ԿարևորՀասարակություն

ԵՄ երկրներում Ուկրաինայից հեռացող հայերի համար կացարաններ կլինեն․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Հստակ տվյալներ չկան, թե ռուս-ուկրաինական պատերազմի 6 օրերի ընթացքում  քանի հայ է Ուկրաինայից վերադարձել հայրենիք։ Վերադարձի ուղիները շարունակում են միայն ցամաքային լինել․ օդային հաղորդակցության ճանապարհները  Ուկրաինայում և հարավային Ռուսաստանում փակ են։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից մանրամասնում են՝ այս պահին Ուկրաինայից դուրս գալ հնարավոր է ԵՄ արևելյան երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով։ Դրանք որպես տարանցիկ երկիր օգտագործելիս ՀՀ քաղաքացիներից նախապես ստացված վիզա չի պահանջվի։

Կիևում ապրող Հակոբ Գապոյանի 6-րդ օրն անընդմեջ սկսվում է պայթյունների ձայնով և ավարտվում օդային տագնապի ազդանշանով։ Պատմում է՝ եթե առաջին օրերին չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում, այսօր արդեն լսվող կրակոցների ձայներից փորձում են հասկանալ, թե Կիևի որ մասում են մարտեր ընթանում։

«Իրավիճակը ահավոր էր, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, վախ կար, անհանգստություն կար, չգիտեինք՝ ուր կարող ենք գնալ, ինչ կարող ենք անել։ Անկեղծ ասած, չէինք էլ պատկերացնում, որ այս ամենը հասնելու է Կիև։ Երեկ ամենաահավոր օրերից էր՝ 3 ժամվա մեջ մի քանի օդային տագնապ։ Նախորդ օրերին երբեք այդպես չէր եղել։ Երեկ սարսափելի գիշեր էր»,– պատմում է Հակոբ Գապոյանը։

Հակամարտության սրման առաջին օրվանից Հակոբը Հայաստան վերադառնալու ելքեր է փնտրել։ Առաջին օրը դիմել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն․ տվյալներն են վերցրել ու հորդորել սպասել, մինչև հնարավոր կլինի մասսայական տարհանում կազմակերպել։

«Ճիշտն ասած, շատ ենք մտածել ցամաքային ճանապարհով տեղափոխվելու, երկրից դուրս գալու  կամ պարզապես Կիևից մեկ այլ քաղաք գնալու մասին, բայց ցանկացած քաղաքում էլ հիմա իրավիճակը լարված է։ Ու չգիտենք, եթե քաղաքից դուրս գանք, ուր կհասնենք, ճանապարհին ում կհանդիպենք։ Դեսպանատունն էլ ասաց, որ ավելի ապահով է քաղաքից դուրս չգալ։ Բացի դրանից՝ չեմ ուզում մենակ թողնել հայ ընկերոջս, որը Ուկրաինայի քաղաքացի է և Ուկրաինայից դուրս գալ չի կարող»։

Հայաստանում թվային հստակ տվյալներ չունեն, թե ուկրաինական հակամարտության սրման օրվանից՝ փետրվարի 24-ից, քանի հայ է լքել Ուկրաինան տարբեր ուղղություններով կամ վերադարձել Հայաստան։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով մինչև պատերազմը Ուկրաինայում ապրում էր շուրջ 400 հազար հայ։ Թե այս պահին նրանցից քանիսն են դեռ Ուկրաինայում կամ քանիսն էն հեռացել, ոչ ոք չգիտի։

«Հիմնական խնդիրը կարող է լինել Դոնբասի տարածաշրջանում, քանի որ այստեղ մենք ունենք խիտ բնակեցված հայություն, այդ թվում՝ նաև գյուղաբնակ։ Հայաշատ մյուս քաղաքներում նույնպես իրավիճակը լարված է, ինչպես օրինակ Խարկովում, Օդեսայում, Կիևում կամ Դնեպրում»,– ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

«Ռադիոլուրը» կապ հաստատեց նաև Օդեսայի հայ համայնքի միության ներկայացուցիչ Արթուր Սարգսյանի հետ։ Երկար խոսել չհաջողվեց, ասաց միայն, որ իրավիճակը լարված է, իրենք ճանապարհին են՝  չհասցնելով մանրամասնել, թե որ ուղղությամբ են շարժվում։

Հակամարտության սրման օրերին ուկրաինահայերը հիմնականում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, վերջին օրերին շատ են նաև դեպի ԵՄ արևելյան երկրներ տեղափոխվող հայ ընտանիքները՝ ասում է Հովհաննես Ալեքսանյանը և հիշեցնում՝ Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ, ինչը անհնարին է դարձնում ավիափոխադրումները և օդային ճանապարհով տարհանումներ կազմակերպելը։

«Այսօր Բելառուսի կողմից բոլոր անցակետերը փակ են, և բաց են միայն ԵՄ տարածքի երկրների հետ սահմանները՝ Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա, ինչպես նաև Մոլդովա։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ փակ են նաև Մոլդովայի մի քանի անցակետեր։ Այսօրվա դրությամբ Ուկրաինայից դուրս գալու համար գործում է շուրջ 25 անցակետ։ Բայց մեծ հերթեր են, որոնք ձգվում են կիլոմետրեր»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը։

Օրերս  Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինային սահմանակից մի քանի երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները հատելիս ՀՀ քաղաքացիներից նախապես ստացված վիզա չի պահանջվի։

«ՀՀ քաղաքացիներն ունեն իրավունք առանց կորոնավիրուսի թեստի և նախատես ստացած վիզայի, առանց լիարժեք փաստաթղթերի հատել այդ երկրների սահմանները և 15–օրյա ժամկետում այդ երկրների տարածքը օգտագործելու որպես տրանզիտ և վերադառնալ Հայաստան։ ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել Վարշավայի, Բուխարեստի, Պրահայի օդանավակայանները, իսկ եթե ավտոմեքենաներով են, պետք է հատեն Ուկրաինայի սահմանը դեպի Ռումինիա և շարժվելով դեպի Բուլղարիա՝ Թուրքիայով գալ Հայաստան»,– մանրամասնում է Սփյուռքի հարցերով գրասենյակի ներկայացուցիչը։

Առաջիկա օրերին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախատեսում է ԵՄ նշված  երկրների հայ համայնքների հետ համագործակցությամբ Ուկրաինայից դուրս եկող և այդ երկրների տարածքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համար կանգառի, կացարանի հնարավորություններ ստեղծել, որտեղ քաղաքացիները կկարողանան լուծել նաև իրենց փաստաթղթային հարցերը՝ անխոչընդոտ Հայաստան տեղափոխվելու համար։

Back to top button