ԿարևորՀասարակություն

Բարձր գինը երաշխիք չէ. խաղալիքների շուկայի վտանգավոր միտումները

Հայաստանում խաղալիքների շուկան ընդլայնվում է, տեսականին դառնում բազմազան, բայց շարունակում է մտահոգիչ մնալ վաճառվող խաղալիքների անվտանգության հարցը: Սպառողների իրավունքների պաշտպանները փաստում են, որ շուկայում խաղալիքների որակն ու  անվտանգությունը հավուր պատշաճի չի վերահսկվում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հակադարձում է՝  վերահսկում են՝ ինչպես հարկն է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթները քիչ չեն։

Մանկության անբաժան ու սիրելի ընկերները՝ խաղալիքները, կարող են նաև վտանգավոր լինել։ Վտանգները կոնկրետ անուններ ունեն՝ ասթմա, ալերգիա, քաղցկեղ, նյարդային ու մաշկային հիվանդություններ։   «Հայաստանում կա խաղալիքների մեծ շուկա, որը պետք է վերահսկել»,- ասում է Վլադիմիր Թամրազյանը։ Նա ղեկավարում է տեխնիկական կանոնակարգերով  սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում․

«Մի քանի տասնյակ ստուգում է իրականացվել խաղալիքների ոլորտում, և միայն երկու ընկերությունում խախտում չի հայտնաբերվել։  Մնացած ընկերություններում խախտումներ են արձանագրվել, և դրանք բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Վարչական վարույթների և իրազեկման շրջանակում մենք ամեն կերպ փորձում ենք տնտեսվարողներին ուղղորդել, որպեսզի պահպանեն տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Յուրաքանչյուր խաղալիք պետք է իրացվի համապատասխանության սերտիֆիկատով։ Եթե առկա է սերտիֆիկատը, խաղալիքը, միանշանակ, անվտանգ է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքն այլ է։ Նա վստահ է, որ ոչ պարենային ապրանքների շուկայում մեծ ռիսկ պարունակող խաղալիքները լաբորատոր փորձաքննություն չեն անցնում ո՛չ Հայաստանի սահմանին, ո՛չ էլ տնտեսվարողների կողմից՝ բացառությամբ մի քանիսի: Ասում է՝ խաղալիքների անվտանգությունը երաշխավորողը  հիմնականում ոչինչ չասող փաստաթղթերն են․

«Սերտիֆիկացման ոլորտում մենք խնդիր ունենք։ Ոչ ոք չի թաքցնում դա։ 5 լաբորատորիա 10 տարբեր պատասխան է տալիս։ Տեսչական մարմինը ստուգումն իրականացնում է այն սերտիֆիկատի վրա, որի հավաստիության հարցում ինքը շատ մեծ կասկածներ ունի։ Բայց նաև ասում է, որ այլ ռեսուրսներ չունի, միայն գնում է տեսնելու՝ ըկերությունը սերտիֆիկատ ունի՞, թե՞ ոչ։ Սերտիֆիկացնողն ասում է՝ էդ երբ են եկել մեզ ստուգելու, որ խնդիր հայտնաբերեն։ Հավատարմագրողն ասում է՝ ես գնում- նայում եմ, ուրիշ ի՞նչ անեմ։ Էկոնոմիկան էլ ասում է՝ ոնց որ ոչ ոք դժգոհ չէ, ես գամ՝ ի՞նչ անեմ։ Այնինչ, եթե ձևի և բովանդակության մեջ իշխող լիներ բովանդակությունը, մենք այդ խնդիրները լուծելու հնարավորություն կունենայինք։ Այսինքն, ըստ էության, տեսչական մարմինը դարձել է թուղթ նայող և նայում է այն թուղթը, որի վրա ինքն էլ երաշխիք չունի»։

Բաբկեն Պիպոյանը սպառողներին հորդորում է խաղալիքի բարձր գինը անվտանգության երաշխիք չհամարել։ Խաղալիք գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել անվանումը, արտադրող երկիրը, արտադրողի ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Պահպանման և օգտագործման պայմանների և նախատեսված տարիքային խմբի մասին տեղեկությունները նույնպես պետք է հաշվի առնել․

«Թանկ խաղալիքի տրամաբանությունը պետք է լինի հետևյալում. օրինակ, եթե հավաքովի խաղալիքի դեպքում ծնողն անուշադիր լինի , երեխան կուլ տա, կմարսվի։ Դրա համար վճարում ես ավելի թանկ։ Կամ մի խաղալիք մեքենան ավելի լավ է լիցքավորվում, քան մյուսը։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, բոլորը պետք է լինեն անվտանգ»։

Որևէ խաղալիքից որևէ երեխա դեռ չի թունավորվել՝ հավաստիացնում է տեսչական մարմնի ներկայացուցիչը։ Վլադիմիր Թամրազյանն ասում է՝  օնլայն խանութները վերահսկելը մի քիչ ավելի դժվար է, թեև դրանց էլ են հետևում։ Կարևորում է նախ սպառողի իրազեկվածությունը․ գնորդը պետք է սերտիֆիկատ պահանջի․ դա նրա իրավունքն է․

«Մեր ստուգումներից բացի, սա տնտեսվարողի և քաղաքացու իրավագիտակցության հարց է։ Միայն վերահսկողությամբ հնարավոր չէ արդյունքի հասնել, որովհետև մեր քաղաքացիներն իրենք էլ պետք է գնումներ կատարելիս իրենց իսկ երեխայի անվտանգության համար փաստաթուղթ պահանջեն։ Տնտեսվարողն էլ պետք է բարեխիղճ լինի, ինչը ոչ միշտ է պատահում։ Մի հարցում կարող եմ վստահեցնել՝ մեր իրականացրած ստուգումները բացառապես օբյեկտիվ են»։

Խաղալիքների ընտրության հարցում առաջին պայմանն, իհարկե, անվտանգությունն է։ Ամենախոցելին ամենափոքրերն են։ Մինչև 3 տարեկան երեխաների խաղալիքները պետք է լինեն առանց սուր ծայրերի, կազմված չլինեն չափազանց փոքր մասնիկներից, որոնք երեխան կարող է կուլ տալ։ Պատասխանատվությունը ծնողինն է՝ ընտրել այնպիսի խաղալիք, որը ոչ միայն չվնասի, այլև նպաստի երեխայի զարգացմանը:

Back to top button