Վերնատուն

«Հողի գաղտնիքը»․ բացառիկ ցուցադրություն Պատմության թանգարանում․ «Վերնատուն»

ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» նախաձեռնությամբ Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը:

Ցուցադրությունը ներկայացնելու է պատմական Արտաշատ մայրաքաղաքի մշակութային ողջ բազմաշերտությունը։ Հնագիտական ուսումնասիրությունից հայտնաբերված բացառիկ գտածոները ներկայացնելու են հուշարձանի հազարամյակների պատմությունը։

«Արտաշատը պատկանել է անտիկ աշխարհի մեգապոլիսների շարքին։ Քաղաքը բացառիկ դեր է խաղացել ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ Մերձավոր Արևելքի քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում։ Գտածոները բացառիկ են՝ հունական արձաններ, հարդարված խեցեղեն, դրամներ, կնքադրոշմներ, որոնք խոսում են միջազգային առևտրում՝ մասնավորապես Մետաքսի ճանապարհով ընթացող առևտրում, Արտաշատի շատ մեծ դերակատարության մասին»,– պատմում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի պեղումների արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը՝ առանձնահատուկ ընդգծելով և կարևորելով հուշարձանի պահպանության խնդիրը, որը, ըստ նրա, բավականին տխուր վիճակում է։

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, խոսելով հուշարձանների պահպանության խնդիրների մասին, նշում է, որ հաճախ հուշարձանի և ենթահուշարձանի պահպանության համար ֆիզիկապես չեն բավարարում միջոցները և մարդիկ, կարևոր է հասարակության ու քաղաքացիների սրտացավությունը։

«Մեր ցուցադրության հիմնական նպատակն է, որ հասարակության շրջանում մշակութային ժառանգության պահպանության համար գիտակից ու սրտացավ վերաբերմունք ձևավորվի, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա ու գիտակցի դրանց կարևորությունը և իր մշակույթի կրողը լինի»,– ասում է Վանյանը։ Նա նշում է, որ հուշարձանների պահպանության ինստիտուցիոնալ մոտեցումը նախարարության կարևոր ռազմավարություններից է․

«Արտաշատ մայրաքաղաքը արգելոց թանգարանի վերածելու և ճանաչելու նախագիծը մշակվել և ներկայացվել է կառավարությանը, որոշակի շտկումներից հետո այն արգելոցի կարգավիճակ կստանա՝ հաստիքային աշխատակիցներով և պահապաններով, կդառնա ավելի պաշտպանված»։ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 11․00-ին՝ Հայաստանի պատմության թանգարանում։

Back to top button