ԿարևորՀասարակություն

Ճանապարհներ՝ դեպի աշխարհի 4 կողմեր․ուր կձգվեն «Հյուսիս-Հարավ»-ի նոր թեւերը

Ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման բանակցություններում վերաձևակերպվել է Հայաստանում կառուցվող Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը։ Անվան փոփոխությունը ենթադրում է ճանապարհների նոր աշխարհագրություն՝ ներառելով նաև արևելքն ու արևմուտքը։ Փորձագիտական դաշտում,սակայն, չեն շտապում գնահատականներ տալ։ Միայն նկատում են՝ տրանսպորտային լոգիստիկայում արագությունը շատ մեծ նշանակություն ունի։  Ծովային փոխադրումները շատ ավելի էժան են, բայց մրցակցությունից դուրս են մնում, քանի որ  բեռների փոխադրման համար ժամանակն ավելի երկար է։ Ո՞ւր կձգվեն «Հյուսիս-Հարավ»-ի նոր թեւերը:

«Հյուսիս-հարավ»-ի փոխարեն՝  «Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք»․ Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագիրը վերաձևակերպվել է։ Դրան հանգեցրել են տարածաշրջանում ենթակառուցվածքների  վերաբերյալվերջին քննարկումներն ուձ զարգացումները։ Հայաստանի վարչապետը հույս ունի, որ փոփոխված նախագիծն արագ տեմպերով կիրականացվի, իսկ ինչ է դա ենթադրում՝ բացատրում է այսպես։

«Եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը կկապի հյուսիսը հարավին, այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա»:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը հայտարարված է։ Կառավարությունում հույս ունեն, որ մինչև տարեվերջ արդեն պարզ կլինի, թե կոնկրետ որ շինարարական ընկերությունը կիրականացնի աշխատանքը: Վարչապետը հստակեցնում է՝

«Իհարկե, Արևելք-Արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց  հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը»:

Փորձագիտական դաշտում չեն շտապում ծրագրին գնահատականներ տալ, զգուշավոր են։ Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  հեռանկարների մասին է միայն խոսում։ Ռեալ գնահատականներ այս պահին չեն կարող լինել․  բայց շրջափակման մեջ գտնվող երկրի տնտեսությանը դա դրական ազդակ կտա՝ ասում է։

«Ի ՞նչ է նշանակում հենց այսօր կողմնորոշվել, թե այդ ճանապարհը ի ՞նչ անցանելիություն, ի՞նչ քանակությամբ բեռներ կտեղափոխվեն։ Ոչ մի ռեալ բան չկա։ եթե այդ ճանապարհը ինչ որ մեկ այլ ճանապարհի այլընտրանքը լիներ, կարող էինք ասել, որ ինչ որ քանակի հոսքեր կարող են գալ ու տեղափոխվել այս ճանապարհով։ Պարզապես ինքնին շատ լավ տարբերակ է միանալ տրանսպորտային, միջազգային լոգիստիկ համակարգին»։

Հայաստանի համար կարևոր է հնարավորինս արագ բարեկարգել ենթակառուցվածքները․ այս հարցում մասնագետները համակարծիք են՝ շեշտելով հատկապես  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան Քաջարան հատվածի կառուցումը։ ՀՊՏՀ տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանն այն համոզմանն է, որ երկրում ճանապարհային լուծումներ տալիս նախ Սյունիքի հատվածի կառուցումն  արագ ավարտել։ Բացատրում է՝ Հայաստանով անցնելիս տարանցման վճարները ավելի ցածր կլինեն, ճանապարհն՝  ավելի կարճ։ Բայց այստեղ մի «բայց» կա՝ եթե ճանապարհները կառուցվեն միջազգային չափանիշերով։ Մասնագետը, կարևորելով ծրագրի իրականացումը, տարակուսում է․

«Ինձ համար միշտ  անհասկանալի է եղել, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի կատարումը։ Սյունիքում ունենք բարդ ռելիեֆ, այդ հատվածը տարիներ շարունակ անտեսվել էր։ Ի սկզբանե պետք էր  «Հյուսիս–հարավ»–ը  սկսվեր հարավից»։ 

560 կմ երկարությամբ Հյուսիս-հարավ ծրագրում առանցքային է Սիսիան-Քաջարան հատվածը։ ՏԿԵՆ Գնել Սանոսյանը մանրամասնում է՝ Սիսիանից Քաջարան գործող ճանապարհը միջինում ունի մոտ 50 կմ/ժ արագություն: Նոր ճանապարհը 100 կմ/ժ արագությամբ հնարավոր կլինի անցնել եւ շուրջ 2 ժամով կկրճատի հեռավորությունը։

«Կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, ռազմավարական և տնտեսական առումով շատ կարևոր է: 6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Ամբողջովին  նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք 5 թունելներ են, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա»:

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանն այս հատվածում առաջարկվող լուծումները տրամաբանական է համարում։ Բացատրում է՝ ճանապարհը միայն ասֆալտի շերտ չէ։ Ֆունկցիոնալ առումով այն պետք է ապահովի արագություն, ունենա թողունակություն։ Այս գործոնները մեծապես տեխնիկական հնարավորություններից են կախված․

«Ճանապարհը պետք է բոլոր պահանջներին համապատասխանի։ Լինի արագընթաց, քանի որ տրանսպորտային լոգիստիկայում արագությունը շատ մեծ նշանակություն ունի։ Ծովային փոխադրումները շատ ավելի էժան են, սակայն, այնտեղ, որտեղ հնարավոր է, որ փոխադրումը արագ լինի, ծովայինը մրցակցությունից դուրս է մնում։ Չէ՞  որ ամեն մի փոխադրման մեջ ապրանք է շրջանառվում, ապրանքը գումար է, ու եթե երկար ճանապարհ է անցնում, գումարը դանդաղում է»։

Ապաշրջափակման օրակարգում նաև երկաթուղու վերագործարկումն է։ Վարչապետն ընդգծում է՝  կոնկրետ աշխատանքներ են  իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Հայաստանի կառավարությունում հույս ունեն, որ տեխնիկական և նախագծային աշխատանքների մեկնարկին զուգահեռ  ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, որից հետո  նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:

Back to top button