Սփյուռքի ձայնը

Սփյուռքի երիտասարդ դեսպանները իրենց երկրներում փորձում են հայամետ գործունեություն ծավալել․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչ ծրագրերով առաջիկայում կգան Հայաստան Սփյուռքի երիտասարդ դեսպանները, ի՞նչ սպասելիքներ ունեն հայաստանյան հանդիպումից և ի՞նչ են նախատեսում անել համատեղ։

Այսօր կանդրադառնանք Ուկրաինայի և Բելառուսի համայնքների երիտասարդ դեսպաններին ու նրանց նախաձեռնություններին։ Բելառուսից մեզ կմիանա Կարեն Մուրադյանը, իսկ Ուկրաինայից ՝ Լիլիթ Բեգլարյանը։

Կարեն Մուրադյան

Բելառուսից Կարեն Մուրադյանը, որը 20 տարի առաջ է հայտնվել Բելառուսում, կրթություն, մասնագիտություն ստացել է այդ երկրում։ Այսօր նա աշխատում է Բելառուսի տնտեսագիտական համալսարանում։ Դասավանդում է։ «Տարբեր երկրների ու քաղաքների երիտասարդներից շատ բան սովորեցի ու կիրառում ենք արդեն Բելառուսում։ Նախ․ աշխատանքները փոքրերի հետ, հետո նաև տարբեր համալսարաններում «հայկական համայնքներ» հիմնելը։ Հայ երիտասարդները Բելառուսում շատ ակտիվ են»,- սեպտեմբերին մեկնարկած «Սփյուռքի դեսպաններ» ծրագրի իր մասնակցության մասին է պատմում Կարեն Մուրադյանը։ Ընդհանրապես, հայ համայնքների հետ պետք է ավելի շատ աշխատել, քանր որ մեր նպատակը մեկն է՝ սփյուռքին բերել Հայաստան։

Կարեն Մուրադյանը նշում է, որ անկախ բոլոր հայտարարություններից և հնչող տեսակետներից (խոսքը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի` Հայաստանի մասին վերջին հայտարարության մասին է), բելառուսները դրական են տրամադրված հայերի նկատմամբ։

Լիլիթ Բեգլարյանը՝ Ուկրաինայից, նշում է, որ արդեն աշխատանքներ են սկսվել Հայաստանում խոշոր ծրագրեր իրականացնելու համար Սփյուռքի երիտասարդ դեսպանների մասնակցությամբ։ Խոսքը «Արմաթ» լաբորատորիայի մասին է։ Հանդիպում-քննարկումներ են կազմակերպվում նաև ուկրաինահայերի և ուկրաինացիների հետ՝ Հայաստանում ներդրումներ անելու համար։ «Սփյուռքի երիտասարդ դեսպանների նախաձեռնությամբ և համայնքների ակտիվ մասնակցությամբ կիրականացնենք միջոցառումներ, որոնցում հավաքված ողջ գումարը կուղղվի լաբորատորիայի գործարկմանը։ Արդեն աշխատանքները սկսված են»,- ասում է Լիլիթը։

Նա իրավաբան է, նկատում է, որ իրենց գործերից մեկը ուկրաինահայ և ուկրաինացի գործարարներին Հայաստանում ստեղծվող աշխատանքներին ներգրավելն է։ «Առաջիկայում կծանոթանանք հայ ստարտափերների հետ, հույս ունենք` կլինի համագործակցությունը, նաև ֆինանսական տեսքով»։

Այսօր Հայաստանի մասին Ուկրաինայում տեղեկատվությունը շատ քիչ է, շատերն էլ Հայաստանն ընդունում են որպես թշնամի պետություն։ Պետք է փոխել ուղղությունը և նպաստել մեր երկու երկրներին` իրական կողմերը ներկայացնելով, վստահ է Լիլիթը։

Back to top button