Էկոսֆերա

Գերմանիայում հողմային պարկի կառուցման համար ցանկանում են հատել «Գրիմ եղբայրների» անտառը․ «Էկոսֆերա»

Շաբաթը հագեցած էր կլիմայական անակնկալներով, հատկապես եվրոպական երկրներում՝ փոթորիկ, հրդեհ և հեղհեղում։

Գերմանիայի Հեսսենի դաշնային նահանգի իշխանությունները որոշել են հատել լեգենդար Ռեյնհարդսվալդ անտառի մի մասը՝ հողմային մեծ այգի կառուցելու համար։

Այս նախագծին դեմ են ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ բնապահպանները։ Փորձագետները հիշեցնում են, որ Ռեյնհարդսվալդի անտառը ժամանակին ոգեշնչել է Գրիմ եղբայրներին, այստեղ որոշ ծառեր ավելի քան 600 տարեկան են։

Անտառում շատ կենդանիներ են ապրում, հազվագյուտ խոտաբույսեր ու ծառեր են աճում։ Շինարարության ընթացքում, որը կտևի մոտ երկու տարի, կտուժի ստորերկրյա ջրային համակարգը։

Տեղի բնակիչներն ու ակտիվիստները նշում են, որ այս անտառը վերջին վայրն է, որտեղ կարելի է զբոսնել, հանգստանալ եռուզեռից, հեծանիվ քշել։

Համաձայն նախագծի, այգու ապագա տարածքը կկազմի մոտ 2 հազար հեկտար, այստեղ կտեղադրվեն 250 մետր բարձրությամբ տասնյակ հողմային տուրբիններ, կկառուցվի նաև մայրուղի։

Հեսսենի հողմային կայանները տարեկան պետք է արտադրեն մինչև 300 հազար մեգավատ ժամ էներգիա։

Իշխանությունները պնդում են, որ հատվելու են անտառի միայն վնասված հատվածները։ Բնական պաշարների նախարարության ղեկավար Պրիսկա Հինզի խոսքով՝ անտառները նույնպես անհետանում են կլիմայական խնդիրների պատճառով, ուստի քամու էներգիան և այլ վերականգնվող աղբյուրները կօգնեն պաշտպանել դրանք: Միաժամանակ երկրում էներգետիկ ճգնաժամ է, էլեկտրաէներգիայի պակաս կա։

Ավելի վաղ նոր դաշնային կառավարությունը հայտարարել էր բազմաթիվ հողմակայաններ կառուցելու մտադրության մասին։ Դրա համար յուրաքանչյուր մարզ պարտավոր է իր տարածքի մինչև 2%-ը հատկացնել տուրբինների կառուցմանը։
Այդհանդերձ, հողերը սակավ են, ինչը հանգեցնում է անտառահատումների:

Բնապահպանները նշում են, որ հողմային կայանների կառուցման համար «առասպելական» անտառի հատումը բնական միջավայրի հատում է, բացի այդ, հողմակայանների գործունեության պատճառով առաջանալու է թրթռում, որը բացասաբար է անդրադառնալու կենդանի օրգանիզմների վրա։

Back to top button