Սփյուռքի ձայնը

Բնությունը սիրելը Հայաստանը սիրելու մի մասն է․ «Սփյուռքի ձայնը»

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչությունում է իր հմտությունները, գործնական գիտելիքները կիրառում ԱՄՆ-ից Հայաստանում գտնվող «Ի գործ» ծրագրի մասնակից Տաթևիկ Մանուչարյանը։ Նա 16 տարեկանում է Հայաստանից մեկնել ԱՄՆ, բարձրագույն կրթություն ստացել ու հետո շարունակել կրթությունը Նիդեռլանդներում։

Ի՞նչ գործառույթ ունի Տաթևիկ Մանուչարյանն այս գերատեսչությունում և ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանում շրջակա միջավայրի հանդեպ մարդու և պետության վերաբերմունքը։ Իր մտորումներով, տեսածով ու մտահոգություններով կիսվում է մեր ծրագրին հյուրընկալված Տաթևիկ Մանուչարյանը։

Տաթևիկ Մանուչարյանը, որը մոտ կես տարի է աշխատում է այս գերատեսչությունում, նշում է, որ քաղաքականություն են մշակում քարոզչության, իրազեկման առումով։

«Պետք է սկսել աշխատանքները փոքր տարիքից։ Երեխաներին պետք է սովորեցնել՝ շփվել շրջակա միջավայրի, բնության հետ։ Օրինակ ԱՄՆ-ում մարդն է առավել շատ մտահոգված կլիմայական և նմանատիպ խնդիրներով, Նիդեռլանդներում՝ պետությունը։ Իսկ ահա Հայաստանում բացը երկկողմանի է։ Պետք է երկու ուղղությամբ էլ աշխատանքներ տանել»,- ասում է Տաթևիկը։

Զրուցակիցս նաև մարզեր է այցելել։ Նշում է, որ մարզերում ևս շատ խնդիրներ կան, սակայն դրանք առավել են Երևանում։ Տաթևիկ Մանուչարյանն անդրադարձավ նաև Սևանա լճի խնդրին։ Նշում է, որ միջազգային փորձը ցույց է տվել, որ ծաղկումը կանխելու համար անհրաժեշտ է իրազեկում, սրտացավություն և ամենակարևորը՝ համապատասխան մաքրման կայանների տեղադրում։

ԱՄՆ-ում հաստատված Տաթևիկ Մանուչարյանն իր օրինակով վարակում է ԱՄՆ-ի իր մտերիմներին։ Վստահ է նաև, որ «Ի գործ» ծրագիրը խթան կդառնա երկկողմանի կարևոր համագործակցության համար։ Այն է՝ փորձի փոխանակում, միմյանց ճանաչելն ու, իհարկե, գործնական գիտելիքներով կիսվելը։

Եվ քանի որ ողջ հանրապետությունում շրջակա միջավայրի ու բնության պահպանման ու մաքրման հարցերը կարևորվում են իրազեկման շնորհիվ, մայիս 8-ին նաև Տաթևիկի մասնակցությամբ տեղի կունենա համահայկական մաքրապատում՝ յուրաքանչյուրի ներգրավվածությամբ։

Back to top button