

Նրա նվագը, սովորաբար, այնքան նուրբ էր, որ լսողին հաճախ թվում էր, թե քանոնի մոտ կին է նստած, ոչ թե տղամարդ։
«Էն ժամանակ կա՛մ ասում էինք Բելլա Դարբինյանն է երգելու, գնանք անպայման, կա՛մ էլ Խաչիկն է նվագելու, երեկոյան լսելու բան ունենք»,- մաեստրո Մարտին Վարդազարյանն այսպես է հիշում քանոնահար ու կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանին։
Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։
1958 թվականից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում՝ որպես երաժշտական ղեկավար։
«Գործիքավորման մեջ բազմազանություն մտավ, հետաքրքրություն մտավ»,- մաեստրո Ռուբեն Մաթևոսյանն այսպես է հիշում այն տարիները, երբ, իր բառերով, Խաչիկն էր ղեկավաում անսամբլը։
Նա գրում էր նաև երաժշտություն կինոնկարների համար, ինչպես օրինակ՝ «Խաթաբալա»-ում, իսկ «Սայաթ-Նովա» ֆիլմում հենց նա է նվագում՝ Կուր գետի ափին նստած։
«15 րոպեն քիչ է», բայց այդ ընթացքում մաեստորներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը հասցնում են խոսել թևավոր երգեր ստեղծած Խաչիկ Ավետիսյանի մասին։