Վերնատուն

«Լույսով նկարելու» արվեստը․ «Վերնատուն»

Միրզոյան գրադարանում բացվելու է արվեստագետ, լուսանկարիչ Ալեք Բայանդուրյան Լևասգանիի «Հիշողության պատառիկներ» վերնագրով կոլաժային ցուցահանդեսը։ «Լուսանկարչական թափոնից» կազմված կոլաժները ինչ-որ իմաստով տուրք է անալոգային լուսանկարչությանն ու տպագրությանը։

Խոսելով առաջիկա ցուցահանդեսի և անալոգային լուսանկարչության գրավչության ու առանձնահատկությունների մասին՝ Ալեքը մեկնաբանում է․ «Լուսանկարչությունը լույսով նկարելու արվեստ է։ Երբ ես մտնում եմ լուսանկարչական լաբարատորիա՝ մութ սենյակը, կարմիր լույսը միացնում եմ, կարող եմ ժամեր անցկացնել այնտեղ՝ մոռանալով կյանքի դժվարությունների մասին։ Դա մեդիտացիայի ձև է»։

Արվեստագետը պատմում է, որ անալոգային լուսանկարչությունը հնարավություն է լուսանկարը մի քանի անգամ վերապրելու․ այն սկսվում է նկարը մութ սենյակում երևակելիս, հետո կարող ես բազմիցս վերադառնալ այդ նկարին՝ մտածելով, նորից վերատպելով այն։

Արդյո՞ք «հնացած» ու ժամանակատար չէ այդ մեթոդով աշխատանքը։ Ալեքն ասում է՝ ոչ թե հնացած է, այլ թանկ հաճույք։ Մեր ժամանակներում այս լուսանկարչությունը հաղորդակցության միջոց չէ, այն դարձել է պոեզիայի ժանր․ «Դա երկար ու հաճելի պրոցես է ու գաղտնիք ունի իր մեջ։ Անալոգային լուսանկարչությունը լուսանկարչական պոեզիա է»։

Արվեստագետի հերոսները հիմնականում մերկ կանայք են։ «Երբ ես մերկ եմ նկարում, ես չեմ նկարում մարմինը, մարմինն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, մերկությունն ինձ համար բացության նշան է։ Ամբողջ հունական դիցաբանության մեջ աստվածները մերկ էին, չէ՞։ Նկարելու պահը ինձ ավելի քիչ է հետաքրքիր, ինձ հետաքրքրում է հետագա ընթացքը։ Լուսանկարչությունը միշտ չէ, որ վավերացնում է, այն շատ հաճախ խաբկանք է ստեղծում», – մեկնաբանում է արվեստագետը։

Back to top button