Թուրքական էքսպանսիան՝ Հայաստան-Վրաստան տեսակամրջի քննարկման թեմա


Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն տնտեսական գործընկերներին դիվերսիֆիկացնելու մասին, հայ և վրացի փորձագետները արձանագրել են առցանց քննարկման ժամանակ։ Ինչպե՞ս բացառել Հայաստանի նկատմամբ թուրքական տնտեսական էքսպանսիան՝ հաշվի առնելով Վրաստանի փորձը։
Թուրքական ներդրումները Վրաստանի տարածքում և հատկապես Աջարիայում մտահոգությունների առիթ են տալիս , ասում է ահաբեկչության և քաղաքական բռնության ուսումնասիրության վրացական կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան՝ նշելով, որ Բաթումում այսօր փողոցներ կան, որտեղ բացառապես թուրքական խոսք է լսվում, վրացերեն գրությունները բացակայում են։ Ասում է՝ հասկանում են Հայաստանում մտահոգությունները։
«Չէի ասի, թե նրանց համար հատուկ է ընտրված Աջարիան․ առաջին հերթին դա կապված է աշխարհագրական դիրքի հետ, բայց ոչ մի դեպքում չպետք է բացառենք նաև քաղաքական որոշակի հետաքրքրությունները»։
Այն որ վրացական շուկան ողողված է հիմնականում թուրքական ապրանքով, բազմիցս բարձրաձայնել են մասնագետները՝ նշելով, որ Վրաստանը պատրաստ չէր դրան․ «կործանվել է վրացական գյուղն ու գյուղատնտեսությունը», Վրաստանի գյուղմթերքի գրեթե 80 տոկոսը ներմուծվում է Թուրքիայից։
Ըստ վրացի փորձագետի, վրաստանյան այս իրավիճակն անընդունելի է, անգամ եթե հիմնական ներդրողը Վրաստանի ռազմավարական գործընկերն է։ Կառավարությունից է կախված ներդրումների դիվերսիֆիկացումը։ Այս ուղղությամբ, ըստ նրա, Վրաստանն աշխատում է․
«Հայաստանն այս հարցում ի տարբերություն Վրաստանի ավելի մեծ հնարավորություններ և պայմաններ ունի՝ հզոր սփյուռք ողջ աշխարհում։ Բացի այդ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացիա ապահովել նաև իր ռազմավարական գործընկեր Ռուսատանի միջոցով։ Խելացի հայ ժողովուրդը, իշխանությունները կարող են ուղիներ գտնել, պահել հավասարակշռությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև»։
Բադրի Նաչկեբիան այս համատեքստում Վրաստանի համար կարևորեում է նաև Ռուսատանի հետ հարաբերությունների բարելավումը և կարծում, որ այդ հարցում Հայաստանը կարող է օգնել։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատում է՝ 21-րդ դարում բոլորն ունեն հնարավորություն և իրավունք շփվելու, տնտեսական հարաբերություններ հաստատելու, սակայն Հայաստանն ու Վրաստանը պետք է առաջնորդվեն ազգային հայեցակարգով։
Երկու հարևանների համար, ըստ նրա, գոյություն ունեն ընդհանուր տնտեսական անվտանգության սպառնալիքներ՝ ժողովրդագրական, էներգետիկ և այլն։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին՝ Մանասերյանը ընդգծում է՝ հայ հասարակությունը պատրաստ չէ դրան։ Տնտեսական առումով, ըստ տնտեսագետի, հարցը վերաբերում է տեղական արտադրանքը չկորցնելուն։ Թուրքիան մրցակցային առավելություն ունի։
Նա կարծում է, որ Երևանը պետք է տնտեսական դիվանագիտության քաղաքականություն վարի։ Իսկ երկու երկրների միջև համագործակցության հաստատումը պետք է հավասար դիրքերից սկսվի, որն այսօր չկա։
«Մենք, իհարկե, պետք է դիվերսիֆակացնենք ներդրումների աղբյուրները, պետք է նաև դիտարկենք մեզ հետ համագործակցության հետաքրքրություն ցուցաբերողներին՝ Չինաստանին, Իրանին, Հնդկաստանին․․․»։
Տեսակամրջի ընթացքում Մանասերյանը կոչ արեց հայ և վրաց փորձագիտական շրջանակներին տարածաշրջանում լիովին ինտեգրվելու համար մշակել համատեղ գործողությունների ծրագիր, որը կնախանշի նաև տնտեսական անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի ուղիները։