենայնիվ ազգությամբ հայազգի պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան ղեկավարներ կան, որոնք չեն կարող տեղի ունեցող իրադարձություններին անմասն մնալ։

«Կազմակերպությունում, իհարկե, կան մարդիկ, որոնք այս կամ այն կուսակցության անդամ են, այս կամ այն գերատեսչությունում են աշխատում և կամ քաղաքի քաղաքապետեր են։ Բնական է, որ նրանք իրենց գործունեության շրջանակներում չեն կարող հեռու մնալ պետական և համայնքային շահերից»,- ասում է Դավիթ Մկրտչյանը։

Լիլիթ Բեգլարյանը, որը Սփյուռքի երիտասարդ դեսպանն է Ուկրաինայում, մինչ պատերազմը ապրում էր Օդեսայում։ Այսօր նա և իր ընտանիքը տեղափոխվել են Օդեսայի արվարձան՝ վտանգից մի քիչ հեռու։ «Օդեսայի կենտրոնում մնալը շատ վտանգավոր էր, իսկ մենք բնակվում էինք ծովի մոտակայքում, որտեղից ռուս զինվորների մուտքը ավելի հավանական է։ Որոշեցինք տեղափոխվել Օդեսայի մարզ։ Թե այստեղ, թե Օդեսայի կենտրոնում օդային տագնապներն անընդհատ են։ Թեև հակաօդային պաշտպանությունը աշխատում է, սակայն ռազմավարական նշանակության շատ օբյեկտներ վնասվել են»,-ասում է Լիլիթը։

Լիլիթ Բեգլարյան

Լիլիթ Բեգլարյանը նշում է, որ այս պահին տուժած հայերի մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինան լքած հայերի մի մասը կարողացել է անհրաժեշտ իրեր և գույք վերցնել իրենց հետ, մի մասն էլ հեռացել է ամեն ինչ թողած` սպասելով պատերազմի ավարտին, ասում է Լիլիթը։

Լիլիթ Բեգլարյանը նաև կապի մեջ է ռուսական հսկողության տակ գտնվող տարածքներում ապրող հայերից շատերի հետ, վիճակը նույնն է։ Նրանք, որոնք որոշ ժամանակ առաջ փորձում էին գալ Հայաստան, դա պետք է անեին հատելով Ուկրաինայի սահմանը։ Այսօր այդ առումով ևս խնդիրներ կան։ Իսկ հատկապես նրանք, որոնք չունեն Հայաստանի քաղաքացիություն, չեն կարող լքել երկիրը՝ 18-65 տարեկաններին հավաքագրելու պատճառով»,- նշում է։

Զարեհ Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, որ կապի մեջ է թե համայնքների, թե դեսպանատան հետ։ Դեռևս հստակ տեղեկություններ չկա՝ Ուկրաինան լքած և այլ երկրներ տեղափոխված հայերի մասին։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք տարբեր կառույցների, անհատների ու գերատեսչությունների հետ։ Այսօր ամենակարևոր հարցը՝ ազգությամբ հայերի գտնվելու մասին տեղեկություններ ունենալն է, ինչը դեռևս անհնարին է, հաշվի առնելով կենտրոնացվածության պակասն ու հայկական դիվանագիտական առաքելություններին դիմելու պակասը։

Ուկրաինայում ապրող հաերը Հայաստանի սահմանը հատել չեն կարողացել, ասում են զրուցակիցներս։ Սակայն վստահ են, որ հայրենիքի դռները միշտ բաց են իրենց առջև, իսկ դա իրենց ուժ և հույս է տալիս։

Back to top button