ԿարևորՀասարակություն

Հոգեբանական «պատերազմ» Ադրբեջանի կողմից՝ թուրքական մոտիվներով

Պատերազմից հետո ու պատերազմին զուգահեռ՝ Ադրբեջանը պատերազմի այլ մարտավարություն էլ ունի․ բացի կիբերպատերազմից՝ հարևան, ոչ բարեկամ երկիրը նաև հոգեբանական պատերազմի դաշտում է կռիվ տալիս։ Օրերս Արցախի Խրամորթ գյուղը լքելու ադրբեջանական կոչերը հենց այդ տրամաբանության մեջ է դիտարկում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Դրանք խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն՝ «Ռադիոլուրին» ասել է մասնագետը։

Կիրառված հնարքները կարող են ազդել, անշուշտ, կարծում են հոգեբանները, բայց նաև շեշտում՝ հայկական կողմը պետք է ու կարող է ունենալ դրա հակակշիռը՝ նախ սոցիալական զարգացման ծրագրերով, ապա և նույն հոգեբանական ազդեցության գործիքներով։

Հոգեբանական «պատերազմ» Ադրբեջանի կողմից՝ թուրքական մոտիվներով․ բնորոշումը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանինն է։ Այս մարտավարությունն Ադրբեջանը նոր չէ, որ բանեցնում է։ Դա հատուկ է այդ երկրին՝ ասում է։  Նման քաղաքականություն այն վարում է հակամարտության հենց սկզբից։  Օրինակներից մեկն էլ օրերս Խրամորթում տեղի ունեցածն է․ Ադրբեջանը փորձում է հայկական տարածքները լքելու հայերեն  հայտարարություններով հոգեբանորեն ազդել բնակչության վրա, ճնշել և վերջին հաշվով նաև այդ կերպ հայաթափել գյուղերը։

«Ադրբեջանի միակ նպատակն է հայաթափել Արցախը։ Նա չի կարող անել դա այլ ճանապարհով, այսինքն` այս փուլում ռազմական գործողություններով։ «Ամենաանմեղ» ճանապարհով է դա փորձում անել, որի մասին և ոչ մի տեղ չունի ո՛չ պարտավորություն, ո՛չ էլ պայմանավորվածություն»։

Օրեր առաջ Խրամորթում ադրբեջանական զինվորականները բարձրախոսով հայերենով կոչ էին արել լքել իրենց բնակության տարածքները՝ հայտարարելով, թե   խրամորթցիներն Ադրբեջանի տարածքում են գտնվում։ Հնչել էին սպառնալիքներ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հարցին միաժամանակ երկու կողմից է մոտենում։ Շեշտում է՝ Ադրբեջանի այս քաղաքականությունն ավելի շատ ուղղված է ռուս խաղաղապահների դեմ։ Եթե նրանք են խաղաղության երաշխավորը, ապա այս դեպքում նրանց հանդեպ վստահությունը բեկելը ևս կարող է օգնել իրենց նպատակին հասնել։

«Այսօր Ադրբեջանի համար  խնդիրը ոչ թե հող գրավելն է, այլ այնտեղ ապրող մարդիկ են, որովհետև այնտեղ ապրող մարդկանց են պաշտպանում ռուս խաղաղապահները։ Եվ ամբողջ պատճառաբանությունը հօդս կցնդի ռուսների, եթե այնտեղ այլևս չապրեն մարդիկ։ Դա է պատճառը, որ փորձ է կատարվում հոգեբանական  այս մեթոդով ազդել արցախահայության վրա»։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ նման հայտարարություններն ամեն դեպքում ազդում են մարդկանց հոգեբանության վրա։ Անվտանգության հանդեպ վստահությունը թուլացնելու միտումն է ադրբեջանցիների մարտավարության հիմքում, ինչը, ենթադրաբար, կարող է գյուղում մնալու հետագա ծրագրերը բեկել։ Ըստ հոգեբանի՝ այս դեպքում հայկական կողմը պետք է արձագանքի հակահարվածով։ Դա կարող է լինել քաղաքական հայտարարություններով, հոգեբանական ամենատարբեր մոտեցումներով, բայց ամենակարևորը՝ պետք է տարվի սոցիալական այնպիսի քաղաքականություն, որը կմեղմի նման պատերազմական հնարքների բացասական ազդեցությունը մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Բնակիչը պետք է հասկանա, որ միայնակ չէ, որ կան անվտանգության ինչ-որ երաշխիքներ։ Խաչատուր Գասպարյան․

«Այստեղ շատ կարևոր է, որ մարդիկ իրենց թիկունքում զգան ամուր իշխանություն, խաղաղապահների վերաբերմունքը պետք է փոխվի, ինչու ոչ, նաև Հայաստանի քաղաքական գործիչները պետք է հայտարարություններով հանդես գան, որպեսզի ապահովության գործոնը չկորցնեն։ Այդտեղ շատ գործոններ կան, միագործոն չէ»։ 

Բայց միայն հայտարարությունները բավարար չեն իրավիճակը փոխելու համար։ Ըստ հոգեբանի՝ այստեղ շատ կարևոր է, թե համայնքների լիդերներն ինչպիսի մեսիջներ են փոխանցում, ինչպիսի վարք են դրսևորում։ Հոգեբանական պատերազմի ենթարկված անձանց հետ պետք է հոգեբանական աշխատանք տարվի։

 «Միայն թողնել ժողովրդի բանականության կամ ինտուիցիայի վրա, թե սրանք իրական, թե երևակայական սպառնալիքներ են,  կմատնվի կրախի»։

Եթե անգամ վերջին հաշվով մարդիկ չթողնեն իրենց բնակավայրերը, հոգեբանական պատերքազմի հնարքների հետևանքը կարող են լինել ագրեսիան, անվստահությունն ու ընկճվածությունը։ Իսկ նման հայտարարությունները չեն հարցնում տարիք ու սեռ, ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը։ Ամեն դեպքում հայկական կողմի հակահարվածները կարող են լինել ադրբեջանական հնարքներից ուժեղ․ ու, ըստ հոգեբանի, ժամանակ չպետք է կորցնել։

Back to top button