ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահի ընտրությունն ԱԺ-ում՝ այս շաբաթ․ նրան կընտրի միայն իշխանությունը

Վաղն սկսվող ԱԺ հերթական նիստերի ընթացքում Ազգային ժողովը կընտրի Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահին։ Չորրորդ  նախագահ Արմեն Սարգսյանի անակնկալ հրաժարականից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, 62-ամյա Վահագն Խաչատուրյանին։ Համաձայն Սահմանադրության՝ երկրի նախագահի ընտրությունն  Ազգային ժողովում անցկացվում են նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ քան 25 և ոչ ուշ, քան 35 օր անց։  Խորհրդարանում ընտրությունը փակ է, 3 փուլի հնարավորությամբ։  

Հայաստանի 5-րդ նախագահի ընտրության հարցը բացառապես խորհրդարանական մեծամասնության «ուսերին» է։ 35 հոգանոց խորհրդարանական ընդդիմությունը իր համար ձևավորել է այլ օրակարգ։ Մինչ իշխանությունը զբաղված է նախագահի ընտրությամբ, ընդդիմադիրները ձևակերպում են իրենց առաջիկա անելիքը։ Խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության մաս կազմող դաշնակցականները Երևանում մասնակցում են ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովին․ օրակարգը այսօր ձևակեպել է Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․

«Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի։ Պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ։ Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը»։

Արտախորհրդարանական ուժերից ժողովի էին հավաքվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամները։ Այս տարի առաջին անգամ անցկացրեցին  համապետական Քաղաքական խորհրդի նիստ, որին մասնակցեց մարզերից ժամանած 55 պատվիրակ։ Քննարկումների ավարտին ընդունված հայտարարությամբ պահանջում են վարչապետի հրաժարականը։ Իսկ Հայաստանի 5-րդ նախագահի թեկնածուի մասին կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ դիրքորոշում չի հայտնում։

«Ես պարոն Խաչատրյանին ճանաչում եմ որպես մարդ, որպես ընդդիմադիր գործիչ, բայց ոչ որպես իշխանության թիմի անդամ։ Ես արտահայտել եմ արդեն իմ վերաբերմունքը գործող իշխանության վերաբերյալ։ Հարցն այն է, թե պարոն Խաչատրյանը թիմի անդա՞մ է մնալու, թե՞ վերկուսակցական պետական այր է դառնալու։ Բայց բարին եմ մաղթում»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խոսում է հանրապետությունում նորմալ աշխատանքային մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտության սմասին։ Ասելիքը առավելապես ուղղում է խորհրդարանական ընդդիմությանը։

«Մենք, դժբախտաբար, տեսնում ենք նախկին իշխանության ներկայացուցիչների, որոնք նորից ուզում են հենվել կրիմինալի վրա, կրիմինալ երևույթների հիման վրա հետ գալ իշխանության։ Մեր ժողովուրդը մեր բոլորի կենսագրությունը անգիր գիտի, ու ամեն մեկի նկատմամբ իր վերաբերմունքն ունի։ Ես էլ գիտեմ, որ հասարակության մոտ 20%-ը ընտրություններում ենթադրել է, որ դուք իրավացի եք։ Մեծամասնությունը համարել է, որ դուք սխալ եք, և իշխանություն չի կարելի ձեզ վստահել։ Աստված տա՝ հաջորդ անգամ այնպես անեք, որ արժանանաք այդ վստահությանը։ Ձեր ամբողջ պահվածքը մինչև այսօր ցույց է տվել, որ դուք «քոք ենք մաշացնում»։ Դա է ձեր լիդերի նպատակը։ Դուք անընդհատ ուզում եք ցույց տալ, որ քանի դեռ չեք վերադարձել, ոչ մի լավ բան չի լինելու, իսկ ես ման եմ գալիս, երկու օր առաջ էի Շիրակի մարզում, ծիծաղում են մեզ վրա։ Մեզ անընդհատ ասում են՝ մոռացեք դրանց, գործով զբաղվեք։ Մեզ կշտամբում են, որ մենք ձեզ հետ ժամանակ ենք կորցնում, որովհետև մարդկանց պետք չէ «քոք մաշվի», մարդկանց պետք չէ, որ մենք տարբեր կողմերի բաժանվենք ու անդաստիարակ ձևով դաստիարակության մասին խոսենք, մանկապարտեզի մակարդակով մանկապարտեզից խոսենք։ Դուր չի գալիս դա մարդկանց»։

Արդեն հայտնի է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու Հանրապետության նախագահի ընտրությանը․ համատեղ հայտարարություն էին տարածել։

Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը հանրապետության նախագահ կդառնա միայն խորհրդարանական մեծամասնության քվեարկության շնորհիվ։ Խորհրդարանական երեք խմբակցություններից ընդամենը մեկի՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն են հանդիպել նախագահի թեկնածուի հետ, մյուս երկու խմբակցությունները նման ցանկություն չեն հայտնել, թեև ընդունված է՝ առաջադրված թեկնածուի հետ խմբակցությունները խորհրդարանում խորհրդակցություններ են կազմակերպում։ Վահագն Խաչատուրյանը  նախանշել է, թե որ գործառույթն է առաջնային համարում Հայաստանի նախագահի համար։

«Ամենակարևորը՝ իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահելու խնդիրն է։ Բարդ իրավիճակներում, երբ նա այդ աշխատանքն է իրականացնում, ոչ թե պետք է որևէ մեկի կողմը կանգնի, պաշտպանի կամ չպաշտպանի, իսկապես, պետք է գտնի այն լուծումը, որը ընդունելի է, և որը երկրի տարբեր իրավիճակներում ցնցումներ չի առաջացնի»։

Ընդդիմադիրների բոյկոտով հանրապետության նախագահի ընտրությունը չի տապարվի, քանի որ այդ ընտրության համար Սահմանադրությունը նախատեսել է տարբեր ընթացակարգեր՝ հնարավոր 3 փուլ՝ աստիճանաբար իջեցնելով ընտրվելու համար անհրաժեշտ քվեների շեմը։ Առաջին փուլով նախագահ ընտրվելու համար Վահագն Խաչատուրյանին անհրաժեշտ է 81 քվե, երկրորդ փուլում՝ 65, երրորդում բավարար կլինի պարզ մեծամասնությունը՝ 54 քվե։ Ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ 71 հոգանոց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իր թեկնածուին նախագահի պաշտոնում կընտրի երկրորդ փորձից։

Back to top button