Մասնագիտություն

Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում. գիտության խորհրդավոր աշխարհ. «Մասնագիտություն»

Եթե անցյալում հաղորդակցվելու միջոցներ էին սուրհանդակները, դրոշները, թմբկազարկերը, ազդանշանային խարույկները, նամակները, ապա 19-րդ դարում մարդիկ սովորեցին ազդանշաններ ուղարկել էլեկտրական հաղորդալարերով, իսկ ահա 1876 թվականին ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելը հայտնագործեց մարդու ձայնը հեռագրահաղորդալարերով հաղորդելու եղանակ՝ հեռախոսակապը:

Եվ այսպես, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ի հայտ եկան տեղեկություններ հաղորդելու նոր եղանակներ՝ իրենց հետ բերելով էլ ավելի մեծ հնարավորություններ: Հեռահաղորդակցությունը հաղորդակցության, ազդանշանների, հաղորդագրությունների, բառերի, գրությունների, պատկերների, հնչյունների կամ ցանկացած բնույթի տեղեկատվության փոխանակումն է մետաղալարով, ռադիոյով, օպտիկական կամ էլեկտրամագնիսական այլ համակարգերով։

Այսօր մենք ապրում ենք թվային դարաշրջանում, որտեղ առևտրից մինչև հանրային ծառայություններ թվայնացված է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներն ազդեցին հասարակական կյանքի բոլոր բնագավառների վրա. թվային դարաշրջանում, անցյալի համեմատ, նաև ավելի դյուրին դարձավ տեղեկատվության հաղորդումը:

Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում. գիտության և տեխնոլոգիաների խորհրդավոր աշխարհն է բացահայտում այս չափազանց հետաքրքիր, գրավիչ, ապագայի մեծ հեռանկարներ ունեցող և խիստ արդիական մասնագիտությունը:

Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառի բարձրակարգ մասնագետները, ձեռք բերելով հիմնարար տեսական գիտելիքներ և աշխատելով գիտության ու տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, տեղեկատվության հաղորդման ու մշակման համակարգեր, ռազմական արդյունաբերություն և այլն, ուսումնասիրում, ներկայացնում և կիրառում են առաջադեմ գաղափարներ, որոնք չափազանց անհրաժեշտ են քաղաքակրթության զարգացման և մարդկության բարեկեցության համար:

Զրույց Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ, դոցենտ Հովհաննես Հարոյանի հետ:

Back to top button