ԿարևորՀասարակություն

Բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական նոր տարբերակ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի և «ClinSoft» կազմակերպության համատեղ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական HLA-C*04:01 տարբերակը։

Վերահաստատելով այլ գործոնների նշանակությունը հիվանդության ընթացքի վրա` ինչպիսիք են արական սեռը և մեծ տարիքը, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վարակի ծանր ընթացքին նպաստում է նաև մարդու գենոմում հյուսվածքահամատեղելիության համար կարևոր HLA-C*04:01 տարբերակի առկայությունը և քանակը։

«HLA-C*04:01 տարբերակի բացակայությունը պայմանավորում է հիվանդության անախտանիշ ընթացքը բնակչության մեծ մասի համար։ Պարզվել է նաև, որ այս տարբերակի երկակի կրելը խաթարում է իմունային բջիջների կողմից օրգանիզմ ներթափանցած կորոնավիրուսի ճանաչումը և դանդաղեցնում իմունային պատշաճ պատասխանի ձևավորումը՝ նպաստելով հիվանդության ծանր ընթացքին», — ասում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կ․գ․դ․ Կարինե Մայիլյանը:

Նա նշում է, որ հետազոտությունը ներառել է Հայաստանի ավելի քան 3000 բնակչի բերանի խոռոչի քսուկից կամ արյունից անջատված և սեքվենավորված ԴՆԹ նմուշներ։ Սեքվենավորման և կլինիկական տվյալների հիման վրա մշակվել է հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գնահատման ալգորիթմ։

«Հանրային առողջապահության տեսակետից այս կարևոր արդյունքը հիմնավորում է թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը», — նշում է ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Back to top button