Գերդաստաններ

Լուսիկ Քոշյան․ հայրը չէր ուզում, որ աղջիկը բեմ դուրս գա․ «Գերդաստաններ»

Տասնյակ տարիներ առաջ Բաքվի Արմենիքենդ կոչվող փողոցի բնակարաններից մեկից անդադար երաժշտության ձայն էր լսվում. մի գեղեցկուհի փոքրիկ աղջնակ տանը բեմ էր սարքել ու երգում-պարում էր՝ մանուկ հանդիսատեսների համար։

Բեմական վարագույրը փոքր էր,այն սեղանի սփռոցից էր, իսկ երբ աղջիկն ուզում էր մեծացնել այդ վարագույրը, հայրն արգելում էր։ Թատրոնում հուշարար աշխատող, դերասան սիրող, բեմ սիրող հայրը չէր ուզում, որ աղջիկն արտիստ դառնա։

Քոշյանների ընտանիքը 1927 թ․-ին Բաքվից տեղափոխվեց Երևան: Ապրում էին Կոնդում՝ Դրոյի տան հարևանությամբ: Լուսիկը սովորեց Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո, հայրը՝ Գևորգ Քոշյանը երգ ու պար սիրող աղջկան տարավ սովորելու՝ Քիմիական տեխնիկումում։ Եվ անգամ այստեղ, աղջիկը հայտնվեց նախախնամության ամուր ձեռքերի մեջ։

Տեխնիկումում գործում էր ինքնագործ խումբ, որտեղ հաճախում էր նաև Լուսիկը, իսկ 1937 թ․-ին Ֆիլհարմոնիայում բացվում է պարի պետական անսամբլ, ու 16-ամյա աղջիկն ընդունվում է որպես պարուհի։ Մեկ տարի հետո կազմավորվում է Երգի-պարի պետական անսամբլը, և բոլորին տեղափոխում են այդտեղ։

Կարճ ժամանակ անց աղջկան նկատում է Թաթուլ Ալթունյանը։ Հոգու խորքում երգչուհի դառնալ երազող աղջիկը  հենց  Ալթունյանի շնորհիվ է բարձրանում բեմ:  

Համույթներից մեկում պարող Պողոս Գալստյանը, որը շատ բարետես էր, մի օր նրան ամուսնության առաջարկ է անում, և Լուսիկը, հավանաբար սիրահարված, ընդունում է այդ առաջարկն ու նրա հետ ամուսնանում։

Աղջիկը՝ Կարինեն, հոր ու մոր հարաբերությունների մասին հիշելիս, պատմում է, որ հայրը՝ Պողոսը սարսափելի խանդոտ էր և կնամոլ։

Լուսիկի անդրանիկ բեմելը «Չեմ ու չեմ» երգով էր. և’ երգում էր, և’ պարում։ Աղջիկը հուզվում էր, առաջին անգամ մեծ բեմում էր, շատ ամաչում էր, բայց Թաթուլ  Ալթունյանը համոզում է աղջկան, որ իր ձայնն իսկապես լավն է, որ կարող է երգել, այն էլ՝ ինչքան լավ։

Երբ  երգն ավարտեց, Լուսիկը շիկնեց, հուզվեց այնքան, որ հանդիսականին նույնիսկ չէր տեսնում։ Թաթուլ Ալթունյանը չի զսպում իր հիացմունքը և ասում է, որ եթե «երգի-պարի անսամբլն իմ թագն է, ապա Լուսիկ Քոշյանն այդ թագի ամենափայլուն ադամանդն է»։ 

Օրերն անցնում էին, Լուսիկի ականջներում անընդհատ մոր՝ Անիչկայի երգի ձայնն  էր։ Զուլալ, գեղեցիկ ձայնային գեները ժառանգել էր մորից. շնորհակալ եմ նրան՝ ասում էր արդեն իսկապես սիրված երգչուհի դարձած Լուսիկ Քոշյանը։

Բախտը շարունակում էր ժպտալ աղջկան.մրցանակներ՝ մեկը մյուսի հետևից, պարգևատրումներ, և ամենակարևորը՝ ծափահարություններ ամենուր։ Հանրությունը գնահատում էր, սիրում Լուսիկ Քոշյանին, շնորհավորանքներ ու նամակներ հղում։

Եվ ահա՝ շրջագայություններ աշխարհի գրեթե բոլոր երկրներով, դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար, գալիս էին ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ։ Քոշյանը շատ հաճախ ստիպված էր լինում մի քանի երգ նորից կրկնել։

100-ից ավելի երգեր էր կատարում երգչուհին, իսկ «Ջաղացս պատիկ-պատիկ» երգն, ինչպես ինքն էր ասում, պահում էր սրտի խորքում։

Կարինեն երգչուհու միակ դուստրն է։ Սովորել է Շևչենկոյի անվան դպրոցում, հետո աշխատել Բիոլոգիայի ինստիտուտի քիմիական լաբորատորիայում։

Երբ Կարինեն 10-ը տարեկան էր, Լուսիկը համերգների գնալուց առաջ աղջկան տանում էր Շմիդտի փողոցում ապրող բարեկամի տուն։ Մի օր, երբ արդեն հետ էր վերադառնում, երկու ավազակներ են հարձակվում և պահանջում վրայի զարդերը։

Փողոցը նեղ էր ու մութ։ Ավազակներից մեկը հանում է կրակվառիչը, որ տեսնի, թե Լուսիկը ինչպես է հանում զարդերը և լույսի ներքո ճանաչում է երգչուհուն։ Ներողություն են խնդրում, վերադարձնում զարդերը և ավելացնում. «Հանգիստ եղեք, այսուհետ ոչ մի տեղ և ոչ ոք ձեզ չի անհանգստացնի»։ Լուսիկն ամուսնանում է երկրորդ անգամ։ 

Շրջագայություններից մեկի ընթացքում՝ Ֆրանսիայում, Լուսիկը գտնում է, իր  գերդաստանի շառավիղներին։ Բանն այն էր, որ Լուսիկ Քոշյանի հորաքույր Հռիփսիմեն ամուսնացել էր հայտնի քաղաքական գործիչ Արշամ Խոնդկարյանի հետ, որը Հայաստանի Առաջին Հանրապետության արդարադատության նախարարն է եղել։ Պատմությունը շարունակում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Հռիփսիմեն Աշտարակի Օշական գյուղի դպրոցում ուսուցչուհի է աշխատել։ Հետո ամուսնու հետ մեկնել Ֆրանսիա։ Սակայն հաճախ էր գալիս Հայաստան և միշտ այցելում Կոնդի իրենց հին տունը։ Կոնդեցի հարևանները նրան աչքերից էին  ճանաչում։ Հռիփսիմեի աչքերը Լուսիկի աչքերի պես կապույտ էին։

Լուսիկի երկրպագուները սիրում էին հանդիպել նրա հետ, զրուցել, բարեկամանալ։ Այդպես նա բարեկամացել էր բեյրութահայ մի աղջնակի՝ Արաքսյայի հետ, իսկ   բեյրութահայ մի երիտասարդի, նա եղբոր պես էր ընդունում։

Քոշյանի թոռնուհին՝ Մերի Դավթյանը, սիրով է հիշում տատիկին, հիշում է, թե ինչպես էր իրեն խրատում, որքան էր սիրում տարբեր տեսակի ուտեստներ  պատրաստել։ Իսկ կյանքի վերջին տարիներին ցանկություն ուներ գրել «Իմ   խոհանոցը» գիրքը, բայց չհասցրեց։ Մերին որոշել է հրատարակել այդ գիրքը, եթե իհարկե հովանավոր գտնվի։

Back to top button