Վերնատուն

Երբ քարանձավային ու թվային արվեստի խնդիրները նույնն են․ «Վերնատուն»

Ի՞նչ է արվեստը տեղեկատվական, անընհատ փոփոխվող թվային նորարարությունների ժամանակաշրջանում։ Զաքար Դեմիրճյանը ստեղծագործում է արվեստի տարբեր ժանրերում` թվային և անիմացիոն արվեստ, գրքերի նկարազարդում, վիրտուալ խաղեր, պաստառներ և այլն։

Ասում է արվեստի խնդիրը նախնադարից մինչ օրս նույնն է․ թե՛ քարանձավային, թե՛ թվային արվեստը քայլում են նույն ուղղությամբ։ Թվային տեխնոլոգիաները, արվեստագետի համար նոր հնարավորություններ ու նոր հորիզոններ են բացում։ Արվեստագետը կարող է ստեղծել իր աշխարհը՝ չծախսելով ոչ մի ռեսուրս ու ժամանակ։

«Արվեստը և մեր կյանքը վաղուց տեղափոխվել են վիրտուալ, թվային տարածք։ Վիրտուալ տարածքում դու կարող ես անել ամեն ինչ։ Այդտեղ դու ոչ միայն կառավարում ես ժամանակը, այլև տարածությունը, որը գոյություն չունի ու որը դու ես ստեղծում։ Դա ֆենոմենալ զգացողություն է։ Դու կարծես նավարկում ես ծովով, որը քեզ տանում է անմարդաբնակ կղզիներ», – ասում է Զաքար Դեմիրճյանը։

Նա վստահ է, որ մեր ժամանակներում արվեստը և գիտությունը զուգահեռ են զարգանում՝ մեկը մյուսին լրացնելով։ Խոսելով աշխարհում թվային արվեստի նկատմամբ հետաքրքրությունների մասին՝ ասում է, որ թվային արվեստի գնորդները, արդի ժամանակների գալերիստներն ու կոլեկցիոներները Սիլիկոնյան հովտի ծրագրավորողներն են։

Back to top button