ԿարևորՔաղաքական

Հայաստանում քննարկում են ռուս-ուկրաինական լարվածության ռիսկերը

Փորձագիտական շրջանակներում բնական են համարում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասաբար կազդլ Հայաստանի վրա՝ անվտանգության, ապա նաեւ տնտեսական առումով։ Պետք է մանրակրկիտ քննարկել բոլոր հնարավոր սցենարները, որոնք Հայաստանի համար այնքան էլ բարենպաստ չեն՝  կարծում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ չբացառելով, որ իրավիճակից փորձեն օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան՝ նոր սադրանքներ հրահրելով։ Մինչ Հայաստանում քննարկում են տարատեսակ ռիսկերը, Ռուսաստանը եւ Ուկրաինան քաղաքական եւ դիվանագիտական ամենատարբեր խողովակներով իրենց դիրքորոշումն են առաջ մղում, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է՝ Դոնբասի եւ Լուգանսկի ճանաչումը Հայաստանի օրակարգում չէ։

Եթե Ռուսաստանն իր անվտանգային հիմնական ռեսուրսը կենտրոնացնում է ուկրաինական խնդրի վրա, ապա բնական է, որ Հարավային Կովկասում նրա ներկայությունը կարող է թուլանալ, ինչը որոշակիորեն բացասաբար կազդի Հայաստանի եւ Արցախի վրա՝ հաշվի առնելով Արեւմուտքի, մասնավորապես, համանախագահող երկրներից ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի՝ Ռուսաստանի հետ խորացող հակասությունները։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ կարող է ազդել, նախ՝  տնտեսական։ Եթե Ռուսաստանի տնտեսությունը թեթեւ մրսում է, ապա Հայաստանի տնտեսությունը հիվանդանում է՝ պատկերավորում է քաղաքագետը. 

«Հայաստանի տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսությանը։ Ռուսաստանը Հայաստանի  թիվ մեկ առեւտրային գործընկերն է, մեր առաջին արտահանման երկիրը, եւ ռուսական տնտեսության թուլացումը միանշանակ ազդելու է Հայաստանի տնտեսության վրա։ Միանշանակ նվազելու են Ռուսաստանից Հայաստան տրանսֆերները, որովհետեւ ռուսական ռուբլին սրընթաց գահավիժում է՝ անկում է ապրում ամենօրյա ռեժիմով եւ այդ ամենը, բնականաբար, նաեւ Հայաստանն իր մաշկի վրա է զգալու»։

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով սպասվելիք խնդիրներով, մասնավորապես, ռուբլու արժեզրկմամբ անհանգստացած է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ասում է՝ իրավիճակը քննարկում են արտահանողների հետ։

Մենք այդ բոլոր գործոնները ուսումնասիրում ենք։ Մշտապես ուղիղ կապի մեջ ենք թե արտահանողների հետ, թե մյուս բիզնեսների հետ, որոնց վրա կարող է դա անդրադառնալ։ Եւ նաեւ դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի մեղմենք հնարավոր հարվածները։ 

Տնտեսական խնդիրների կողքին քաղաքագետներն անվտանգային խնդիրներից են խոսում։ Քաղաքագետ Արմեն Վարդանյան․

«Եթե Ռուսաստանը շատ թուլանա Արեւմուտքի հետ այս դիմակայության ընթացքում, չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի օգտվել այս իրավիճակից եւ Արցախում նոր սանդրանքներ, ընդհուպ՝ մինչեւ նոր պատերազմ հրահրի»։

Վարդանյանի ձեւակերպմամբ՝ Ռուսաստանի՝ Արեւմուտքի հետ դիմակայության մեջ չներքաշվելու համար Հայաստանը պետք է ճկուն դիվանագիտություն կիրառի։ Նա չի բացառում ռուսական կողմի քաղաքական ճնշումները, որպեսզի Հայաստանը ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունները։  Այս հայտարարության կողքին ԱԳՆ հայտարարությունն է։ Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հարցը Հայաստանի օրակարգում չէ։  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան․  

«Հայաստանը, բնականաբար, ցանկանում է, որ երկու բարեկամ պետությունների` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։

Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը ստորագրելիս՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տեսաուղերձում նաեւ նշել էր, թե ինչո՞ւ է դա այդքան կարևոր Ռուսաստանի համար.

«Դոնբասում ցեղասպանության է ենթարկվում գրեթե չորս միլիոն մարդ, որոնք չեն աջակցել պետական հեղաշրջմանը։ Դոնբասի բնակիչները հանդես են գալիս «քարանձավային ազգայնականության» դեմ»։

ՌԴ նախագահը ձեւակերպել էր, որ ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից՝ տարածքներ կորզելով Ռուսաստանից։ «Որևէ մեկը բնակիչներին ոչինչ չհարցրեց, բոլշևիկները Դոնբասը բառացիորեն մտցրին Ուկրաինայի կազմի մեջ»,- շեշտել էր Պուտինը։
Հայաստանում Ուկրաինայի պաշտոնական տեսակետն է փոխանցել նաեւ այդ երկրի

գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Դենիս Ավտոնոմովը շեշտել է՝  Ուկրաինայի կողմից, անշուշտ, անարձագանք չի մնա, եթե այլ երկրներ եւս, հետեւելով Ռուսաստանի օրինակին, ճանաչեն Լուգանսկի եւ Դոնբասի անկախությունը։ Ուկրաինացի դիվանագետը նաեւ հռետորական հարց է հնչեցրել՝ արդյո՞ք այդ ճանաչումը օգուտ կբերի տվյալ երկրին։

«Նրանք, ովքեր կճանաչեն այդ միավորները … գոյություն ունի Կրեմլի բարեկամ, այսպես կոչված, բռնապետական ռեժիմների սեգմենտ. նրանք, հնարավոր է, ճանաչեն, բայց արդյո՞ք դա նրանց օգուտ կբերի։ Ոչ։  Դրանից օգուտ կքաղի միայն Մոսկվան։ Իսկ Ուկրաինան անպայման կարձագանքի։ Դա կախված է իրավիճակից»։  

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է՝ պաշտոնական Երեւանն այդ հարցում պետք է մնա հաստատակամ, ճանաչումը չի բխում Հայաստանի շահերից եւ որեւէ բան չի տա նաեւ Արցախի հարցում։ Ղրիմի զարգացումները մատնանշելով՝ հիշեցնում է՝ ոգեւորությունն անտեղի էր։

Back to top button