ԿարևորՏնտեսական

Գազը չթանկացնելու խոստումը պահել են, բայց գազը թանկացել է․ ինչպե՞ս փոխվեց կապույտ վառելիքի գինը

Ապրիլի 1-ից  Հայաստանում սպառողի համար գազի գինը կփոխվի։ Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից բացատրում են՝ գազի գինը ոչ թե բարձրանում է սահմանին, այլ ճշգրտվում է ըստ մեր երկրին մատակարարվող գազի գնի կալորիականության։

Մանրամասնում են՝ Հայաստանը սահմանին 165 դոլար վճարում է 7900 կիլո կալորիականությամբ գազի դիմաց, ինչպես պայմանագրով է ամրագրված, սակայն փաստացի ստանում է ավելի բարձր՝ 8400–8500 կալորիականությամբ գազ։

Հենց այս տարբերության հաշվին պարտքերի առաջ չկանգնելու նպատակով էլ գազի գինը ճշգրտվում է։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի տեղեկացմամբ՝ ճշգրտման գործընթացը պետք է սկսվեր դեռ 2013 թվականից, սակայն տարբեր պատճառներով ձգձգվել է։

Ուղիղ մեկ ամսից Հայաստանում գազի նոր սակագներ կգործեն, միջին վիճակագրական սպառողի համար այն բարձրանում է մոտ 5 դրամով։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեռ հունվարին էր  առաջարկել վերանայել գազի սակագինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու կառավարությունը քննարկել են ,  ընդունել գին բարձրացնելու առաջարկը, բայց նաև որոշել են գազի գնի սանդղակ կիրառել։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հստակեցնում է՝ բացառություններ կլինեն սոցիալապես անապահով սպառողների համար․ գազի սակագինը կմնա նույնը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառելու դեպքում  1 խորանարդ մետրը կարժենա 100 դրամ։ Իսկ ջերմոցային տնտեսությունների ու վերամշակող ընկերությունների համար կգործի տարբերակված սակագին՝ նոյեմբերի 1-ից մինչև  մարտի 31-ը և դրանից հետո։

«1000 խմ-ի համար սահմանել 2339 դոլարին համարժեք դոլար՝ գործող 224  դոլարի փոխարեն, մնացած սպառողներին՝ նաև ՋԷԿ-երին՝  մինչև 10 հազար խորանարդ մետր սպառելու դեպքում սակագինը սահմանել 143 700 դրամ՝  գործող 139 հազար դրամի փոխարեն, դրանից ավելի դեպքում՝ 26581 դոլար՝ 2591  դոլարի փոխարեն»։

10 տարի Հայաստանում սահմանին գազի գինը կմնա նույնը՝ խոստանում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Նույն խոստումը կառավարությունում հնչել էր նաև նախորդ դեկտեմբերին, երբ  գործադիրը  որոշեց «Գազպրոմ Արմենիային» տարեկան մոտ 32  մլն դոլար վճարել՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վերագործարկելու համար։ Նախագիծն այն ժամանակ հիմնավորվել էր նրանով, որ սա  հնարավորություն կստեղծի տասը տարի հաստատուն պահել Հայաստանին մատակարարվող գազի գինը, այն է՝ սահմանին 165 դոլար՝ 1000 խմ-ի համար։

Արդեն հունվարի 13–ին ՀԾԿՀ-ն «ԳազՊրոմԱրմենիա» ընկերությունից հայտ ստացավ՝ առաջարկելով միասնական   սակագին սահմանել՝ 135.6 դրամ, սակայն փաստացի միջին վիճակագրական սսպառողի համար սակագինը սահմանվեց ավելի բարձր, որպեսզի ընդհանուր վճարումների հաշվին հնարավոր լինի ծածկել սոցիալապես անապահովների վճարման տարբերությունը։ Ինչու է, այնուամենայնիվ, բարձրանում գազի գինը՝ հաշվի առնելով նախորդիվ հնչած չթանկացնելու խոստումները։

ՏԿԵՆ տեղակալ Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»-ին բացատրում է՝ սահմանին գազի գինը փաստացի մնում է անփոփոխ, սակայն քանի որ սպառողը ներկայում ստանում է պայմանագրով նախատեսվածից բարձր կալորիականությամբ գազ՝ 7900-ի փոխարեն 8500 կիլոկալորիայով, նոր սակագինը հենց  կալորիականության տարբերության դիմաց է բարձրանում։ Այս դեպքում գազի սակագնի վերանայման հայտն արդարացված է՝ ասում է։  

«Սահմանին գինը մնում է 165 դոլար՝ 7900 կիլոկալորիա գազի համար։ Բայց քանի որ Հայաստան փաստացի գալիս է 8500 կալորիականությամբ գազ, այսօր սահմանվում է դրա գինը՝7900–ի համար թողնելով նույնը, որպեսզի հետագայի համար պարտք չկուտակվի։ Եթե այսօր 165 դոլար գինը ֆիքսվի 7900 կիլոկալորիայի  համար, սակայն մենք շարունակենք օգտագործել 8500 կիլոկալորիականությամբ գազ, տարեվերջին հսկայական ծավալի պարտք կկուտակենք։ Ուստի ընդունվում է 8500–ի համար սակագին»։

ՀՀ ներկրվող ռուսական ու իրանական գազի որակի ցուցանիշերը չափվում են «ԳազպրոմԱրմենիա» ընկերության լաբորատորիայում, Հրազդան ՋԷԿ-ում, «Արարատ Ցեմենտ» ընկերությունում, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ում։ Թե «ԳազպրոԱրմենիա» ընկերության գլխավոր ճարտարագետը, և թե փոխնախարար Վարդանյանը վստահեցնում են՝ կալորիականության շեղումներ գրեթե չեն լինում, եթե լինում են, ապա աննշան։ 

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի գնահատմամբ՝ սահմանված սակագները ամենաօպտիմալն են, որոնք հնարավոր էր սահմանել։ Մինչդեռ «Սպառողների խորհրդատվություն» Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանի գնահատմամբ՝ գազի սակագնի փոփոխությունն անպայման ազդելու է քաղաքացու «գրպանի» վրա, նախ ուղիղ կերպով, քանի որ մարդը սպառած գազի դիմաց ավելի է վճարելու, ապա և անուղղակի, քանի որ գազով կազմակերպվող արտադրությունների արտադրանքը կթանկանա։  

«Նման հստակ հաշվարկ որևէ մեկը չի կարող անել, թե վերջնական ինչպիսի ազդեցություն կունենա։ Այստեղ միայն գազի խնդիրը չէ։ Գազի թանկացմանը զուգահեռ այլ խնդիրներ նույնպես առաջանում են։ Ամեն ինչ կախված է նրանից, թե տնտեսվարողներն ինչպես կարձագանքեն ու ինչ քայլեր կանեն, որ մեղմեն թանկացման հետևանքները»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կարծում են, որ սպառողների համար սահմանված գնի հաջորդ վերանայումը կանեն հավանաբար մեկ տարուց՝ նաև վերլուծելու բնակիչներին մատակարարվող գազի ջերմատվության փոփոխությունները։ Իսկ սահմանին, ինչպես և խոստացված է, գազի գինը պետք է, որ չփոխվի։

Back to top button