ԿարևորՀասարակություն

Իրավիճակը լարված է Խարկովում․ պատմում են Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները

Ուկրաինայի հայերի շրջանում տուժածներ և վիրավորներ չկան՝ «Ռադիոլուրին» հայտնել են Ուկրաինայի հայերի միության և հայ համայքների  ներկայացուցիչները։ Շատերը, նրանց խոսքով,  շարունակում են մնալ Ուկրաինայում, մի մասն էլ դուրս են գալիս երկրից ցամաքային ճանապարհով․ օդային հաղորդակցությունը շարունակում է փակ մնալ։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ մինչև պատերազմը Ուկրաինայում շուրջ 300-350 հազար հայ էր ապրում, պատերազմի օրերին տեղահանված կամ  տեղափոխված հայերի վերաբերյալ թվային տվյալներ չունեն, շեշտում են՝ թե ուկրաինացիների, թե հայերի համար խնդիրները նույնն են։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի հետ մեր հեռախոսային զրույցը մի քանի անգամ ընդհատվեց։ Դավիթ Մկրտչյանը հասցրեց ասել, որ գիշերը և առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը բավական լարված է եղել․

«Գիշերը Կիևում ծանր մարտեր էր, բախումներ էր, անընդհատ մեր գլխի վրայով ինքնաթիռներ են թռնում»։

Ուկրաինայի տարածքում հեռախոսային և ինտերներտ կապը պարբերաբար խափանվում է։ Հայերի միության ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանը վստահեցնում է, որ դժվարությամբ, բայց փորձում են անընդհատ կապի մեջ լինել բոլոր շրջանների հայ համայնքների հետ։

«Արևելյան և հարավային մասում իրավիճակը շատ ծանր է, մասնավորապես՝ Խարկովում։ Սակայն պետք է ասեմ, որ տեղի հայերը ապահով են․ աշխատում են օգտակար լինել նաև տեղի բնակիչներին՝ ուկրաինացիներին։ Արևմտյան տարածքներում ավելի ապահով է»,-պատմում է Դավիթ Մկրտչյանը։

«Ռադիոլուրը» կապ հաստատեց նաև Խարկովի մարզի հայ համայնքի նախագահ Արմայիս Հովհաննիսյանի հետ։ Երկար զրուցել չհաջողվեց․ կրակոցների ձայները ստիպեցին ընդհատել զրույցը, ինչպես պարոն Արամայիսն ասաց,  թոռներին նկուղ իջեցնելու համար։ Խարկովում իրավիճակը վերջին երկու օրերին հատկապես լարված է՝ «Ռադիոլուրին» պատմում է քաղաքի բնակիչներից Արթուր Աթոյանը։

«Այս պահի դրությամբ Խարկովի կենտոնում մարտեր են։ Նախորդ օրերին քաղաքի մեջ ոչինչ չկար, իսկ հիմա արդեն քաղաի մեջ կրակոցներ կան։ Հայերը հիմնականում այստեղ են, դուրս գալ հնարավոր չէ, ճանապարհները փակ են։ Փոքր խանութները չեն աշխատում, իսկ մեծ խանութներում ինչ-որ բան առնելու համար մի քանի ժամ հերթ ենք կանգնում»։

Իրենց բնակարաններում կամ ապաստարաններում են նաև մայրաքաղաքի՝ Կիևի բնակիչները ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց  Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։ Չնայած 28-ի առավոտյան պարետային ժամն ավարտվել է, բայց քաղաքի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս բնակարաններից կամ ապաստարաններից դուրս չգալ։ Ցերեկային ժամերին Կիևում համեմատաբար հանգիստ է՝ ասում է Կիևի հայ համայնքի նախագահը և վտահեցնում՝ մինչև այս պահը հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։

«Կիևում մարդիկ հիմնականում ապաստարաններում են, մենք բոլորին խորհուրդ ենք տալիս չտեղաշարժվել մինչև պարզ լինի, թե ինչ ենք անելու։ Հիմնականում անորոշ, սպասողական վիճակ է։ Պարետային ժամը ավարտվել է, հիմա ամեն ինչ արդեն բաց է մինչև երեկոյան 10-ը։ Պարզ է՝ պատերազմական իրավիճակ է, տագնապ էլ կա, անհանգստություն էլ կա։ Մի մասը մտադիր է մնալ, մյուս մասը ուզում է դուրս գալ երկրից»,- պատմում է Նորիկ Գևորգյանը։

Այս պահին շարունակում է փակ մնալ Ուկրաինայի օդային տարածքը։ Երկրից դուրս գալու միակ հնարավորությունը ցամաքայից ճանապարհն է՝ պատմում է Ուկրաինայում հայերի միության ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանը։

«Իհարկե, դուրս են գալիս երկրից․ Ուկրաինայում այս պահին կազմակերպված տարհանում չկա, բայց տեղի հայ համայնքը և համայնքային կազմակերպությունները փորձում են ամեն կերպ օգտակար լինել դուրս եկող հայերին։ Հայաստան վերադարձողներն էլ են Ուկրաինայի արևմուտքով գնում․ նրանք պետք է Ուկրաինայից դուրս գան դեպի Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, որ այնտեղից կարողանան Հայաստան հասնել»։

Տրամադրությունններն այլ են Ուկրաինայի արևելյան շրջանների հայ համայնքներում։ Իրավիճակն այստեղ համամատաբար հանգիստ է։ Լուգանսկի հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը պատմում է՝ 28-ի առավոտյան պատերազմի առաջին օրերին  Դոնի Ռոստով տեղափոխված 3 հայ ընտանիքի է դիմավորել․ վերադարձել են Լուգանսկ, որտեղ, հայ համայնքի ներկայացուցչի խոսքով, կյանքը իհարկե առաջվանը չէ, բայց նախորդ օրերի համեմատ ավելի խաղաղ է։

«Ես Լուգանս քաղաքում եմ գտնվում ու դուրս չեմ եկել, կրակոցներ այս պահին չկան, քանի որ զորքերն արդեն առաջ են գնացել։ Տրանսպրտ կա, փողոցում մեքենաներ կան, բայց դե կյանքը դեռ առաջվանը չէ։ Լուգանսկից հեռացած 3 հայ ընտանիք արդեն հետ է վերադարձել, և պարզ է, որ երբ իրավիճակը հանգստանա, բոլորը վերադառնալու են»։

Գիշերը և առավոտյան իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել նաև Դոնեցկում՝ պատմում է տեղի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։ Համայնքում միայն ջրի խնդիր ունեն, մյուս ենթակառուցվածքները աշխատում են, պարբերաբար միայն հեռախոսակապն է ընդհատվում։

«Այս պահի դրությամբ կապ չունեմ, որովհետև շատ տեղերում հոսանքազրկված է ինտերնետ չկա, դա է պատճառը։ Երեկ քաղաքում պտտվեցի, հանգիստ է, սպասողական վիճակ է․ չէի ասի որ աշխուշություն կա, բայց շարժ կա։ Այն պատերազմական իրավիճակը որ հիմա ուկրաինայի հարավային շրջաններում է, օրինակ Խարկովում, այդ իրավիճակը մեզ մոտ չկա»,-պատմում է տեղի հոգևոր հովիվը։

Հայ լինելը մեր իրավիճակը չի փոխում՝ կատակում են Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները և հավելում՝ նույն խնդիրներն ունեն, ինչպես բոլոր ուկրաինացիները։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը վստահեցնում է՝ փետրվարի 28-ի դրությամբ հայ համայնքի շրջանում տուժածներ, վիրավորներ ու ավերածություններ չկան։

Back to top button