1818 թ․-ին Երուսաղեմի սուրբ Հակոբ եկեղեցին մի ինքնատիպ նվիրատվություն է ստանում, վարագույր, որի կենտրոնական մասում պատկերված է հսկայական առագաստանավ, առագաստանավի վրա երկու դրոշ՝ անգլիական և հայկական (ուշ միջնադարում չունենալով պետականություն, հայ ծովագնացներն ունեին դրոշ, որի վրա պատկերված էր գառ և խաչով դրոշ, այն կոչվում էր «Գառն Աստւծոյ»)։
Թե ո՞վ էր նվիրատուն և ինչո՞ւ էր որոշել իր ընծայի կենտրոնում պատկերել եկեղեցու հետ առաջին հայացքից որևէ առնչություն չունեցող նավ և նվիրել ամենասրբազան խորաններից մեկին, ինչո՞ւ էր եկեղեցին ընդունել այն, ի՞նչ նավ էր պատկերված․․․ այս և վարագույրի պատմությանն ու պատկերագրությանը վերաբերող շատ հարցեր ուսումնասիրել է իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը։


Նա իր «ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔԻՆ 1818 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒԱԾ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԻ ՎԱՐԱԳՈՅՐԻ ՄԱՍԻՆ» հոդվածում գրում է․
«Մովսէս Յարութիւնեանի նուիրաբերած վարագոյրն իր պատկերագրութեամբ բացառիկ է, քանի որ նրանում եղած առեւտրական նաւը Հայոց Եկեղեցու ընդհանուր պատկերագրութեան մեջ անսովոր երեւոյթ է։ Վարագոյրի վրայ պատկերուած երկու սիւները, չորս աւետարանիչների պատկերները, ձուաձեւ շրջանակների մէջ առնուած չորս սուրբ պատկերները եւ համաժամանակեայ լուսաւորող երկնային լուսատուներն աստուածաբանական տեսանկիւնից ունեն շատ տրամաբանուած կապ եւ խորհրդաբանութիւն: Ինչ վերաբերում է նաւին, ապա այն, ամենայն հաւանականութեամբ, ուղիղ առնչուել է Մովսէս Յարութիւնեանին: Վերը նշուած միջադէպից յետոյ նա գուցէ որոշել է անմահացնել նաւի պատկերը սրբազան խորանում՝ հաւանաբար ակնկալելով դրական փոփոխութիւն կամ պարզապէս յիշատակի անմահացում: Իսկ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը նման բովանդակութեամբ նուէր ընդունել է, քանի որ առհասարակ նաւի խորհուրդը քրիստոնէութեան տեսանկիւնից բացատրելի է. այն խորհրդանշում է Քրիստոսի Եկեղեցին՝ փրկութեան նոր տապանը։ Չի բացառւում նաեւ, որ վարագոյրն ընդունուել է, քանի որ այն, բացի Մովսէս Յարութիւնեանին առնչուող անձնական պատմութիւնից, խորհրդանշել է հնդկահայոց տնտեսաքաղաքական ընդհանուր բարդ իրավիճակը, որը չէր կարող փոխկապակցուած չլինել Հայոց Եկեղեցու հետ»։
Հայկական ծովագնացության մասին ի՞նչ ժառանգություն է պահվում աշխարհի դիվաններում՝ «Ծովահայերի» տաղավարում պատմում են նավապետ Կարեն Բալայանն ու իրավագետ Նարեկ Վան Աշուղաթոյանը։