Բնական ընտրություն

Դելֆինի պես արագ և անձայն․ ինչպես սուզանավի կենդանի մոդելը ինժեներները գտան ջրում․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Դա Վինչիի չավարտված նախագծերը մի քանի դար անց իրականություն դարձան Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում»

Իտալացի նշանավոր գիտնական Լեոնարդո դա Վինչին առաջինն էր, որ սկսեց մտածել ծովերի և օվկիանոսների խորքում մարդու տեղաշարժի մասին։ Նրա բազմաթիվ ձեռագրային նախագծերից ընդամենը կտորներ են պահպանվել․ ըստ պատմության՝ դա Վինչին վերացրեց դրանք դեռ այն ժամանակ, երբ գլխի ընկավ, որ ստորջրյա նավերը կարող են ծառայել ռազմական նպատակներով։ Նա ճիշտ էր, սուզանավերն այսօր առավելապես ստեղծվում են և ծառայում ռազմական նպատակներով։ 1901 թվականի հուլիսին ռուս ինժեներներ Իվան Բուբնովը, Իվան Գորյունովը և Միխայիլ Բեկլեմիշևը Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում համատեղ սկսեցին աշխատել մի սուզանավի նախագծման և կառուցման վրա, որը հետագայում պիտի ստանար «Դելֆին» անունը։

1902 թվականի մարտին «Դելֆին»-ը սուզվեց Նևայի խորքերը, ներքին այրման շարժիչներով  ռուսական առաջին սուզանավի ճակատագիրը, սակայն, վատ ավարտ ունեցավ․ «Դելֆին»-ը և դրա կապիտան Միխայիլ Բեկլեմիշևը խորտակվեցին Նևայի ջրերում։ Հետո, տարիների ընթացքում, ինժեներներն ուսումնասիրելով իրական դելֆինի կառուցվածքը պետք է գտնեին արագ, անձայն և երկար կյանք ունեցող սուզանավերի գործարկման բանալին․

«Ամենահաջողված ինժեներական ձեռքբերումները կրկնօրինակված են կենդանական աշխարհից։ Այստեղ էական է թթվածանակախյալությունը, դելֆինը ինչ է անում, բարձրանում է օդ, թթվածինը հավաքում է այսպես ասած և էլի իջնում խորություն, սուզանավում կան հատուկ թթվածնային ամբարներ, որոնք այն ևս պարբերաբար բարձրանում և լցնում է թթվածնով ու հետո նորից իջնում»,-նշում է Սամվել Ասատրյանը։

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանը բացատրում է՝ սուզանավերը ի սկզբանե հեղուկի խորքում ճնշումը հաղթահարելու խնդիր ունեին, սա լուծվեց դելֆինի մաշկի ուսումնասիրությունից հետո։ 1960 թվականին գերմանացի ինժեներ Մակս Կրամերը, կրկնօրինակելով դելֆինի մաշկի բաղադրությունը, ստեղծեց կաուչուկե հատուկ թաղանթ՝ 2-3 մմ հաստությամբ, որով եթե պատենք ջրում շարժվող որևէ օբյեկտ, դրա վրա ազդող ճնշումը ջրի խորքում կնվազեր 40-60%-ով։ Ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն ասում է․

«Սուզանավերը, որոնք ստեղծվեցին ամենասկզբում, հիմնականում մի խնդրի էին բախվում՝ սուզման, ավելի ճիշտ մեծ խորություններ իջնելը։ Սուզումը որպես այդպիսին բարդ բան չէր, Արքիմեդի օրենքն է։ Հեղուկի շերտում որքան խորանում ենք, ճնշումը մեծանում է և մարդկային օրգանիզմը գոյատևելու խնդիր ուներ, և ոչ միայն մարդկային օրգանիզմը, այլև մեխանիզմը։ Դրա համար պետք էր ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կդիմագրավեր այդ ճնշմանը և կապահովեր մարդկային կյանքն իր ներսում»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Մարդկային կյանքի ապահովում՝ սուզանավի ներսում, ապրանքափոխադրման իրականացում․ սրանք հաջորդ կարևորագույն հարցերն էին, որոնք պետք է լուծվեին սուզանավերի համար։

Գլուխ 2

«Անել ավելին, քան ենթարկվելն է Արքիմեդի օրենքին»

Լամինար կամ տուրբոլենտ հոսանքներին համընթաց շարժվելը խնդիր էր սուզանավերի համար․ լուծումն ինժեներները գտան նորից դելֆինների մարմնի շարժն ուսումնասիրելով․ ֆիզիկոս Լիլիթ Եգանյան․

«Սուզանավի կառուցվածքային կատարելագործումը 20-րդ դարի կեսերին իրականացվեց՝ դելֆինի ուսումնասիրությունների հիմքի վրա։ Համընթաց և տուրբոլենտ հոսքեր հաղթահարելու խնդիր կար, ավելի շատ տուրբոլենտ հոսքերի դեպքում դանդաղ էր ընթանում շարժը, և սուզանավերն էլ, քանի որ ռազմական նպատակներով էին օգտագործվում, խնդիր կար արագություն ապահովել, անձայն լիներ, ռադարների կողմից չհայտնաբերվել և օպերացիա իրականացներ բարեհաջող»,- նշում է ֆիզիկոսը։

Խնդիր կար նաև ոչ միայն ուղղակի սուզվելու, այլև խորություններում մարդկային կյանքի համար անհրաժեշտ պայմաններ և միաժամանակ արագ  և անձայն տեղաշարժ ապահովելու համար․ Լիլիթ Եգանյան

«Երբ նայում ենք դելֆինի մարմնին,  այն այնպիսի կառուցվածք ունի, որ տուրբոլենտ հոսանքներն իր մարմնի և դրա արագության համար խոչընդոտ չեն ներկայացնում, և դա ապահովվում է առանց ձայնի շարժը, միայն դելֆինի մարմնի կրկնօրինակով այս ամենը հնարավոր եղավ ստանալ սուզանավերի դեպքում։ Սուզանավերն արդյունքում ունեն գրեթե նույն կառուցվածքը, ինչ դելֆինները, և հիմա մենք այնպիսի մեխանիզմներ ունենք, որոնք ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերում են համարվում և դա մինչ օրս արվում է դելֆինի մարմնի և շարժի ուսումնասիրության հիման վրա»,- ասում է ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը։

Լինելով ջրի խորքում` դելֆինի աչքը կարողանում է մեծ տրամագծով տեսնել, թե ի՞նչ է կատարվում այդ պահին ջրի մակերևույթին․ այս կարևոր մեխանիզմը ևս ինժեներները վերցրին սուզանավ ստեղծելիս․կենսաբան Նորայր Գաբրիելյանն ասում է․

«Այնպիսի մեխանիզմներ են մշակված սուզանավերի համար, որ թեկուզ խորության մեջ լինելով նրանք ջրի վերնաշերտի տեսանելիություն ունենան։ Դելֆիններն էլ ունեն այդ ունակությունը։ Բացի այդ դելֆինները պարբերաբար թռիչքային տարբերակով բարձրանում են, ցատկում են «թթվածնի հետևից», սուզանավն էլ դելֆինի նման սկզբից քիթն է դուրս հանում, հետո նոր մարմնի մնացած հատվածը»,- ասում է Նորայր Գաբրիելյանը։  

Ինժեներական ձեռքբերումների բանալին բնության մեջ է, այն փնտրել և գտել է մարդը։

Back to top button