ԿարևորՎերլուծական

Շուշիի և ռուս-ադրբեջանական հռչակագրերը փոխլրացնում են միմյանց, բայց կարող են Բաքվին ծուղակը գցել

Աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու արագ զարգացող իրադարձությունները փոխում են նաև արդեն ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Այս տարվա փետրվարին Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր են ստորագրել, դրանից ավելի վաղ՝ նախորդ տարվա հունսիսին, Ադրբեջանն ու Թուրքիան էին այսպես կոչված Շուշիի հռչակագիրը ստորագրել։ Երկուսն էլ ենթադրում են ռազմական աջակցության տրամադրում՝ անվտանգության ապահովման համար։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական զարգացումները բարդ երկընտրանքի առջև կարող են կանգնեցնել Բաքվին։

Այս տարվա փետրվարին Պուտինի և Ալիևի ստորագրած  հռչակագիրը դաշնակցային փոխգործակցության մասին ու նախորդ տարվա հունիսին  Ալիևի և Էրդողանի  ստորագրած Շուշիի հռչակագիրը  փոխլրացնող են, բայց նաև հակասություններ ունեն՝ ասում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։  Քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունները  հարթ են, այս փաստաթղթերը փոխլրացնող են, իսկ երբ հարաբերությունները լարվեն, հակասություններն ակնհայտ կլինեն։  Արտակ Զաքարյանի կարծիքով՝  ռուս-ուկրաինական հնարավոր զարգացումները կարող են փոխել իրավիճակը։

«Երկու հռչակագրերն իրար հավասարակշռում են, ինչ-որ տեղ նաև հակասություններ են բերում։ Կիրառելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ու Թուրքիան իրար նկատմամբ ունեն լոյալ վերաբերմունք։ Որ պահին այդ վերաբերմունքը փոխվի, Ադրբեջանը մեծ հաշվով հայտնվելու է աշխարհաքաղաքական, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային ծուղակի մեջ»։

Ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը  ռազմավարական բնույթի փաստաթուղթ է, որով երկու երկրների հարաբերությունները տեղափոխվում են որակական նոր փուլ: Այն մշակվել է մեկ տարվա ընթացքում, ներառում է 43 կետ: Առաջին կետով շեշտվում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման սկզբունքի վրա: Փաստաթղթով Մոսկվան և Բաքուն պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ սկսել կողմերի անվտանգությանը և շահերին սպառնացող վտանգների դեպքում: Փաստաթուղթը նախատեսում է նաև փոխադարձ ռազմական աջակցության տրամադրում՝ անվտանգության ապահովման համար:

Շուշիի հռչակագրով ևս ենթադրվում է, որ «կողմերից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում դրա  վերացման նպատակով  պետք է  խորհրդակցություններ անցկացվեն, միմյանց օգնություն ցուցաբերվի ՄԱԿ-ի կանոնադրության ու սկզբունքներին համապատասխան, կազմակերպվի զինված ուժերի ուժային և հրամանատարական ենթակառուցվածքների համակարգված գործունեություն»։

Կարելի է ենթադրել, որ փաստաթղթի վերոնշյալ դրույթները հաշվի առնելով՝  ռուսական կողմը պնդել է , որպեսզի ռուս-ադրբեջանական հռչակագրում մի քանի կետ ավելացվի․

«Այո, կան կետեր, որ Պուտինի պնդմամբ են մտել և ակնհայտորեն Ալիևին դուրս չեն գալիս։ Մասնավորապես, որ երրորդ երկրների անձանց և կամզկերպությունների կողմից պայմանագրի կողմ հանդիսացող որևէ երկրի նկատմամբ անթույլատրելի քարոզչություն իրականացնելու հանգամանքը, իսկ Ադրբեջանում կան այդ կազմակերպությունները։ Արտաքին քաղաքականության ոլորտում կարևորագույն խնդիրների նկատմամբ համաձայնեցված գործողություններ իրականացնելը, որը և Արևմուտքի և Թուրքիայի շահերից չի բխումև էներգետիկ քաղաքականության ոլորտում նույնպես Ադրբեջանի շահերից չի բխել, բայց ստիպված է եղել գնալ ստորագրելու, քանի որ ադրբեջանցիները հստակ հասկանում են, որ իրենք ևս կախված են ռուսական ռազմաքաղաքական տրամադրություններից։ 

 Թուրք-ադրբեջանական տանդեմը առավել կարևորում է «Շուշիի հռչակագրի»  երկու կետ՝ փոխադարձ ռազմական օգնությունը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հիշատակումը։ Հռչակագրում հատուկ հղում է արվում 1921 թ․ ստորագրված Կարսի պայմանագրին։ Զրուցակիցս հիշեցնում  է ՝ Ռուսաստանը դեմ է այսպես կոչված միջանցքային տրամաբանությանը։ Նրա գնահատմամբ՝ ռուս-ադրբեջանական հռչակագիրը ստորագրվել է Շուշիի հռչակագրից բխող հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար։

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահ է, որ Ուկրաինան Թուրքիայի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ադրբեջանը, և իրադարձությունների որոշակի սցենարի  դեպքում հակասություններ կարող են առաջանալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը ծուղակում կհայտնվի, քանի որ ռազմական աջակցության մասին հռչակագիր է կնքել և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, և ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի՝ եզրափակում է զրուցակիցս։

Back to top button