ԿարևորՏնտեսական

Պատերազմը չի ազդել Լարսով փոխադրումների վրա

Արդեն հինգերորդ օրը շարունակվող ռուս-ուկրաինական ապատերազմն այս պահին որևէ կերպ չի ազդել Լարսով իրականացվող բեռնափոխադրումների վրա։ Վրաց-ռուսական ցամաքային ճանապարհը, որի միջոցով Հայաստանը կապվում է Ռուսաստանի հետ, այս պահի դրությամբ աշխատում է բնականոն ռեժիմով՝ «Ռադիոլուրին» ասում է Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը․

«Պատերազմը որևէ կերպ առ այսօր չի ազդել փոխադրումների վրա»։

Չնայած և վրացական, և ռուսական կողմում եղած կուտակումներին, որի պատճառը ռուսական անցակետի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներն են և մեքենաների մեծ հոսքը, Լարսն աշխատում է առանց խնդիրների։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ուկրաինայում (Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը) և Ռուսաստանում (Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են արտակարգ ռեժիմով: Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ,  Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիները, ովքեր մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Ոչ պաշտոնական տվյալներով (ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի) ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 500 000 հայ, նրանց կեսը այդ երկրի քաղաքացիներ են։

Ղրիմի հետ սահմանին գտնվող Ուկրաինայի Խերսոն քաղաքը, որի համար օրեր շարունակ մարտեր են ընթանում, իրավիճակն այս պահին փոքր ինչ հանդարտվել է, ասում է հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Համբարձումյանը՝ նկատելով, որ այստեղ թիրախում տեղի ջրամբարի գրավումն էր, որը ջրով է ապահովում է Ղրիմի 80 տոկոսը։

Համբարձումյանը նշում է, որ իր ընտանիքը չի պատրաստվում լքել քաղաքը․

«Հույս ունենք, որ բանակցությունները արդյունք կտան, գոնե կրակը կդադարեցվի, երեխաները ապաստարաններում լացում են, 21-րդ դարում մեր գլխավերևում արկեր են թռչում»։

Մարգանեց քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչներն էլ պատմում են, որ իրենց մոտակայքի ռազմական կետերի ուղղությամբ են պայթյուններ եղել․

«Մեզ մոտ այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, խանութները աշխատում են, բայց մարդիկ շարունակում են հեռանալ, բանկոմատները սակայն գումար չեն տալիս, տերմինալներն ընդհանրապես դադարել են սպասարկել»

Ավելի քան 360 հազար մարդ արդեն լքել է երկիրը, սակայն ԵՄ-ը շատ ավելի մեծ միգրացիոն ճգնաժամ է կանխատեսում։

Վրաստանը ևս պատրաստակամություն է հայտնել ընդունել Ուկրաինայից փախստականներին։

Վրաստանի կառավարությունը ավելի վաղ հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ Ռուսատանի դեմ պատժամիջոցներին․ դա չի բխում երկրի շահերից։ Այսօր  կառավարության նիստի ավարտին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ «գործընկերների և հարևան պետությունների հետ, քննարկում է Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու հնարավորությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button