Մոռացված ֆիլմերի ստվերները

Ցեղասպանություն, ֆաշիստ սպայի ու ռուս աղջկա սիրո պատմություն. արգելված երկու թեմա՝ մեկ ֆիլմում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Լաերտ Վաղարշյանի էկրանավորած երկու եղբայրների կյանքի պատմությունը հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ։

«Կոչված են ապրելու» ֆիլմը, որի սյուժետային գիծը Մեծ եղեռնից մինչև Մեծ հայրենական էր զարգանում, իբր «ձևով և բովանդակությամբ» հավատարիմ չէր խորհրդային գաղափարախոսությանը։ Այդ էր պատճառը, որ պրեմիերայից կարճ ժամանակ անց, ֆիլմի ցուցադրությունը դադարեցվեց։

Ցեղասպանությունից փրկված երկու եղբայրների մասին պատմող, իրական պատմության հիմքի վրա նկարահանված Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու» ֆիլմը մեծ իրարանցում առաջացրեց հայ հասարակության մեջ։ Կինոռեժիսորի դուստրը, նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Վաղարշյանը պատմում է, որ «Կոչված են ապրելու» ֆիլմը հայ իրականության մեջ առաջիններից մեկն էր, որ անդրադարձավ Մեծ եղեռնից փրկված հայ ընտանիքի ճակատագրին՝ սյուժետային գիծը զարգացնելով մինչև Մեծ հայրենականը:

«Սցենարի հեղինակներն էին Լաերտ Վաղարշյանը, Առնոլդ Աղաբաբովը և Սաբիր Ռեզաևը։ Չնայած, որ ֆիլմում շոշափվում էին այդ տարիների համար երկու անընդունելի թեմաներ, այնուամենայնիվ սցենարը «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի կողմից հաստատվեց»,-պատմում է Մարինա Վաղարշյանը։

Լաերտ Վաղարշյան

«Կոչված են ապրելու» ֆիլմի նկարահանումից ավելի քան վեց տասնամյակ անց Հանրային ռադիոյի տաղավարում առաջին անգամ հանդիպեցին ֆիլմում Մաշայի դերում նկարահանված Արշալույս Բադալյանն ու Մարինա Վաղարշյանը։ Երկար տարիներ Մարինա Վաղարշյանը փնտրում էր այդ ֆիլմում Վովայի և Մաշայի մանկահասակ դերակատարներին։

«Կոչված են ապրելու» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Արկադի Հայրապետյանի դստեր՝ Անահիտ Հայրապետյանի Ֆեյսբուքյան էջում մեկ այլ ֆիլմի մասին ծավալված քննարկման շնորհիվ միմյանց գտան Մարինա Վաղարշյանը, Արշալույս Բադալյանն ու Անահիտ Հայրապետյանը։  

«Ես անընդհատ փնտրում էի Մարինային և նկարահանող խմբի անդամներից որևիցե մեկին, բայց իմ որոնումները անարդյուք էին: Մի քանի տարի Մոսկվայում ապրելուց հետո, երբ վերադարձա Երևան նպատակ դրեցի ամեն ինչ անել ու վերջապես գտնել նրան։ Եվ պատկերացրեք, Անահիտ Հայրապետյանը հանդիսացավ այն կապող օղակը, որի միջոցով ես գտա Մարինային»,- ոգևորությամբ նշում է Արշալույս Բադալյանը։

«Կոչված են ապրելու» ֆիլմի հետ է կապված նաև հայ ֆիլմարվեստում մեծ ներդրում ունեցող կինոօպերատոր Լևոն Աթոյանցի անունը։ Տարիներ առաջ, երբ ռեպորտաժ պատրաստելու համար այցելեցի վարպետին, մեր անմիջական զրույցի ընթացքում նա առանձնակի ջերմությամբ էր պատմում Լաերտ Վաղարշյանի մասին։ Հենց այդ ֆիլմով է սկսվել նրանց համագործակցությունը, ընկերությունն ու մտերմությունը։  

Մարինա Վաղարշյան և Արշալույս Բադալյան

«Ֆիլմում ներգրավված են հայ և ռուս հայտնի դերասաններ: Բայց արի ու տես, որ կինոնկարը այդպես էլ չգնահատվեց: Он чисто настоящий правдивый фильм. Լաերտն այդպես էլ ասաց, եկեք անենք իրական փաստերի վրա հիմնված ֆիլմ, հետո ինչ ուզում են թող ասեն ու անեն»,- այսպես էր վերհիշում տարներ առաջ «Կոչված են ապրելու» ֆիլմի նկարահանումների շուրջ ընթացող խոսակցությունները Լևոն Աթոյանցը:

Լևոն Աթյանց

Նկարահանումներն ու մոնտաժային աշխտանքներն ավարտելուց հետո, 1961 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում «Կոչված են ապրելու» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը արժանանում է, թե’ հանդիսատեսի, թե’ մամուլի առանձնահատուկ ուշադրությանը, սակայն կարճ ժամանակ անց այն դադարում են ցուցադրել։

Պատճառը իրական և չխրախուսվող երկու թեմաներն էին՝ Ցեղասպանության և գերմանացի սպայի ու ռուս աղջկա սիրո պատմությունը։  Խորհրդային միությունը Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար լռության էր մատնում Ցեղասպանության թեման, սակայն հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերը այդ պատմական անարդարության մասին աշխարհին հիշեցնելու ճանապարհներ էին փնտրում:

Այս ֆիլմն իր սյուժեով հիշեցնում էր այդ արյունալի իրադարձությունների մասին, ինչը ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց հասկացել էին նաև բարձրաստիճան պաշտոնյանները:

«Հետաքրքիր է, որ ֆիլմին շնորհվեց առաջի կատեգորիա։ Մոսկվայի, Երևանի, Խորհրդային Միության այլ երկրների լավագույն կինոթատրոններում ցուցադրվում էր կինոնկարը։ Եվ հանկարծ այդ ֆիլմի շուրջ սկսվեց անհասկանալի մի իրարանցում։ Ես դա բացատրում եմ նրանով, որ մոտենում էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը և Խորհրդային իշխանություները հասկացան, որ այս ֆիլմը կարող է շատ շատերին ոտքի հանել»,- ասում է Մարինա Վաղարշյանը։

Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու» 1 ժամ 20 րոպե տևողությամբ արգելված և մոռացության մատնված ֆիլմը ավելի քան կես դար է սպասում է իր՝ էկրան վերադառնալուն: ԽՍՀՄ գաղափարական չափորոշիչներով անթույլատրելի համարվող այս ֆիլմը այդ Միության փլուզումից հետո էլ չարդարացվեց և էկրան չբարձրացավ: Այն այսօր հասանելի է միայն համացանցում: Ռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը, սակայն, չի կորցրել հույսը, ավելին՝ վստահ է, որ օրերից մի օր ֆիլմը կցուցադրվի հայկական հեռուստաալիքներով, և հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ու գնահատել ժամանակին հերոսաբար ստեղծված այդ կինոնկարը։

Back to top button