Մոռացված ֆիլմերի ստվերները

«Նորից ամառ եկավ»՝ հայկական արտադրության մանկապատանեկան սակավաթիվ էկրանավորումներից մեկը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 70-ականներին, Խորհրդային միությունում պատանիների ինժեներական միտքն ու գիտության հանդեպ հետաքրքրությունը զարգացնելու պետական ծրագիր մշակվեց։ Այն կյանքի կոչելու համար որոշվեց դիմել կինեմատոգրաֆի օգնությանը։

Չէ՞ որ կինոարտադրության հստակ կազմակերպման դեպքում, այն կարող է լինել քարոզչության բավականին հաջող գործիք։ Դա էր պատճառը, որ Խորհրդային միության տարբեր երկրների կինաստուդիաներն այդ թեմայով մանկապատանեկան ֆիլմեր նկարահանելու պատվերներ ստացան։ Անմասն չմնաց նաև «Երևան» հեռուստաֆիլմերի կինոստուդիան։ 

Վավերագրող ռեժիսորի՝ արդեն հարուստ կենսագրություն ունեցող Ռոբերտ Սարգսյանը, տարիներ շարունակ մտածում էր գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մասին։ Բայց դեպքերի ընթացքը հաճախ էր շեղում նրան իր որոշումից։ Զանազան դժվարութուններ հաղթահարելուց, երկար պայքարելուց հետո Ռոբերտ Սարգսյանին ի վերջո հաջողվում է մուտք գործել խաղարկային կինոյի աշխարհ։ Նա Երվանդ Մանարյանի հետ միասին նկարահանում է իր առաջին՝ «Նորից ամառ եկավ» կարճամետրաժ մանկապատանեկան ֆիլմը։

«Նկարահանման հրապարակում և հրապարակից դուրս ստեղծագործական խմբի անդամներն այնքան էին մտերմացել, որ կարծես մի մեծ ընտանիք լինեին։ Բոլորը համախմբվել էին մի նպատակի շուրջ՝ նկարահանել իսկապես գեղարվեստական արժեք ներկայացոնող ֆիլմ։ Եվ կարծում եմ՝ մեր ջանքերն ապարդյուն չանցան»,-ասում է Կարապետ Բորյանը։

Կարապետ Բորյան

Խաղարկային ժանրում ֆիլմ նկարահանելու՝ դեռևս փորձ չունեցող երկու տաղանդավոր արվեստագետներին, ակտիվորեն օգնում էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմով ճանաչում ստացած կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը։ Նրա առաջարկով նկարահանող խմբում որպես երկրորդ ռեժիսոր ընդգրկվեց Կարապետ Բորյանը, որը  տարիներ անց էլ մեծ ջերմությամբ է հիշում «Նորից ամառ եկավ» ֆիլմի նկարահանումները։

Թատերական գործունեությամբ հայտնի Երվանդ Մանարյանը եղբոր՝ Արման Մանարյանի «Տժվժիկ» ֆիլմի համար սցենար գրելու օրվանից տարվեց ֆիլմարտադրությամբ։ «Նորից ամառ եկավ» կարճամետրաժ, մանկապատանեկան ֆիլմում նա հանդես եկավ որպես սցենարիստ, ռեժիսոր և դերասան։ Դրամատուրգ, արձակագիր Ռուբեն Մարուխյանն ու Երվանդ Մանարյանը կարճ ժամանակում գրեցին «Նորից ամառ եկավ» մանկապատանեկան ֆիլմի սցենարը և այն ներկայացրեցին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ղեկավարությանը։

Երվանդ Մանարյան

Սցենարի հաստատումից հետո սկսվեցին ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները։ Ռոբերտ Սարգսյանը, Ներսես Հովհաննիսյանն ու Կարապետ Բորյանը ապագա ֆիլմի վեց պատանիների  դերակատարներին գտնելու համար եղան Հայաստանի տարբեր մարզերի պիոներական ճամբարներում։

Վանաձորի և Հանքավանի ճամբարներում հարմար թեկնածու չգտնելով՝ նրանք ուղևորվեցին Ծաղկաձոր։ Այնտեղ էր իր ամառային արձակուրդն անցկացնում կինոնկարի ապագա գլխավոր հերոսը՝ Ադամ Ներսիսյանը։ Ռոբերտ Սարգսյանն ու Ներսես Հովհաննիսյանն անմիջապես նկատեցին հասակակիցների մեջ տարբերվող պատանուն։

Ադամ Ներսիսյանի մասնակցությունը հաստատվեց Գևորգի դերում։ Իսկ դրամատուրգ, սցենարիստ, երգահան, մի խոսքով Մանարյաններին բնորոշ շնորհները ժառանգած Քրիստ Մանարյանը քրոջ՝ Արփենիկի հետ, ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում մարմնավորեցին միմյանց նվիրված քրոջ ու եղբոր կերպարները։

«Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ ֆիլմի օպերատոր Ստեփան Մարտիրոսյանի մեքենայով հետ էինք գալիս ինչ-որ տեղից և նա զրույցի ընթացքում հորս ասաց.

— Երվա’նդ, անպայման պիտի ֆիլմ նկարահանենք և այդ ֆիլմում իրենց դերակատարումներով պիտի հանդես գան Քրիստն ու Արփենիկը։

Դա լսելուց հետո սիրտս սկսեց արագ խփել և ես ինքս ինձ ասացի՝ օ՜, վերջապես ինձ կինոյում են նկարահանելու, մեծ դերում, դա իմ երազանքներից էր», -տարիներ անց էլ, ֆիլմի ստեղծման պատմությունը հիշելիս, Քրիստ Մանարյանը կարծես նույն պատանեկան ոգևորությամբ համակված լինի։

Քրիստ Մանարյան

1974 թվականի ամռանը «Նորից ամառ եկավ» ֆիլմի նկարահանող խումբը Երվանդ Մանարյանի և Ռոբերտ Սարգսյանի ղեկավարությամբ ուղևորվում է Գառնի գյուղ, որտեղ երկու ամիս շարունակ իրականացնում էին նկարահանման աշխատանքները։ Հյուրընկալ գառնեցիները մեծ ուշադրությամբ են շրջապատում ստեղծագործական խմբին։

Քրիստ Մանարյանը տարիներ անց էլ մեծ ոգևորությամբ է հիշում այդ օրերը, ֆիլմի դերասաններին՝ Ազատ Շերենցին, Վերջալույս Միրիջանյանին, Լյուսյա Հովհաննիսյանին, որոնց հետ բախտ էր վիճակվել նկարահանման նույն հրապարակում աշխատել։

«Հիշում եմ, որ Գառնիի երիտասարդ աղջիկներն անընդհատ մեր շուրջը պտտվում էին, նամակներ էին մեզ գրում։ Մեծերի հետ շփվելու ընթացքում ես լսում էի պատմություններ, որոնք իմ մեջ շատ տպավորվել են մինչև օրս: Հիշում եմ, երբ  Շերենցին առաջարկում էին սուրճ խմել նա հրաժարվում էր ասելով՝ «չէ, մերսի ծարավ չեմ»։ Լյուսյա Հովհաննիսյանը ֆիլմում հանդես էր գալիս գյուղի պատանիներից մեկի մոր դերում, բայց պատկերացրեք՝ նա կարծես մեր բոլորի մայրը լիներ նկարահանման հրապարակից դուրս: Երանելի ժամանակներ էին»,-պատմում է Քրիստ Մանարյանը։  

Ջերմ, հուզիչ, հետաքրքիր ձեռագրով ստեղված «Նորից ամառ եկավ» կինոնկարը հայկական արտադրության մանկապատանեկան սակավաթիվ ֆիլմերից է։ Սակայն անգամ դա չօգնեց, որ ֆիլմը հաճախակի ցուցադրվի կապույտ էկրաններին։ Այսօր մեր հասարակությանը, երիտասարդներին ու երեխաներին դաստիարակելու, կրթելու համար շարունակ առաջարկվող, իրենց չարդարացնող մեթոդների կողքին այսպիսի ֆիլմերը արդյունավետ աշխատող գործիք են, մինչդեռ դրանց մասին հիշողներ չկան…

Back to top button