Գոյության ծածկագիր

Գյուղատնտեսությունը, մաթեմատիկան և 8 մլրդ ստամոքսը․ «Գոյության ծածկագիր»

Աստվածաշնչյան առաջին մարդկանցից Աբելը զբաղվում էր անասնապահությամբ, Կայենը՝ բուսաբուծությամբ։ Homo sapiens-ի ձևավորման վաղ փուլում ապրելու միջոցը գյուղատնտեսության նախնական ձևն էր՝ հավաքչություն ու որսորդություն։ Հազարավոր տարիներ անց էլ շատ բան չի փոխվել՝ մարդուն ապրելու համար ուտել է պետք։ Փոխվել է սնունդ հայթայթելու ձևը․ գործին կրկին խառնվել է մաթեմատիկան։

Ի՞նչ ճանապարհ է անցնում սնունդը մինչ մեր սառնարաններում հայտնվելը, ի՞նչն են հաշվում՝ աշխարհին ուտելիքով ապահովելու համար։

«Քանի որ ես գյուղատնտես եմ՝ մի քիչ մեծամտորեն ասեմ մաթեմատիկան հենց ծնվել է գյուղատնտեսությունից։ Երբ նախնադարյան մարդը սկսեց ինչ–որ բան աճեցնել, նա պիտի կարողանար հաշվել՝ դա՞ է ձեռնտու, թե՞ անտառից ինչ–որ հավաք կազմակերպելը։ Նրան պետք էին թվեր, պետք էր հաշվարկներ անել, որ կարողանար հասկանալ՝ դա արդյունավետ է, թե արդյունավետ չէ»։

Մինչև 20-րդ դարասկիզբ մարդիկ պարզ գյուղատնտեսությամբ էին զբաղվում, հետո եկան մեքենայացման ժամանակները՝ եզներին փոխարինեցին տրակտորները։ Ավելի ուշ սկսվեց սելեկցիան և մարդը հայտնաբերեց բույսերի ու կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ազդելու տարբերակներ՝ դրանք իրեն ձեռնտու ուղղությամբ փոխելու համար։ Գիտությունն ու գյուղատնտեսությունը փոխկապակցվեցին այնքան, որ այսօր արդեն առանց ճշգրիտ գիտության գյուղատնտեսությամբ զբաղվել հնարավոր չէ։

«Այն ժամանակ պրիմիտիվ գործիքներով էին անում, բնակչության քանակն էլ այսքան մեծ չէր, հնարավոր լինում էր։ Ենթադրենք՝ 1 քմ հողատարածքից կարողանում էին ստանալ 10 հատիկ լոլիկ։ Այսօր 1 քմ-ից կարող են ստանալ 100 կգ լոլիկ։ Դա նաև մաթեմատիկայի արդյունք է»։

Առանց բարդ մաթեմատիկական հաշվարկների գյուղատնտեսությունը զարգանալ չի կարող։ Իսկ եթե գյուղատնտեսությունը չզարգացավ, աշխարհի բնակչությունը հասնում է 8 միլիարդի, ահագին մարդ սոված է մնալու:

«Երբ խոսում ենք հողերը նպատակային օգտագործելու մասին, պետք է անպայման շեշտադրում լինի՝ նպատակային և արդյունավե՛տ։ Դուք կարող եք հող ունենալ, մշակել շատ ցածրարժեք մշակաբույս և ասել, որ ես օգտագործել եմ նպատակային, բայց արդյունավետ չեք օգտագործում։ Որովհետև այդ տարածքում չի կարելի հացահատիկ աճեցնել, անհրաժեշտ են այլ մշակաբույսեր, որոնք նվազագույն ծախսումներով կարող են ապահովել բարձր բերք»։

Գուրգեն Եղիազարյանը արդեն 35 տարի դասավանդում է Հայաստանի ագրարային համալսարանի ամենամաթեմատիկական ֆակուլտետում՝ Ագրարային ճարտարագիտություն։ Մասնագիտությունը բազմաթիվ ճյուղեր ունի՝ ջրային ռեսուրսների կառավարում, հողաշինարարություն և հողային կադաստր, գյուղատնտեսության մեքենայացում և այլն։

Եթե մենք, օրինակ, նախագծում ենք ջրանցքներ, խողովակաշարեր, պետք է հաշվենք, թե տվյալ ջրանցքը ինչպիսի չափեր պիտի ունենա։

Ուսանողներն այստեղ ջրի ճիշտ բաշխում, հողի նպատակային օգտագործում, հողերի դեգրադացիայի դեմ պայքարի մեխանիզմներ են սովորում։ Բոլորի հիմքում կրկին թիվն է ու հաշիվը․

«Տվյալ բույսերը ինչքան պիտի ջրվեն, երբ պիտի ջրվեն, ինչ ժամկետներում պիտի ջրվեն, որ ապահովենք այդ բույսերի նորմալ աճը։ Այս ամենի հիմքում ընկած է մաթեմատիկան։ Այն մեզ հնարավորություն է տալիս նախ հաշվելու՝ ինչքան է ջուր անհրաժեշտ տվյալ տարածքին։ Եթե մենք, օրինակ, նախագծում ենք ջրանցքներ, խողովակաշարեր, մենք պետք է հաշվենք, թե տվյալ ջրանցքը ինչպիսի չափեր պիտի ունենա»։

Գյուղատնտես Անդրեաս Մելիքյանը, որը նույնպես 35 տարվա դասախոսական փորձ ունի, այլ կարևոր հաշվարկներ ևս անում է։ Իր հիմնական հետաքրքրությունը բանջարաբուծությունն է։ Այստեղ էլ պետք է հաշվել բույսերի միջև եղած հեռավորությունը, բույսի սնման մակերեսը, այն ծավալը, որով բույսը ֆոտոսինթեզ է անում։ Իսկ առանց մաթեմատիկայի, ասում է, հնարավոր չի խոսել նաև ժամանակակից անհող մշակության ջերմոցների մասին։

Բայց արդյո՞ք այսօր բերք մշակող կամ անասուն պահող բոլոր մարդիկ են մտածում մաթեմատիկորեն։ Ագրոնոմի կարծիքով՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը հիմնված է 2 բանի վրա՝ գիտելիք կամ ավանդույթ։ Հատկապես փոքր տնտեսություններում գերիշխողը երկրորդ տարբերակն է․ բերքը մշակվում է բացառապես սերնդեսերունդ փոխանցված գյուղատնտեսական փորձի շնորհիվ։ Դա զարգացման փոքր ծավալներ սպասելու դեպքում արդյունավետ է, մեծի դեպքում՝ կործանարար։ Բայց մարդը, ամեն դեպքում, միշտ հաշվում է․

«Մի այսպիսի հայտնի ասույթ կա՝ չոբանահաշիվ եմ արել, այսինքն մարդ միշտ կարողացել է հաշվարկել՝ ինչ եմ անելու․․․ առաջին հերթին, երբ հացահատիկը մարդը հնձել, տարել է տուն, միշտ այսպիսի հաշվարկ է արել՝ ինձ անհրաժեշտ է այսքան առանձնացնել՝ որպես սերմ՝ հաջորդ տարվա ցանկ ունենալու համար։ Հենց այստեղ արդեն գործել է մաթեմատիկական հասկացությունը, այսիքն՝ մարդը կատարել է որոշակի փոքրիկ հաշվարկ, և համապատասխան սերմանյութը առանձնացվել է որպես անվերաբաշխման ենթակա մի փայաբաժին, որը նրան պետք է հաջորդ տարի նույն պրոցեսն սկսելու համար»։

Ժամանակակից սմարթ (շատ մոդայիկ տերմինով) գյուղատնտեսության բոլոր ճյուղերում ուղղակի անհնարին է գործունեություն իրականացնել առանց մաթեմատիկական գիտելիքների։

«Այսօր որ  մեր գյուղացիները բողոքում են, որ իրենց ջերմատնային մշակաբույսերը՝ լոլիկը, վարունգը և այլն շատ թանկ է, դա մաթեմատիկայի չիմացության պատճառ է։ Տեսեք՝ Հոլանդիայում արևային օրերը մեզնից քիչ են, եղանակը մեզնից հաստատ ավելի տաք չէ, մեզնից 2-3 անգամ ավելի պակաս ինքնարժեքով բերք են ստանում։ Ի՞նչն է պատճառը․ պատճառը մաթեմատիկական ճիշտ հաշվարկներն են։ Երբ որ իրենց ջերմատունը էն հաշվարկով են կառուցում, որ արևի մաքսիմալ անկյան տակ հնարավոր ամենաշատ էներգիան կլանի, իսկ մեր մոտ էդ հաշվարկները չկան։ Մենք ուղղակի Հոլանդիայից բերում ենք էդ ջերմատունը, դնում ենք, բայց Հոլանդիայում ուրիշ անկյան տակ է արևը դուրս գալիս ու մայր մտնում, մեր մոտ՝ ուրիշ։ Էնտեղ քամին ուրիշ արագություն ունի, ուրիշ անկյան տակ է փչում, մեր մոտ՝ ուրիշ։ Մեր արևային օրերն ուրիշ քանակ է, մեր արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուրիշ քանակությամբ են, Եվրոպայում ուրիշ քանակությամբ են։ Այ երբ մենք ունենանք նորմալ ինժեներներ և այդ հաշվարկը ճիշտ կատարեն, մենք հունվարին լոլիկի ինքնարժեքը կունենք 80, 90 դրամ, ոչ թե 1000 դրամ»։

Ֆերմեր Հարություն Մնացականյանին խնդրում եմ պատմել բերք ստանալու պատմությունը։ Պարզվում է՝ մշակողները գաղափարի ստեղծման պահից մինչև բերքը քաղաքացու սեղանին հասցնելը բազմաթիվ հաշվարկներ են անում։

Հաշվարկ առաջին․ հողի ընտրություն, հաշվել, թե հողի մեջ ինչ ու ինչքան նյութեր, միկրոտարրեր, հիվանդություններ կան։ Հաշվարկ երկրորդ․ դիտարկել վերջին 20 տարվա եղանակային պատկերը․ եղանակի նվազագույն ու առավելագույն տատանումները՝ հասկանալու համար, թե ինչ մշակաբույս ընտրել, որ ցրտահարվելու, կարկտահարվելու հավանականությունը քիչ լինի։

«Դրանից հետո գնում ես տնկիներ, դրանք պիտի ստուգված լինեն, այնուհետև կաթիլային ոռոգման համակարգով պետք է հողը ճիշտ սնուցում անես, հաշվես, ենթադրենք, ծիրանի համար պետք է էսքան տոկոս էսքան գրամ սա, սա»։

Հաշվարկ հինգերորդ․ ե՞րբ քաղել բերքը առավելագույն արդյունք ստանալու համար։  Հաշվարկ վեցերորդ․ ի՞նչ քանակությամբ և ի՞նչ արկղերում դասավորել այն, որ մեխանիկական վնասները հնարավորինս՝ քիչ, ապրանքային տեսքը՝ գրավիչ լինի։

Այս ցանկը լրացվում ու շարունակվում է հուշելով՝ սնունդը, որ ուտում ենք, հագուստը, որ հագնում ենք, գյուղնշանակության մյուս ապրանքները, որ սպառում ենք ամեն օր՝ մաթեմատիկայի արդյունք են։

Back to top button